Encyclopedia

Արամազդ

Արամազդ, Հին Հայաստանի գերագույն աստված՝ երկնքի ու երկրի արարիչը, բոլոր աստվածների հայրը։ Նա կոչվում էր «Մեծ և արի Արամազդ», որի գլխավոր սրբավայրը գտնվում էր Հին Հայաստանի պաշտամունքային կենտրոններից մեկում՝ Անի-Կամախում։ Այնտեղ էին գտնվում հայոց Արշակունի թագավորների տոհմական դամբարաններն ու գանձերը։ Համապատասխանում է իրանական Ահուրամազդային և հունական Զևսին։

 

Ընդհանուր բնութագիր
 
Ինչպես վկայում են Ագաթանգեղոսի և Մովսես Խորենացու պատմությունները, Հայաստանում պանթեոնի գլուխ կանգնած էր Արամազդը, իբրև գերագույն աստված, ով ըստ դիցաբանության բոլոր աստվածների հայրն էր, երկնքի և երկրի արարիչը:
 
 
Սովորաբար, երբ մեր նախնիները հեթանոսական այս աստծուն հիշատակում են որպես հունական աստված, նրան կոչում են «Դիոս»: Այս անունը մոտ է բուն «Աստված» նշանակող հունարեն «Թեոս» և լատիներեն «Դեուս» անվանումներին: Երբեմն այդ մասին են վկայում կատարված թարգմանությունները: Սկզբնական շրջանում հայերը համակարծիք էին պարսկական կրոնական հավատալիքներին, սակայն երբ ընդունեցին հունական աստվածներին, պատկերացումներն էլ խառնվեցին ու հելլենացան: Արամազդի անունից պարզ երևում է, որ նա համապատասխանում է իրանական «Ահուրա Մազդա»-յին: Սակայն Արամազդը չի նույնանում «Ահուրա Մազդա»-յի հետ: Բարի բնություն ունենալով հանդերձ, Արամազդը կարող էր նաև պատժել: Այստեղ չենք տեսնում իրանական կրոնին հատուկ՝ չար և բարի աստվածների երկվությունը, քանի որ Ահուրա Մազդայի հակոտնյա՝ չարի աստված «Ահրիման»-ը կամ նրա զուգահեռը հայերի կողմից չէր պաշտվում:
 
Պաշտամունք
 
Արամազդի գլխավոր մեհյանը գտնվում էր Մեծ Հայքի Բարձր Հայքի Դարանաղյաց գավառում՝ Երզնկայի մոտ գտնվող Անի ամրոցում, ուր գտնվում էին նաև հայոց Արշակունի թագավորների դամբարաններն ու գանձերը: Արտաշես Ա-ն հույների այդ ամենամեծ աստծո շքեղ կերպարանքը՝ «Օլիմպիական պատկերը», այսինքն՝ իր գերագույն գահի՝ Օլիմպոսի վրայից հսկաներին շանթահար անելիս քանդակված, իսկական արիությամբ իջեցրեց և ուղարկեց Հայաստան: Նրա որդին՝ Տիգրանը, այն կանգնեցրեց Անիում, մինչդեռ մյուս աստվածներին սփռեց այլ տեղերում և քուրմերին էլ նշանակեց որպես իրենց դիցահոր պաշտամունքավար: Արամազդին նվիրված տաճարներ եղել են Վասպուրականի Անձևացյաց գավառում: Հայաստանում Արամազդի մեհյան այլևս ոչ մի վայրում չի հիշատակվում, բացառությամբ Արամազդի տան, որ գտնվում էր Պաշատ լեռան մոտ:
 
Ընտանիք
 
Հին հունական առասպելները իրենց գերագույն աստծուն շատ զավակներ են ընծայում: Մինչդեռ, մեր դիցաբանության մեջ հայտնի են ընդամենը Արամազդի մի որդին՝ Միհրը և երկու դիցուհիները՝ Անահիտն ու Նանեն: Հեթանոսական մյուս աստվածների ծնողները չեն հիշատակվում և ենթադրվում է, որ նրանք էլ լինեն Արամազդի զավակները: Իսկ աստվածների մայրը կամ Արամազդի կինը բնավ չի հիշատակվում:
 
Այլ
 
Արամազդը բնութագրվում էր «մեծ» և «արի» մակդիրներով և համարվում էր «արարիչ երկնի և երկրի», «հայր դիցն ամենայնի», այսինքն՝ բոլոր աստվածների հայր, լիություն և պարարտություն պարգևող: Արամազդի պատվին տոնը կատարվում էր Ամանորին (Նավասարդ), երբ տեղի էին ունենում նավասարդյան խաղերը: Արամազդին զոհաբերում էին սպիտակաթույր կենդանիներ (ցուլ, նոխազ, ձի, ջորի): Արամազդ կոչվել է հայոց հեթանոսական տոմարի ամիսների 15-րդ օրը:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.