Encyclopedia

Միհր

Միհրը հայոց դիցարանում եղել է Արևի աստվածը: Նրան նվիրված տաճարը գտնվել է պատմական Հայաստանի Դերջան գավառի Բագահառիճ գյուղում:

 

Երկնային լույսի և արեգակի աստվածն էր լուսաճաճանչ Միհրը՝ Արամազդի մյուս որդին, Անահիտի և Նանեի եղբայրը։ Նրա գլխավոր տաճարը գտնվում էր Դերջան գավառի Բագահառիճ գյուղում։ Միհրին էր նվիրված նաև Գառնիի հեթանոսական տաճարը։
 
Միհրի պաշտամունքը լայն տարածում ուներ հին Հայաստանում։ Հին հայկական օրացույցի յուրաքանչյուր ամսի 8-րդ օրը կոչվում էր նրա անունով՝ Միհր, իսկ յոթերորդ ամիսը, որ համապատասխանում է այժմյան փետրվար ամսին, դարձյալ կոչվում էր նրա անունով՝ Մեհեկան։ Միհրի անունից են ծագում նաև հին հայոց հեթանոսական սրբավայրերի ընդհանուր կոչումը՝ մեհյան։
 
Միհրի անունն ու արարքների հիշատակը որոշ ձևափոխումներով պահպանվել են «Սասնա ծռեր» հերոսավեպում, հանձին Մեծ և Փոքր Մհերի անունների և վեպերի։
 
Ըստ «Սասնա ծռերի»՝ Մեծ Մհերը ծովածին Սանասարի որդին է։ Նա տակավին 15 տարեկան պատանի էր, երբ Սասունում սով ու թանկություն է ընկնում։ Պարզվում է, որ Սասնա լեռներում մի ամեհի առյուծ է լույս ընկել, փակել Սասուն տանող բոլոր ճանապարհները, անցնող–դարձողներին հոշոտում է, չի թողնում հաց կամ որևէ ապրանք մտնի Սասուն։
 
Մհերն իմանալով հացի պակասության և թանկության պատճառը, հաջորդ իսկ օրը գնում է առյուծի դեմ կռվելու։ Առյուծը որ տեսնում է Մհերին, գազազած գալիս է ընդառաջ, պոչը գետին է խփում, փոշու ամպեր բարձրացնում։ Մհերը, երբ ուղեկիցներից իմանում է, որ եկողը առյուծն է, անզեն գնում է նրա դեմ, գոտեմարտի է բռնվում առյուծի հետ, կանչում իր պապենական երդումը՝ «Հացն ու գինին, տեր կենդանին», մի ձեռը գցում է առյուծի վերին ծնոտից, մյուսը՝ ներքինից, քաշում ճղում է առյուծին, անում երկու կես, կեսը դնում ճամփի մի կողմը, մյուս կեսը՝ մյուս կողմը, վերադառնում Սասուն։ Այդ օրվանից նրան կոչում են Առյուծաձև1 Մհեր։
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.