Encyclopedia

Հայկական դիցաբանություն

Հայկական դիցաբանությունը հին հայերի հեթանոսական կրոնն է, որը պաշտոնական էր համարվում Հայաստանում մինչև 301 թվականը, երբ ընդունվեց քրիստոնեությունը:

Աստվածներ

Հայոց հեթանոս աստվածների առաջին դիցարանը ձևավորվել է հայ ժողովրդի կազմավորմանը զուգընթաց՝ կրոնապաշտամունքային հավատալիքների (տոտեմիզմ, ոգեպաշտություն, բնապաշտություն, հմայական մոգություն) ազդեցությամբ:
 
Հնագույն գրավոր աղբյուրներում պահպանվել են տեղեկություններ հայոց առաջին պետական կազմավորումներում գոյություն ունեցած պաշտամունքային երևույթների մասին: Հայկական լեռնաշխարհում վկայված առաջին պետական կազմավորման`   Արատտայի (մ. թ. ա. XXVIII–XXVII դարեր) հովանավորը արարչագործ Հայա աստծու որդի Դումուզին էր (շումերերեն է. նշանակում է հարազատ որդի), որի անունը Աստվածաշնչի թարգմանություններում փոխարինված է Օրիոն-Հայկով:
 
Հայասա երկրի (մ. թ. ա. XV–XIII դարեր) աստվածները հիշատակվում են խեթա-հայասական պայմանագրում, որտեղ վերծանվել է 12 աստծու անուն: Հայասայի դիցարանը ղեկավարել է գերագույն եռյակը. առաջինը ռազմի աստվածությունն էր, երկրորդը՝ մայր աստվածուհին, իսկ երրորդի անունը չի պահպանվել:
 
Վանի թագավորության (Բիաինիլի, Ուրարտու, Արարատ) դիցարանը հիշատակվում է Մհերի դռան արձանագրության մեջ: Այն կազմված է եղել 70 աստվածությունից՝ 35 իգական և 35 արական (ամեն աստված ուներ իր նշանը), և շուրջ 100 սրբություններից: Դիցարանը գլխավորել է գերագույն եռյակը՝ Խալդի, Թեյշեբա, Շիվինի: Երկրպագել են նաև դաշտերի, լեռների, ծովերի և այլ աստվածությունների:
 
Հետբիաինական դարաշրջանում ազգակից աստվածներից ձևավորվել է նոր պանթեոն, որը նույնությամբ պահպանվել է մինչև քրիստոնեության ընդունումը: Հայոց դիցարանի բնորոշ առանձնահատկությունը միակենտրոնությունն է, չկան չար կամ չարագործ աստվածներ, մեծարվել են լույսը, բարին, ընտանեկան օջախը, գիտությունները:
 
Հայոց դիցարանը ղեկավարում է գերագույն եռյակը՝ Արամազդը՝ աստվածների հայրը, երկնքի ու երկրի արարիչը, լիություն, բարություն և արիություն պարգևողը (պաշտամունքային գլխավոր կենտրոնը եղել է Դարանաղյաց գավառի Անի ամրոցը), Անահիտը՝ արգասավորության, պտղաբերության մայր դիցուհին (գլխավոր կենտրոններն էին Եկեղյաց գավառի Երիզա/Երզնկա ավանը, Արտաշատը), Վահագնը՝ պատերազմի, քաջության և հաղթանակի աստվածը (գլխավոր մեհյանը Աշտիշատում էր. կոչվել է Վահեվանյան): Գլխավոր աստվածություններից է Աստղիկը՝ սիրո և գեղեցկության, երկնային լույսի և ջրի դիցուհին:
 
Հայոց դիցարանի ազդեցիկ դիցուհիներից է Արամազդի դուստրը՝ Նանեն՝ ընտանիքի պահապանը, իմաստնության, ողջախոհության և ռազմի աստվածուհին: Նանեի պաշտամունքը սերտորեն կապված էր Անահիտի պաշտամունքի հետ: Նանեի տաճարը Եկեղյաց գավառի Թիլ ավանում էր՝ Անահիտի տաճարի մոտակայքում: Հիմա էլ հաճախ մեծ մորը՝ տատին, ասում են նաև նանե, նան, որը վկայում է Նանե դիցուհու՝ մարդաստվածության հետ կապի և ժողովրդի մեջ նրա անվան ու պաշտամունքի տարածվածության մասին:
 
Արեգակի, կրակի ու լույսի, մաքրության ու ճշմարտության աստվածը Արեգ-Միհրն է: Ըստ հայոց հին հավատքի՝ Արեգակի սրտում ապրում են 365 սրբեր, որոնցից յուրաքանչյուրը տարվա 1 օրվա տերն է. վկայակոչվում են չարը խափանելու նպատակով: Միհրի գլխավոր տաճարը Դերջան գավառի Բագառիճ ավանում էր: Նրան է նվիրված նաև Գառնիի հեթանոսական տաճարը: Միհրի անունից է ծագել հայոց հեթանոսական սրբավայրերին տրվող ընդհանուր՝ մեհյան անվանումը, ինչպես նաև բազմաթիվ հայկական և օտար անձնանուններ՝ Միհրան, Միհրդատ, Միհրներսեհ, Մեհրուժան և այլն: Միհրի աստվածության հետագա վիպական մարմնավորումները «Սասնա ծռեր» էպոսի Մեծ և Փոքր Մհերներն են:
 
Դպրության, պերճախոսության, գիտությունների և ուսման, արվեստների հովանավոր աստվածը Տիրն է՝ Արամազդի ատենադպիրն ու սուրհանդակը: Համարվել է մարդկանց ճակատագրերի գուշակն ու երազների մեկնիչը, նրանց չար ու բարի գործերի գրառողը: Նրան նվիրված գլխավոր տաճարը հին Արտաշատի մերձակայքում էր՝ Երազամույն վայրում, և կոչվել է Արամազդի գրչի դիվան կամ գիտությունների ուսուցման մեհյան: Տիրին անվանել են նաև Երազացույց ու Երազահան: Տիր աստծու անունից են ծագել մի շարք անձնանուններ (Տիրան, Տիրատուր, Տիրայր, Տրդատ) և տեղանուններ (Տիրինկատար լեռը, Տիրակատար քաղաքը, Տրե և Տիրառիջ գյուղերը), ծիածանի՝ Տիրական կամ Տրական գոտի անվանումը և այլն:
 
Վանատուրը հին հայերի դիցարանում հյուրընկալության աստվածն է՝ պանդուխտների, օտար ճամփորդների հովանավորը, նրանց ապաստան ու օթևան տվողը: Վանատուրի տոնը նշել են հին հայոց տարեգլխի՝ Ամանորի առաջին օրը, որի համար հաճախ նրան անվանել են նաև Ամանորի դից, նույնացրել Նոր տարին անձնավորող Ամանոր աստծու հետ:
 
Հայկական դիցարանում անդրաշխարհի աստվածը Սպանդարամետն է, պաշտվել են նաև Անգեղ (Ներգալ), Դեմմետր, Գիսանե, Բարշամ և այլ աստվածություններ:
 
Հելլենական մշակույթի տարածումից հետո հայ հեթանոս աստվածները նույնացվել են հունական համապատասխան աստվածների հետ՝ Արամազդը՝ Զևսի, Անահիտը՝ Արտեմիսի, Միհրը՝ Հելիոսի, Վահագնը՝ Հերակլեսի, Տիրը՝ Ապոլլոնի (նաև Հերմեսի), Աստղիկը՝ Աֆրոդիտեի, Նանեն՝ Աթենասի, և այլն՝ պահպանելով, սակայն, իրենց ազգային, պաշտամունքային ինքնատիպ հատկանիշները: Հեթանոս հայերն իրենց աստվածներին նվիրել են հատուկ տոներ, նրանց համար կառուցել տաճարներ, մեհյաններ, նվիրատվություններ արել, կենդանիներ զոհաբերել: Նրանց անուններով են կոչել հայ հեթանոսական տոմարի ամիսները, օրերը, տեղանուններ, անձնանուններ և այլն:
 
Հայաստանում քրիստոնեության տարածման շրջանում ոչնչացվել են հեթանոս աստվածներին նվիրված արձաններն ու քանդակները, մեհենական արժեքները, ինչպես նաև տաճարները, բագինները. պահպանվել են միայն Անահիտի պղնձաձույլ արձանի գլուխն ու նրա պատկերով մի մեդալիոն, Գառնիի հեթանոսական տաճարը: Վերջին տարիներին մի շարք հնավայրերի պեղումների ժամանակ հայտնաբերվել են հեթանոսական մշակույթի նորանոր արժեքներ, հեթանոս աստվածներին նվիրված տարբեր իրեր:
 
Քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակելուց հետո հեթանոս աստվածներին նվիրված որոշ սովորույթների, պաշտամունքային տարրերի քրիստոնեական շունչ է հաղորդվել՝ կապելով Հայ եկեղեցու տարբեր տոների կամ արարողությունների հետ:
 
Հայկական դիցարանին վերաբերող բացառիկ ու արժեքավոր տեղեկություններ են պահպանվել Ագաթանգեղոսի, Մովսես Խորենացիի, Զենոբ Գլակի, Փավստոս Բուզանդի և այլ հայ ու օտար (Ստրաբոն, Պլուտարքոս և ուրիշներ) պատմիչների ու հեղինակների աշխատություններում: Հայ ժողովրդի հնագույն հավատքի մասին պատկերացում է տալիս նաև «Սասնա ծռեր» էպոսը: Հայոց նախաքրիստոնեական կրոնի ուսումնասիրության առումով մեծ արժեք ունի Հայոց տոմարը:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.