Encyclopedia

Դիցաբանություն

Դիցաբանությունը բնության ու հասարակության վերաբերյալ մարդկանց երևակայական պատկերացումների ներկայացման հոգևոր մշակույթի ոլորտ է: Այն նաև առասպելների ծագման ու զարգացման օրինաչափություններն ուսումնասիրող գիտություն է:

Դիցաբանությունը ձևավորվել է հասարակական կյանքի, մարդու երևակայության, վերացական մտածողության զարգացմանը զուգընթաց: Մարդը փորձել է իրականությունը ճանաչել, իմաստավորել ու արժևորել զանազան կենդանակերպ էակների, դյուցազունների, ոգիների, ապա նաև մարդակերպ աստվածների միջոցով:

 

Առավել զարգացած դիցաբանական պատկերացումներում աստվածները գերբնական հատկություններով օժտված, հույզեր, ապրումներ, մտածողություն ունեցող, կատարյալ և մարդակերպ էակներ են, որոնցից յուրաքանչյուրը խորհրդանշում է բնության ու հասարակության առանձին երևույթներ, հոգևոր-բարոյական արժեքներ:

Դիցաբանական աստվածները և կիսաստվածները (հերոսներ), մարմնավորելով բնության տարրերը, ձեռք են բերել հասարակական-բարոյական նշանակություն և խորհրդանշել չարի կործանումը, բարին, գեղեցիկը, հերոսականը:
 
Դիցաբանությունը ներառել է ժամանակի կրոնական, փիլիսոփայական պատկերացումները, գիտությունն ու արվեստը: Դրա վկայությունն աստվածների պաշտամունքն է. կառուցվել են տաճարներ, կանգնեցվել նրանց արձանները, մատուցվել զոհեր, կազմակերպվել հատուկ տոնախմբություններ:
 
Գրեթե բոլոր ժողովուրդներն էլ ունեցել են դիցաբանական զանազան ըմբռնումներ, զարգացման տարբեր աստիճանների հասած դիցաբանություն: Համաշխարհային դիցաբանության մեջ առանձնանում են հունականը, հռոմեականը և հնդկականը, որոնք ժամանակին գրառվել ու համակարգվել են: 
 
Համաշխարհային դիցաբանության մեջ ուրույն տեղ ունի նաև հայկականը: Դարեր գոյատևած դիցաբանությունը խոր հետք է թողել նաև հայ մարդու մտածողության և աշխարհայացքի վրա: Դա է պատճառը, որ հայերի դիցաբանական պատկերացումները գոյատևել են նույնիսկ քրիստոնեության ընդունումից հետո: Արժեքավոր են հայ և օտար պատմագիրներ Ագաթանգեղոսի, Մովսես Խորենացիի, Զենոբ Գլակի, Փավստոս Բուզանդի, Ստրաբոնի, Պլուտարքոսի, Պլատոնի և ուրիշների աշխատություններում պահպանված տեղեկությունները հայկական դիցարանի մասին: 
 
Նախնադարյան կրոնական հավատալիքները, պաշտամունքն ու դիցաբանական ըմբռնումների զարգացումը նպաստել են նաև ուրարտական դիցարանի զարգացմանը: Գերագույն աստված Խալդիի գլխավորությամբ Թեյշեբա և Շիվինի աստվածները կազմել են ուրարտական դիցարանի գերագույն աստվածների եռյակը: 
 
Կրոնապաշտամունքային ու դիցաբանական ավանդույթների և հայ ժողովրդի կազմավորման ու հայկական պետականության առաջացման ընթացքում աստիճանաբար ձևավորվել է հայկական դիցարանը. սկիզբ է առել առասպելական պատկերացումը ցեղային և վաղ հայկական աստվածների՝ Հայկի, Արայի, Վահագնի, Տորք Անգեղի մասին: Հետագա դարերում՝ մ. թ. ա. մոտ IV դարի վերջին – III դարի սկզբին, հայկական դիցարանն ավելի է ամբողջացվել և համակարգվել:  
 
Հայաստանում հելլենական մշակույթի տարածումից հետո հունական և հայկական աստվածները համադրվել են. Արամազդը նույնացվել է Զևսին, Անահիտը՝ Արտեմիսին, Միհրը՝ Հեփեստոսին, Վահագնը՝ Հերակլեսին (նաև Ապոլոնին), Աստղիկը՝ Աֆրոդիտեին: 
 
Հեթանոս հայերն աստվածներին նվիրել են հատուկ տոներ, նրանց համար կառուցել տաճարներ, զոհաբերել կենդանիներ: Հայկական դիցարանում, բացի անձնավորված մարդակերպ աստվածներից, հիշատակվում են զանազան մտացածին էակներ, հրեշներ (վիշապ, հուշկապարիկ և այլն) և չար ու բարի ոգիներ (Արալեզ, Հավերժահարս, Քաջ, Առնակ և այլն):
 
Դիցաբանական տարրեր են պարունակում նաև «Տիգրան և Աժդահակ», «Արտաշես և Արտավազդ» հայկական առասպելները, «Սասնա ծռեր» էպոսը և այլ բանահյուսական պատումներ:
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.