Encyclopedia

Հայաստան

Պետական կարգը՝ հանրապետություն
Մայրաքաղաքը՝ Երևան
Տարածքը՝ 29,8 հզ. կմ քռ (4,7 %-ը՝ ջրային)
Բնակչությունը՝ 3,219 մլն
Պետական լեզուն՝ հայերեն
Դրամական միավորը՝ դրամ

Հայաստանը (պաշտոնական անվանումը՝ Հայաստանի Հանրապետություն) ցամաքային պետություն է Անդրկովկասում։ Աշխարհագրորեն գտնվում է հյուսիսարևմտյան Ասիայում, սակայն մշակութային և քաղաքական նկատառումներով հաճախ համարվում է եվրոպական երկիր։ Հյուսիսից սահմանակից է Վրաստանին, արևելքից՝ Ադրբեջանին, հարավարևելքից՝ Լեռնային Ղարաբաղին, հարավից՝ Իրանին, հարավարևմուտքից՝ Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը և արևմուտքից՝ Թուրքիային։

Հայաստանը հնագույն պատմական մշակութային ժառանգությամբ ունիտար բազմակուսակցական ժողովրդավարական ազգային պետություն է: Հայաստանի թագավորությունը 4–րդ դարի սկզբներին՝ մ.թ. 301 թ. առաջին պետությունն էր, որ քրիստոնեությունը ընդունեց որպես պետական կրոն: Ժամանակակից Հայաստանի Հանրապետությունը Հայ Առաքելական Եկեղեցին՝ աշխարհի հնագույն ազգային եկեղեցին, ճանաչում է որպես երկրի հիմնական կրոնական հաստատություն: Հայերը ունեն ուրույն այբուբեն, որը ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը մ.թ. 405 թ.:
Մինչև 20-րդ դարի սկիզբը Հայաստան անվանումը վերաբերում էր ողջ Հայկական լեռնաշխարհին, որը ձգվում է Եփրատ գետի և Տիգրիս գետի ավազանից մինչև Փոքր Կովկասը արևելյան մասը։
 
1915 թ. Հայոց ցեղասպանությունից, սպանվել և տեղահանվել Հայաստանի արևմտյան մասի բնիկ ազգաբնակչությունը, իսկ արևլյան մասը 1918 թ. ձեռք է բերել կարճատև անկախություն։ Վերանկախացել է որպես Հայաստանի Հանրապետություն 1991 թ. սեպտեմբերի 21-ին անցկացված հանրաքվեի արդյունքում, մինչ այդ այն մտնում էր Խորհրդային Միության կազմի մեջ որպես վերջինիս 15 հանրապետություններից (տես Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն)։ Պատմական Հայաստանի մեկ այլ շրջան՝ Արցախը ուներ ինքնավար մարզի կարգավիճակ Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում, նույնպես իրեն անկախ է հռչակել նույն թվականի դեկտեմբերի 10-ին, սակայն ի տարբերություն Հայաստանի Հանրապետության միջազգային ճանաչում չունի։
ՀՀ Սահմանադրությունն ընդունվել է 1995 թվականի հուլիսի 5-ին և փոփոխվել է 2005 թվականի նոյեմբերի 27-ին համապետական հանրաքվեով։ Ըստ այս օրենքի՝ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետություն է: Հայաստանը ՄԱԿ-ի, ԱՊՀ-ի, Եվրախորհրդի, ԱՀԿ-ի և 40-ից ավել այլ միջազգային կազմակերպությունների անդամ է։
 
ՀՀ խորհրդանիշները
 
Դրոշը
Հայաստանի Հանրապետության դրոշը կարմիր, կապույտ, ծիրանագույն (վերևից ներքև), հավասարաչափ հորիզոնական շերտերով ուղղանկյուն պաստառ է`   լայնքի և երկայնքի 1 : 2 հարաբերակցությամբ: Այն չափերով և գույներով Հայաստանի առաջին Հանրապետության (1918-1920 թթ) դրոշի կրկնությունն է։ Կարմիր գույնը խորհրդանշում է անկախության համար հայ ժողովրդի թափած արյունը, կապույտ գույնը՝ Հայաստանի երկինքը, ծիրանագույնը՝ ժողովրդի ստեղծարար աշխատանքը։
 
Զինանշանը
Հայաստանի Հանրապետության զինանշանի կենտրոնական մասում`   վահանի վրա, պատկերված են հայկական չորս թագավորական տոհմերի`   Արտաշեսյանների, Արշակունիների, Բագրատունիների և Ռուբինյանների (Կիլիկյան թագավորություն) զինանշանները։ Դրանք բոլորում են բիբլիական Արարատ լեռան պատկերը, որի գագաթին ուրվագծվում է Նոյյան տապանը։
Վահանի երկու կողմից պատկերված են առյուծ և արծիվ, որոնք խորհրդանշում են ոգու, իշխանության, աննկունության և արիության ուժը։ Ներքևում պատկերված սուրը խորհրդանշում է հայ ժողովրդի պայքարը հանուն ազատության և անկախության, փետուրն ու հասկերը`   հայ ժողովրդի ստեղծարար տաղանդը և խաղաղասիրությունը։
Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի մասին օրենքն ընդունվել է Հայաստանի Գերագույն Խորհրդի կողմից 1992 թ. ապրիլի 19-ին։ 2006 թ. հունիսի 15-ին ընդունվել է «ՀՀ զինանշանի մասին» նոր օրենքը Ազգային ժողովից։ Հայաստանի զինանշանի հեղինակներն են նկարիչ Հակոբ Կոջոյանը և Ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը։
 
Ազգային օրհներգը
Հայաստանի Հանրապետության ազգային օրհներգը ընդունվել է 1991 թվականի հուլիսի 1-ին և հիմնված է Առաջին Հանրապետության օրհներգի վրա՝ տեքստի չնչին փոփոխությունենրով։ Հիմնի տեքստը մշակվել է Միքայել Նալբանդյանի կողմից գրված Իտալացի աղջկա երգը բանաստեղծությունից, երաժշտության հեղինակն է Բարսեղ Կանաչյան։

Աշխարհագրություն
Հայաստանը գտնվում է Անդրկովկասում`   Սև ծովի և Կասպից ծովի միջև, սակայն չունի ելք դեպի ծով։ Այն հյուսիսից սահմանակից է Վրաստանի, արևելքից`   ԼՂՀ-ի, և Ադրբեջանի հետ, հարավից`   Իրանի, իսկ արևմուտքից`   Թուրքիայի հետ։

Հայաստանը լեռնային երկիր է։ Տարածքի 76.5%-ը գտնվում է ծովի մակերևույթից 1.000-2.500 մ բարձրության վրա: Լեռնաշղթաները գրավում են մոտ 14 հզ. քառակուսի կմ կամ երկրի ընդհանուր մակերեսի 47%, բարձրավանդակները կազմում են երկրի մակերեսի ավելի քան մեկ երրորդը կամ շուրջ 11 հզ. կմ²։ Ամենաբարձր կետը Արագած լեռն է`   4.090 մետր, և ամենացածրը՝ Դեբեդ գետի ստորին հոսանքի շրջանը`   375մ։ Ամենաերկար ձգվածությունը`   հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք, կազմում է 360 կմ, իսկ արևմուտքից արևելք`   200 կմ։ Երկրի տարածքը կազմում է 29743 քառակուսի կմ, որի 71.3% կազմում են գյուղատնտեսական նշանակության հողերը, 12.4%`   անտառային, 7.7%`   հատուկ պահպանվող տարածքներ և 8.6%`   այլ հողեր։ Բարձր լեռնագագաթներն են`  

  • Կապուտջուղ - 3.906
  • Աժդահակ - 3.598
  • Սպիտակասար - 3.555
  • Իշխանասար - 3.552
  • Վարդենիս - 3.522 և այլն։
Հայաստանի սահմաններում գտնվող ամենամեծ ջրային ավազանը Սևանա լիճն է, որի մակերեսը կազմում է 1263.5 քառակուսի կմ։ ՀՀ-ի ամենաերկար գետերն են`   Արաքս գետը, Ախուրյան գետը, Դեբեդ գետը, Որոտանը, Հրազդան գետը, Աղստևը, Արփա գետը, Քասախը և այլն։
 
Ծայրակետեր
  • Հյուսիս. Տավուշ ( 41°17′N 45°0′E / 41.283°N 45°E)
  • Հարավ. Սյունիք ( 38°49′N 46°10′E / 38.817°N 46.167°E)
  • Արևելք. Սյունիք ( 41°5′N 43°27′E / 41.083°N 43.45°E)
  • Արևմուտք. Շիրակ ( 39°13′N 46°37′E / 39.217°N 46.617°E)
Կլիմա
Ջերմաստիճանը Հայաստանում հիմնականում կապված է բարձրությունից։ Լեռնային հատվածներում հիմնականում Միջերկրական և Սև ծովերից եկած կլիման է, որը ապահովում է սեզոնային մեծ փոփոխություններ։ Հայկական բարձրավանդակում, ձմռան միջին ջերմաստիճանը 0 °C, իսկ ամառային միջինը հասնում է 25 °C-ի։ Տարեկան միջին տեղումները Արաքսի ներքևի մասերում կազմում են 250 մմ, իսկ բարձրադիր մասերում`   800 մմ։ Չնայած ձմեռվա ցրտին, հրաբխային ապարները Հայաստանը դարձրել են գյուղատնտեսությամբ զբաղվող ամենահին տարածքներից մեկը։

Կենդանական աշխարհ

ՀՀ-ում հանդիպող թռչունների ցանկ.
  1. Սուզահավանմաններ (Gaviformes) 2
  2. Սուզականմաններ (Podicipediformes) 5
  3. Հավալուսնանմաններ (Pelecaniformes) 4
  4. Արագիլանմաններ (Ciconiformes) 13
  5. Ֆլամինգոնմաններ (Phoenicopteriformes) 1
  6. Ճուռականմաններ (Falconiformes) 35
  7. Սագանմաններ (Anseriformes) 28
  8. Հավանմաններ (Galiforme) 7
  9. Կռունկանմաներ (Gruiformes) 13
  10. Քարադրանմաններ (Charadriiformes) 62
  11. Աղավնանիամաններ (Columbiformes) 8
  12. Կկվանմաններ (Cuculiformes) 2
  13. Բվանմաններ (Strgiformes) 7
  14. Այծկիթանմաններ (Caprimulgiformes) 1
  15. Մանգաղաթևանմաններ (Apodiformes) 2
  16. Ներկարարանմաններ (Coraciiformes) 5
  17. Փայտփորանմաններ (Piciformes) 8
  18. Ճնճղուկանմաններ (Passeriformes) 146

ՀՀ-ում հանդիպող կաթնասունների ցանկ.

Միջատակերների կարգ (Insectivora)
  1. Ոզնիներ (Erinaceidae) 2
  2. Խլուրդներ (Talpidae) 1
  3. Գետնափորներ (Soricidae) 7
Բազկաթևավորների կարգ (Chiroptera)
  1. Պայտաքիթներ (Rhinolophidae) 5
  2. Հարթաքիթներ (Vespertilionidae) 17
  3. Բուլդոգայիններ (Mollossidae) 1
Կրծողների կարգ (Rodenta)
  1. Նապաստակերպեր (Leporidae) 1
  2. Խոզուկներ (Hystricidae) 1
  3. Նուտրիաներ (Capromyidae) 1
  4. Սկյուռանմաններ (Scinridae) 2
  5. Քնամկներ (Muscardinidae) 2
  6. Ճագարամկներ (Dipodidae) 2
  7. Փոքրամկներ (Zapodidae) 1
  8. Մկնակերպեր (Muridae) 17
  9. Կուրամկներ (Spalacidae) 1
Գիշատիչների կարգ (Carnivora)
  1. Կզաքիսներ (Mustelidae) 5
  2. Արջեր (Ursidae) 2
  3. Բորենիներ (Hyaenidae) 1
  4. Շնազգիներ (Canidae) 3
  5. Կատվազգիներ (Felidae) 6
Զույգսմբակավորների կարգ (Artiodactyla)
  1. Խոզեր (Suidae) 1
  2. Եղջերուներ (Cervidae) 2
  3. Սնամեղջյուրավորներ (Bovidae) 2
ՀՀ-ում հանդիպում են նաև ջրային կրիաների`   2, ցամաքային կրիաների`   1, մողեսների`   26, կույր օձիկների`   1, վիշապների`   1, սահնօձերի`   18, իժերի`   4 տեսակ։ Հայաստանում կան մոտ 17 հզ. տեսակ անողնաշավորներ, որոնց 90 տոկոսը կազմում են միջատները։ Սակայն անողնաշարավորները լավ ուսումնասիրված չեն ՀՀ-ում։ Մեր հանրապետություննում հանդիպում են նաև 8 տեսակ երկկենցաղներ: Հանրապետությունում առանձնապես լայն տարածում ունեն լճագորտը (Rana ridibunda), կանաչ դոդոշը (Bufo viridis)։ Բարձրադիր լեռնատափաստանային գոտիներում հանդիպում է անդրկովկասյան գորտը (Rana macrocnemis), հյուսիսային անտառային գոտում լայն տարածում ունի Շելկովնիկովի ծառագորտը (Hyla arborea shelkovnikovi), իսկ հարավում՝ փոքրասիական ծառագորտը (H. savigni)։ Հանրապետության երկկենցաղների ֆաունայում ծանր վիճակում է գտնվում Անդրկովկասի համար խիստ էնդեմիկ՝ սիրիական սխտորագորտը (Pelobates syriacus), որը կանգնած է անհետացման եզրին և գրանցված է նախկին ԽՍՀՄ-ի Կարմիր գրքում։ Վերջերս հանրապետության երկկենցաղների ֆաունան ավելացավ նաև մի նոր տեսակով. Հայաստանի հյուսիսային շրջանում հայտնաբերել է փոքրասիական տրիտոնի (Triturus vittatus) մի փոքրիկ պոպուլյացիա, որը լրիվ մեկուսացված է իր հիմնական արեալից։
Հայաստանի տարածքում հանդիպող ձկնատեսակները պատկանում են 5 կարգի՝
  1. Սաղմոնազգիներ - Salmoniformes
  2. Ծածանազգիներ - Cypriniformes
  3. Լոքոազգիներ - Siluriformes
  4. Ծածանատամազգիներ - Cyprinodontiformes
  5. Պերկեսազգիներ - Perciformes
Հայաստանի էնդեմիկ ձկնատեսակներ են՝ Սևանի իշխան (Salmo ischchan Kessler)՝ իր 4 ենթատեսակներով, Հայկական կարմրակն (Rutilus rutilus schelkovnikovi), Հայկական տառեխիկ (Alburnoides bipunctatus armeniensis), Սևանի կողակ (Varicorhinus capoeta sevangi), Սևանի բեղլու (Barbus lacerta goktschaicus), Հայկական գուստերա (Blicca bjoerkna derjavini)։
Հայաստանի հիդրոէկոհամակարգերում հայտնաբերվել է պլանկտոնային կենդանիների 124 տեսակ, այդ թվում անվակիրների դասին պատկանող՝ 46, խեցգետնակերպերի՝ 78։
 
Բուսական աշխարհ
Հայաստանի միկոբիոտայի ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվել է սնկերի մոտավորապես 4200 տեսակ և ներտեսակային տաքսոն: Հանրապետությունում բնակչության կողմից նախընտրելի են լայն տարածում և բարձր սննդային արժեք ունեցող հետևյալ տեսակները՝ ականջասունկ սովորական (Pleurotus ostreatus), շամպինյոն սովորական (Agaricus campestris), շամպինյոն երկսպորավոր (A. bisporus), յուղասունկ հատիկավոր (Suillus granulatus), լեպիստա մանուշակագույն ոտիկով (Lepista personata), շեկլիկ (Lactarius deliciosus)։
 
Հայաստանում հանդիպում է 143 տեսակ հողային ջրիմուռ։ Դրանք պատկանում են հիմնականում կանաչ, դիատոմային, դեղնականաչ և կապտականաչ ջրիմուռներին։
Հայաստանի ֆլորայի էնդեմիկների թիվը կազմում է 106 տեսակ, որը նրա բուսական աշխարհի տեսակային ընդհանուր բազմազանության մոտ 3%-ն է, իսկ Կովկասի ֆլորայի՝ 1,5%-ը։
Այսօր Հայաստանից հայտնի է քարաքոսերի 290 տեսակ, ընդ որում ավելի հիմնովին ուսումնասիրվել է Սևանի ավազանը, ուր հանդիպում է 190 տեսակ: Ըստ կենսաձևերի Հայաստանում գերիշխում են կեղևանման քարաքոսերը (մոտ 40%), որոնց մեծ մասը բնակվում են քարերի վրա։ Կան նաև տերևանման, թփանման և ումբիլիկատային ձևեր։
Մամռանմանների համաշխարահային կենսաբազմազանությունը ներկայացված է մոտ 25 հազար տեսակներով։ Մինչդեռ հանրապետության տարածքում հաշվվում է ընդամենը 430 տեսակ՝ տարածված գլխավորապես միջին լեռնային և անտառային շրջաններում։ Առավել ուսումնասիրված տերևացողունային մամուռների դասը ներկայացված է 347 տեսակներով։ Նշված քանակությունից 108 տեսակը հանդիսանում են հազվագյուտ՝ Dicranoweisia intermedia, Orthotrichum urnaceum, Antitrichia curtipendula, Pterogonium gracile, Lindbergia brachyptera և այլն։
Ձիաձետանմանների ընդհանուր բազմազանությունը կազմում է շուրջ 30 տեսակ, որոնցից 6-ը հանդիպում են Հայաստանի տարածքում։ Ձիաձետները տարածված են հանրապետության համեմատաբար խոնավ անտառային և մարգագետնային շրջաններում և հանդիպում են գերխոնավ գետահովիտներում, առուների եզրերին և գետափերին, երբեմն ավազոտ տեղերում ու թփուտներում։ Տեսակների մեծ մասը հանդիսանում են դեղաբույսեր։ Առավել տարածված են դաշտային, ճահճային և ճյուղավոր ձիաձետները (Equisetum arvense, E. palustre, E. ramosissimum)։
Հայաստանի ֆլորայում մերկասերմերը ներկայացված են չափազանց աղքատ՝ ընդամենը 9 տեսակներով, այդ թվում՝ 5 գիհի (Juniperus), 1 սոճի (Pinus), 1 կենի (Taxus) և 2 էֆեդրա (Ephedra)։ Հանրապետության դեկորատիվ տնկարկներում հանդիպող մերկասերմ ծառատեսակների մեծ մասը օտարածին է՝ ներմուծված այլ բուսաաշխարհագրական տարածաշրջաններից։ Հայաստանում հանդիպում է նաև պտերանմանների 38 տեսակ և ծածկասերմերի մոտ 3500 տեսակ, որից միաշաքիլավորներ`   800 տեսակ, երկշաքիլավորներ`   2700։

Օգտակար հանածոները

Հայաստանում արդյունահանում են ածուխ, երկաթ, բոքսիտներ, մոլիբդեն, ոսկի, արծաթ, կապար, ցինկ։ Կան նաև պեմզայի, մարմարի, տուֆի, կրի, պեռլիտի, բազալտի, աղի հսկայական պաշարներ։ Կա նաև թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի մեծ տեսականի։
 
Վարչատարածքային բաժանում
Հայաստանի Հանրապետությունը բաժանվում է 10 մարզերի և մայրաքաղաքի, որոնք են՝
  1. Արագածոտն- ք.Աշտարակ 2,753 կմ²
  2. Արարատ- ք.Արտաշատ 2,096 կմ²
  3. Արմավիր- ք.Արմավիր 1,242 կմ²
  4. Գեղարքունիք- ք.Գավառ 5,348 կմ²
  5. Կոտայք- ք.Հրազդան 2,089 կմ²
  6. Լոռի- ք.Վանաձոր 3,789 կմ²
  7. Շիրակ- ք.Գյումրի 2,681 կմ²
  8. Սյունիք- ք.Կապան 4,506 կմ²
  9. Տավուշ- ք.Իջևան 2,704 կմ²
  10. Վայոց Ձոր- ք.Եղեգնաձոր 2,308 կմ²
  11. Երևան - 227 կմ²
Մարզերը իրենց հերթին կազմված են քաղաքային և գյուղական համայնքներից, որոնցում իրականացվում է տեղական ինքնակառավարում։ Մարզպետներին նշանակում և ազատում է Հայաստանի կառավարությունը, որի տվյալ որոշումները վավերացնում է Հանրապետության Նախագահը։ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվում է 926 համայնք, որոնցից 48 քաղաքային համայնքներ, 866 գյուղական համայնքներ և 12 վարչական շրջաններ`   Երևան քաղաքում։ ՀՀ-ում կա 949 գյուղ:
 
Պետական կառուցվածք
Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է։ Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան`   օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատման և հավասարակշռման սկզբունքի հիման վրա։
 
Նախագահ
Հանրապետության Նախագահը պետության գլուխն է։ Հանրապետության Նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը, ապահովում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունը։ Նախագահը Հանրապետության անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավորն է։ Հանրապետության նախագահն ընտրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից՝ հինգ տարի ժամկետով։
 
Գործադիր իշխանություն
Գործադիր իշխանությունն իրականացնում է ՀՀ կառավարությունը։ Կառավարությունը կազմված է վարչապետից և նախարարներից։ Ազգային ժողովում պատգամավորական տեղերի բաշխման և պատգամավորական խմբակցությունների հետ խորհրդակցությունների հիման վրա Նախագահը վարչապետ է նշանակում պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձին, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա առավել թվով պատգամավորների վստահությունը վայելող անձին։ Վարչապետի առաջարկությամբ նշանակում և ազատում է կառավարության անդամներին։ Այսօր ՀՀ-ում գործում են հետևյալ նախարարությունները.
  1. ՀՀ Տարածքային կառավարման նախարարություն
  2. ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
  3. ՀՀ Առողջապահության նախարարություն
  4. ՀՀ Արդարադատության նախարարություն
  5. ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն
  6. ՀՀ Արտաքին գործերի նախարարություն
  7. ՀՀ Բնապահպանության նախարարություն
  8. ՀՀ Գյուղատնտեսության նախարարություն
  9. ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն
  10. ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն
  11. ՀՀ Կրթության և գիտության նախարարություն
  12. ՀՀ Մշակույթի նախարարություն
  13. ՀՀ Պաշտպանության նախարարություն
  14. ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն
  15. ՀՀ Սփյուռքի նախարարություն
  16. ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարություն
  17. ՀՀ Քաղաքաշինության նախարարություն
  18. ՀՀ Ֆինանսների նախարարություն
Կառավարությանն առընթեր մարմիններն են`  
  1. ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն
  2. ՀՀ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
  3. ՀՀ Ոստիկանություն
  4. ՀՀ Պետական գույքի կառավարման վարչություն
  5. ՀՀ Պետական եկամուտների կոմիտե
  6. ՀՀ Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե
  7. ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն

Օրենսդիր իշխանություն

Հայաստանում բարձրագույն օրենսդիր մարմինը միապալատ Ազգային Ժողովն է։ Ազգային Ժողովը կազմված է հարյուր երեսունմեկ պատգամավորից։ Ազգային Ժողովն ընտրվում է համապետական ընտրությունների միջոցով՝ հինգ տարի ժամկետով։ ՀՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները (131 պատգամավոր`   90 համամասնական և 41 մեծամասնական ընտրակարգով) տեղի ունեցան 2007թ. մայիսի 25-ին։ ՀՀ չորրորդ գումարման Ազգային ժողովում ստեղծվեց պատգամավորական 5 խմբակցություն`   «Հայաստանի Հանրապետական Կուսակցություն» (63 պատգամավոր), «Բարգավաճ Հայաստան» (26 պատգամավոր), «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» (16 պատգամավոր), «Օրինաց երկիր» (8 պատգամավոր), «Ժառանգություն» (7 պատգամավոր)։ Այս խմբակցությունները ստեղծվել են 2007թ. հունիսի 7-ին։ Դրանցում ընդգրկված չէ 11 պատգամավոր։
 
Դատական իշխանություն
Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները՝ Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան։ Հայաստանում ընդհանուր իրավասության դատարաններն են՝ առաջին ատյանի, վերաքննիչ դատարանները և վճռաբեկ դատարանը։ Գործում է նաև վարչական դատարանը, օրենքով կարող են նախատեսվել այլ մասնագիտացված դատարաններ։ Սահմանադրական արդարադատությունն իրականացնում է Սահմանադրական դատարանը։
 
Արտաքին հարաբերություններ
Անդամակցությունը միջազգային կազմակերպություններին
Հայաստանը անդամակցում է ՄԱԿ-ին, Եվրոպայի Խորհրդին, ԵԱՀԿ-ին (Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպություն), Համաշխարհային բանկին, Արժույթի միջազգային հիմնադրամին, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին, Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, ՍԾՏՀ-ին (Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպություն), ՄԱԳԱՏԵ-ին (Միջուկային էներգիայի միջազգային գործակալություն), Ինտերպոլին (Միջազգային քրեական ոստիկանություն), ԱՀԿ-ին (Առողջապահության համաշխարհային կազմակերպություն), ՅՈՒՆԵՍԿՕ-ին, և այլն։
 
Զինված Ուժեր
Հայաստանի Հանրապետության բանակը`   Զինված Ուժերը, ստեղծվել է 1992 թվականի հունվարի 28-ին: Հայաստանի Հանրապետության բանակի թվաքանակը կազմում է 125.000 զինվոր (ժամկետային զինծառայողներ), գումարած ևս 560.000 պահեստային զինվորներ։ Բանակի բյուջեն կազմում է $600 միլիոն։ Բանակը բաժանված է երեք հիմնական ճյուղի՝ ցամաքային զորքեր, հակաօդային պաշտպանության զորքեր և ռազմաօդային ուժեր։ Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը երկրի նախագահն է՝ Սերժ Սարգսյանը։ Պաշտպանության նախարարը՝ Սեյրան Օհանյանը։ Զինված Ուժերի Գլխավոր Շտաբի պետը՝ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը։
 
Տնտեսություն
Հայաստանի անկախացումից (1991) հետո հանրապետությունում սկսվել է ազատ շուկայական հարաբերություններին, սեփականության պետական միասնական ձևից սեփականության բազմաբնույթ ձևերին անցնելու գործընթացը։
1999-ին սեփականաշնորհվել է 1492 փոքր, միջին և խոշոր ձեռնարկություն, պետ․ գույքը, առևտրի, հասարակական սննդի, բնակչության կենցաղային սպասարկման, անավարտ շինարարության օբյեկտների գերակշռող մասը։ Գյուղատնտեսության մեջ (սկսած 1991-ից) սեփականաշնորհվել են հողը, գյուղատնտեսական կենդանիները, մեքենաների և արտադրական այլ միջոցների 85-90 %-ը։ 1993-ի նոյեմբերին արմատավորվել է ՀՀ ազգային արժույթը՝ դրամը, որով հնարավոր է դարձել վարել անկախ և ինքնուրույն դրամավարկային ու գանձարանային քաղաքականություն։ 1992-ից ազատականացվել են գները և արտաքին տնտեսական կապերը։ Արմատավորվել են հարկային և բյուջետային նոր համակարգեր, գործողության մեջ են դրվել հարկերի տարբեր տեսակներ, կրճատվել բյուջեի հաշվին կապիտալ ներդրումները, բացառվել լրավճարները, ստեղծվել արտաբյուջետային հիմնադրամներ։
Երկրաշարժի, ապա ԽՍՀՄ փլուզման, ղարաբաղյան հակամարտության, տրանսպորտատնտեսական շրջափակման, տնտեսության համակարգային փոփոխությունների, անցումային փուլում թույլ տված սխալների հետևանքով 1991-93-ին թողարկվող արտադրանքի ծավալը կրճատվել է 60 %-ով, աշխատավարձի աճը հետ է մնացել գերսղաճի տեմպից, պետական բյուջեի եկամուտների անկումը հանգեցրել է սոցիալական բնույթի ծախսերի և կենսական նշանակության սպասարկման ծառայությունների կտրուկ կրճատման, աճել է գործազրկությունը։ Չեն ձևավորվել արտադրական ներուժի լիարժեք օգտագործման և արտադրության արդյունավետ վարելու համար անհրաժեշտ ենթակառուցվածքները, չեն լուծվել հումքի մատակարարման և արտաքին շուկա դուրս գալու խնդիրները։ Տնտեսության համակարգային փոփոխությունները, երկրաշարժը, ավանդական շուկաների կորուստը ևն հանգեցրել են շատ ձեռնարկությունների չաշխատելուն, մյուսները գործում են արտադրական հզորությունների նվազագույն կարողությամբ։ Արտադրանքի ծավալի նվազում հատկապես նկատելի էր մեքենաշինության և մետաղամշակման, թղթի-թաղանթանյութի, փայտամշակման, շինանյութերի, թեթև և արդյունաբերության այլ ճյուղերում։ Անցման փուլում տնտեսության քանակական ցուցանիշների բացասական միտումները հանգեցրել են որակական ձևախեղումների։ Եթե 1987-ին համախառն ներքին արդյունքում արդյունաբերության բաժինը 45 % էր, գյուղատնտեսությանը՝ 14 %, ապա 1994-ին դրանք համապատասխանաբար եղել են 25,9 % և 48 %։ 1998-ին արդյունաբերության տեսակարար կշիռը համախառն ներքին արդյունքում նվազել է մինչև 24 %, գյուղատնտեսության բաժինը կազմել է 34,2, ծառայությունների ոլորտինը՝ 32,3 %։
1994-ից արդյունաբերության առանձին ճյուղերում (էներգետիկա, տրանսպորտ, սննդի ու վերամշակող ևն) նկատվում են արտադրության անկումային գործընթացների կասեցում և մասնակի աճի միտումներ։ Ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին գործարկվել են 12715,1 մլն դրամի հիմնական ֆոնդեր (1999)։ Կապիտալ ներդրումների ֆինանսավորման աղբյուրների մեջ զգալի է օտարերկրյա ֆինանսական կազմակերպությունների բաժինը (46,4 %)։ ՀՀ առևտրատնտեսական կապեր ունի 33 պետությունների (այդ թվում՝ ԱՊՀ 9 երկիր) հետ։ 1999-ին ԱՊՀ երկրների բաժինն ապրանքների արտահանման ծավալի մեջ կազմել է 24,3 %, ներմուծման մեջ՝ 23,9 %, այլ երկրներինը համապատասխանաբար՝ 75,7 % և 76,1 %։
 
Էներգետիկա
1998-ին ՀՀ էներգետիկան ներառել է հիդրոէներգետիկան (Երևանի, Սևանի, Աթարբեկյանի, Արզնու, Գյումրու, Ձորագետի, Տաթևի, Քանաքեռի և այլ հէկեր), ջերմաէներգետիկան (Հրազդանի պշէկ, Երևանի, Վանաձորի ջէկեր), միջուկային էներգետիկան (ՀԱԷԿ)։ 1998-ին արտադրված էլեկտրաէներգիայի ամբողջ քանակի 11 %-ը բաժին է ընկել հէկերին, 89 %-ը՝ ՀԱԷԿ-ին ու ջէկերին։
 
Քիմիական արդյունաբերություն
Մինչև ԽՍՀՄ փլուզումը քիմիական արդյունաբերության տեսական կշիռն արդյունաբերական արտադրանքի ընդհանուր ծավալում կազմել է 6-7 % (1990)։ Արտադրվել են կալցիումի կարբիդ, կաուչուկ, արհեստական խեժեր, ազոտական պարարտանյութ, արհեստական մանրաթել, վիտամիններ, ավտոդողեր, լայն սպառման առարկաներ ևն։ Պատկերը խիստ փոխվել է ՀՀ անկախացումից հետո։
 
Մեքենաշինություն
ՀՀ-ում մեքենաշինությունը ձևավորվել է 1929-40-ին, իսկ հետպատերազմյան տարիներին զարգացումն ուղեկցվել է որակական տեղաշարժերով։ Ճյուղը ներառում է էլեկտրատեխնիկական արդյունաբերությունը, ռադիոէլեկտրոնային արդյունաբերությունը, հաստոցաշինությունը, ավտոմոբիլային արդյունաբերությունը ևն։
 
Գունավոր մետաղաձուլություն
Գունավոր մետաղաձուլության զարգացման հիմքը պղնձի, պղինձ-մոլիբդենի, բազմամետաղային, ոսկի-բազմամետաղային ու ոսկու արդյունահանումն է։ Դրանց հանքանյութերը պարունակում են նաև հազվագյուտ և ազնիվ մետաղներ։ Ճյուղը ներառում է պղնձամոլիբդենային, բազմամետաղային ու ոսկու արդյունաբերությունները։ 1999-ին մասնակիորեն գործել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային, Ալավերդու լեռնամետալուրգիական կոմբինատները, Կապանի հանքահարստացուցիչ ֆաբրիկան, «Հայոսկի» ՓԲԸ։ Ճյուղը թողարկում է մոլիբդենի, պղնձի խտանյութ, պղնձի գլանվածք, փայլաթիթեղ ևն։
 
Շինանյութեր և անտառանյութ
Շինանյութերի արդյունաբերության զարգացման հիմքը հրաբխային ապարների՝ տուֆի (արդյունահանումը՝ հիմնականում Շիրակի ու Արագածոտնի մարզերում), պեռլիտի (Արագածի պեռլիտի գործարան), բազալտի (գրեթե բոլոր մարզերում), մարմարի (Արզականի, Խոր վիրապի հանքավայրեր), գրանիտի (Կոտայքի, Լոռու, Տավուշի, Վայքի մարզերի հանքավայրեր) արդյունահանումն է։ Ճյուղը ձևավորվել է 1920-ական թթ․, երբ հիմնադրվել են «Անիպեմզա», «Արթիկտուֆ», Ջաջուռի կրի կոմբինատները, 1936-41-ին՝ Արարատի ցեմենտի գործարանը։ Ճյուղը ներառել է հավաքովի երկաթբետոնե կառուցվածքների ու տարրերի, ցեմենտի, ոչ հանքային շինանյութերի, երեսպատման նյութերի ու տարրերի, խեցեգործական արդյունաբերությունները։
Անտառանյութի, փայտամշակման եվ թղթի-թաղանթանյութի արդյունաբերության առաջին արդյունաբերական կենտրոններ են եղել Իջևանը, Տավուշը, Ալավերդին։ 1945-90-ին կահույքի ֆաբրիկաներ են կառուցվել Երևանում, Վանաձորում, Արմավիրում, Գյումրիում և այլուր։ Թողարկվում է կահույք, նրբատախտակ, մանրատախտակ, սղոցանյութ ևն։ 1999-ին արտադրվել է սղոցանյութ, մանրատախտակ, շինափայտ ևն։
 
Թեթև արդյունաբերություն
Թեթև արդյունաբերությունը մինչև ԽՍՀՄ փլուզումը ներառել է 7 ճյուղ (բամբակազտիչ, բրդի, մետաքսի, տրիկոտաժի, կարի, կաշվի և կոշիկի), կազմելով սպառման առարկաների թողարկման ընդհանուր ծավալի մոտ 60 %-ը։ Համախառն արտադրանքի ծավալով մեքենաշինությունից հետո գրավել է 2-րդ տեղը (1990)։ 1988-ի դեկտեմբերի երկրաշարժի, ԽՍՀՄ փլուզման և տնտեսական շրջափակման հետևանքով ճյուղի ձեռնարկությունների գերակշռող մասը դադարեց գործելուց, անկում ապրեցին արտադրանքի թողարկման ծավալները։ 1994-ից սկսած ճյուղի 160 ձեռնարկություններից 85-ը սեփականաշնորհվել է։ 1999-ի հունվար-հունիսին թողարկվել է 1894,3 մլն դրամի տեքստիլ և կարի արտադրանք։ 1999-ին գործել են Երևանի «Գարուն», «Տոսպ», «Էրեբունի», «Հայք», Գյումրու «Տավրոս», Վանաձորի «Բազում» ԲԲԸ-ները, Երևանի «Հայգորգ», «Մահուդ» ՓԲԸ-ները ևն։
Սննդի արդյունաբերությունն անցյալում միավորել է 200-ից ավելի ձեռնարկություններ, 18 տարբեր ճյուղեր և տվել ՀՀ արդյունաբերության համախառն արտադրանքի ընդհանուր ծավալի 18,8 %-ը։ Թողարկել է կոնյակ, գինի, սննդամթերք, ծխախոտ, ոչ ալկոհոլային խմիչքներ, հաց, ձուկ, պահածո ևն։
Շինարարության ոլորտը ներառում է արդյունաբերական շինարարությունը, գյուղական շինարարությունը և բնակարանային շինարարությունը։
 
Բնակչություն
2006 թ. հուլիսի 1-ի դրությամբ ազգաբնակչությունը պատշոնական տվյալներով կազմում է 3.219.400 մարդ։ 96%-ը հայեր են։ Բացարձակ մեծամասնությունը Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդներ են։ Ազգային փոքրամասնությունները՝ ռուսներ, եզդիներ, քրդեր, պարսիկներ, ասորիներ, վրացիներ, հույներ, իտալացիներ, ուկրաինացիներ, հրեաներ և այլ։
 
Կրոն
Բնակչության մոտ 90%-ը տոկոսը իրեն Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ է համարում։ Կրոնական փոքրամասնությունների թվում են. կաթոլիկներ, մոլոկաններ, ռուս ուղղափառներ, ավետարանականներ, բապտիստներ, հոգեգալստականներ, խարիզմատական քրիստոնյաներ, Եհովայի վկաներ, մորմոններ, եզդիներ, հուդայականներ, սուննի մուսուլմաններ (հիմնականում՝ քրդեր) և շիա մահմեդականներ։Ընդհանուր առմամբ Հայաստանի Հանրապետությունում գրանցված է 66 կրոնական համայնք։
 
Թատրոն
Հայկական թատրոնն առաջացել է մ.թ.ա. I հազարամյակում՝ ստրկատիրական համայնական կարգերի ժամանակ Գիսանե և Անահիտ աստվածուհիներին նվիրված ծիսակատարություններից։ Հայկական պրոֆեսիոնալ թատրոնն առաջացել է հելլենիստական դարաշրջանի հայկական միապետություններում ողբերգությունից և ժողովրդական կատակերգությունից։
Հույն պատմաբան Պլուտարքոսի վկայությամբ մ.թ.ա. 69թ․ Տիգրան Մեծ (Տիգրան Բ Մեծ) արքան պատմական Հայաստանի հարավային մայրաքաղաք Տիգրանակերտում  կառուցել է Սիրիայի հելլենիստական ամֆիթատրոնների նման մի շինություն, որտեղ ներկայացումներ էին բեմադրվում։ Հայտնի է նաև, որ Տիգրանի որդի Արտավազդ Բ-ն (մ․թ․ա․ 56-34 թթ, ով ողբերգություններ էր գրում Հայաստանի հյուսիսային մայրաքաղաք Արտաշատում (որին հռոմեացիները Հայաստանի Կարթագեն էին անվանում), ստեղծել է հելլենիստական ոճի թատրոն։
Մեզ հասած առաջին դրամատուրգիական ստեղծագործություններն են Հովհաննես Երզնկացու դրամատիկական պոեմը և Առաքել Սյունեցու «Ադամգիրքը»։ 17-19-րդ դարերում թատրոնը զարգացավ նաև Լվովի, Մոսկվայի, Վենետիկի, Վիեննայի, Չենայի (Մադրաս), Կալկուտայի հայկական գաղթօջախներում։ 1810 թվականին Կոստանդնուպոլսում Մ․ Բժիշկյանի ղեկավարությամբ բեմադրվում են առաջին հայկական ներկայացումները։ 1846-1866թթ այստեղ աշխատում է «Արամյան թատրոն»-ը (ղեկավար՝ Հովհաննես Գասպարյան), որը հյուրախաղերով հանդես էր գալիս Թբիլիսիում, Երևանում, Թավրիզում։ 1836թ Գ․ Շերմազանյանը Թիֆլիսում ստեղծում է «Շերմազանյան դարպաս» թատրոնը։ 19-րդ դարի 1850-ական թվականներին Կոստանդնուպոլսում գործում էին մի քանի սիրողական թատրոններ, որտեղ բեմադրվում էին Մ․ Պեշիկթաշլյանի, Ս․ Հեքիմյանի, Թ․ Թերզյանի և այլոց պիեսները։ 1860-ական թվականների սկզբին սիրողական թատերախմբերից ձևավորվում են հայկական պրոֆեսիոնալ թատրոններից «Արևելյան թատրոնը»՝ Հեքիմյանի գլխավորությամբ Կոստանդնուպոլսում (1861) և Գ․ Չմշկյանի ղեկավարությամբ Թիֆլիսում (1863)։ Թբիլիսյան թատերախմբի գործունեությունը, հայկական ռեալիստական դրամատուրգիայի հիմնադիր Գաբրիել Սունդուկյանի ստեղծագործությունները («Պեպո», «Խաթաբալա», «Էլի մեկ զոհ» և այլն) հաստատեցին ռեալիզմը հայկական բեմի վրա։ 19-րդ դարի վերջին 20-րդ դարի սկզբին ազգային դրամատուրգիայի ռեալիստական ավանդույթներն արտահայտվեցին Հակոբ Պարոնյանի («Պաղտասար աղբար»), Ալեքսանդր Շիրվանզադեի («Պատվի համար», «Եվգինե», «Արմենուհի» և այլն), Լևոն Շանթի («Հին Աստվածներ») ստեղծագործություններում։ Այդ ժամանակ սկսեցին ստեղծագործել դրամատուրգներ Վրթանես Փափազյանը («Ժայռ»), Ս․ Տարայանը («Սոկրատես»), Է․ Տեր-Գրիգորյանը, Նար-Դոսը, Լ․ Մանվելյանը, Դերենիկ Դեմիրճյանը և այլն։
 
Երաժշտություն
Հայկական երաժշտությունը հազարամյակների պատմություն ունի։ Այն առաջացել է հայերեն լեզվի ձևավորման հետ մեկտեղ։ Մ․թ․ա․ 3-րդ դարում ձևավորվեցին հայկական երաժշտության սկզբնական ճյուղերը՝ գյուղացիական, պաշտամունքային (հեթանոսական) և գուսանների ժողովրդական արվեստը։ Քրիստոնեությունը 301թ ընդունելուց հետո առաջ է գալիս նաև նոր ճյուղ՝ քրիստոնեական եկեղեցու երաժշտությունը։
Գուսանները՝ հայ ժողովրդական երգիչներն են։Նրանց գործունեությունը բացառապես աշխարհիկ է։ Նախաքրիստոնեական Հայաստանում հելլենիզմի դարաշրջանում գուսաններն ի սկզբանե ծառայում էին Գիսանե աստվածուհիին նվիրված տաճարում։ Գուսանական երաժշտությունն սկիզբ է առնում ստրկատիրական դարաշրջանի Հայաստանի «վիպասանների» արվեստից։ Զարգացած ֆեոդալիզմի դարաշրջանից ի հայտ եկան գուսանները և վարձակները։ Գուսանների մասին վկայություն են տվել 5-րդ դարի պատմիչներ Ագաթանգեղոսը, Փավստոս Բուզանդը, Մովսես Խորենացին, Եղիշեն և այլն։ Գուսանները հանդես էին գալիս խնջույքներում, հարսանիքներում և ժողովրդական գործիքների ուղեկցությամբ կատարում էին իրենց երգերը։ 301 թվականից հետո հայկական եկեղեցին հետապնդում էր գուսաններին։ 
Շարականները հոգևոր երգերն են։ Ամենաշատը պահպանվել են V-XV դարերի շարականներից։ Հին հայկական հոգևոր երաժշտությունը կազմված է 4 հիմնական ժանրից՝ կցուրդ, կացուրդ, կանոն և տաղ։ Շարականներն իրենցից ներկայացնում են հին հայկական մշակույթի՝ մասնավորապես պոեզիայի, երաժշտության և պրոֆեսիոնալ երգարվեստի սինթեզից։ Արդեն 17-րդ դարում Բարսեղ Տչոն կաթողիկոս Ներսեսի կարգադրությամբ կազմեց «Շարակնոց» ժողովածուն։ Ըստ Կիրակոս Գանձակեցու՝․ «Այդ ժամանակ Հայաստանում այնքան շատ էին կանոնական եկեղեցական երգերը, որ մի թեմի երգիչները չգիտեին մյուս թեմի երգերը»։
Տաղերը շարականների պես երաժշտական և բանաստեղծական արվեստի սինթեզ են։ Նրանք համեմատաբար ծավալուն մոնոդիաներ էին, որոնք իրենց բովանդակությամբ և մեղեդայնությամբ հիշեցնում էին հետագա ժամանակաշրջանների վոկալ և գործիքային արիաները։ Տարբերակվում են հոգևոր և աշխարհիկ տաղեր։ Առաջինները ավելի ծավալուն են, քան աշխարհիկները։ Տաղը, որպես երաժշտական ժանր, գլխավորապես զարգացել է 10-րդ դարում՝ հիմնականում Գրիգոր Նարեկացու շնորհիվ։ Հոգևոր տաղերը, ի տարբերություն շարականների, կանոնական երգեր չէին և տոնակատարությունների ժամանակ կատարվում էին տվյալ իրադարձությանն ավելի մեծ հանդիսավորություն հաղորդելու համար։ Աշխարհիկ տաղը զարգանում է Ֆրիկի ստեղծագործությունների մեջ (13-րդ դար)։ Ամենահին աշխարհիկ տաղերից մեկը՝ «Կռունկ»-ը, ստեղծվել է միջնադարում և պահպանվել է 17-րդ դարի տեքստերում։

 

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.