Encyclopedia

Օվկիանոսներ

Օվկիանոսը (հունարեն՝ Ωκεανός, Օկեանուս) աղի ջրի ահռելի զանգված է և ջրոլորտի հիմնական բաղադրիչը։ Երկրագնդի մակերևույթի մոտ 70%–ը (մոտ 361 միլիոն քառակուսի կիլոմետր մակերես) ծածկված է օվկիանոսով՝ ջրային անընդհատ զանգվածով, որը պայմանականորեն տարաբաժանվում է մի քանի հիմնական օվկիանոսների և ավելի փոքր ծովերի։ Այս մակերեսի կեսից ավելին ունի 3.000 մետրից ավել խորություն։ Օվկիանոսային միջին աղիությունը կազմում է մոտ 3.5%, և գրեթե ամբողջ ծովաջրի աղիությունը ընկած է 3.1% և 3.8%–ի միջև։

Արտերկրային օվկիանոսները կարող է բաղկացած լինեն քիմիական տարրերի և միացությունների լայն ցանկից: Արտերկրային մակերեևույթի միակ հաստատված կայուն լուծույթով խոշոր մարմինները Տիտանի լճերն են, չնայած փաստեր կան արեգակնային համակարգում այլ օվկիանոսների գոյության մասին: Տեսականորեն ենթադրվում է, որ իրենց երկրաբանական պատմության սկզբում Մարս մոլորակն ու Վեներա մոլորակն ունեցել են ջրային մեծ օվկիանոսներ: Մարսի օվկիանոսային վարկածը ենթադրում է, որ Մարսի մակերևույթի մոտ երրորդ մասը մի ժամանակ ծածկված է եղել ջրով, չնայած Մարսի ջուրը այնքան էլ օվկիանոսային չէր և հնարավոր է գոլորշիացած լինի: Այնպիսի միացություններ, ինչպիսիք աղերն են և ամիակը խառնված ջրին հայտնի են որպես ջրի սառցակալման ջերմաստիճանը իջեցնող, ինչը հնարավորություն է տալիս ջրային ռեսուրսներին մեծ քանակությամբ գոյություն ունենալ արերկրային տարածքներում ծովի ջրի կամ սառույցի տեսքով:

 
Բաժանում
Չնայած ընդունված է տարանջատել օվկիանոսները, սակայն աղի ջրի ամբողջությունը երկրագնդի վրա կոչում են Համաշխարհային օվկիանոս։ Ջրի մասնիկների անընդհատ ազատ տեղաշարժը ունի ֆունդամնետալ նշանակություն օվկիանոսագիտության մեջ։
Օվկիանոսների բաժանման հիմք են հանդիսանում հիմնականում մայրցամաքները, արշիպելագները և այլ չափանիշներ: Առավել մանրամասն տեղեկատվության համար տես ներքևի աղուսյակը։
  1. Խաղաղ օվկիանոս- սկսվում է Ասիայից և Օվկիանիայից մինչև Ամերիկա
  2. Ատլանտյան օվկիանոս- սկսվում է Ամերիկայից մինչև Եվրասիա և Աֆրիկա
  3. Հնդկական օվկիանոս- ողողում է Հնդկական թերակղզու ափերը և սահմանակից է Աֆրիկային և Ավստրալիային
  4. Հարավային օվկիանոս- հաճախ համարվում է Խաղաղ, Ատլանտյան և Հնդկական օվկիանոսների մի մասը, որը շրջափակում է Անտարկտիդան։
  5. Հյուսիսային Սառուցյալ օվկիանոս- հաճախ համարվում է ծով, որը փակում է Արկտիկան և ողողում է Հյուսիային Ամերիկայի և Եվրասիայի հյուսիսային ափերը։

 

Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսները հասարակածով բաժանվում են հյուսիսային և հարավային մասերի: Ավելի փոքր ջրային տարածքները կոչվում են այլ կերպ, օրինակ ծովեր, նեղուցներ, ծոցեր և այլն։

 

Ֆիզիկական բնութագրիչներ
Ջրոլորտի ընդհանուր զանգվածը 1,400,000,000,000,000,000 տոննա է , որը կազմում է Երկրի ընդհանուր զանգվածի 0.023 տոկոսը։ Քաղցրահամ ջուրը 3 տոկոսից էլ քիչ է կազմում, մնացածը աղի ջուրն է, որը գտնվում է օվկիանոսներում։ Համաշխարհային օվկիանոսը 361մլն կմ2 մակերևույթ ունի, ծավալը կազմում է մոտ 1.3մլդ կմ2, միջին խորությունը՝ 3790մ, առավելագույն խորությունը՝ 10923մ։ Համաշխարհային ծովային ջրերի գրեթե կեսը 3000մ խորություն ունեն։ Օվկիանոսները, որոնց խորությունը 200մ էլ քիչ է կազմում, ծածկում են Երկրի մակերևույթի մոտ 66%։ Սրանց մեջ չեն մտնում այն ծովերը, որոնք կապված են Համաշխարհային օվկիանոսի հետ, ինչպիսին է օրինակ Կասպից ծովը։
Ջրի կապտավուն գույնը մի քանի բաղկացուցիչ նյութերի արդյունք է։ Հիմնական բաղկացուցիչներն են լուծված օրգանական նյութերը և քլորոֆիլը։ 
Նավաստիները և այլ ծովագնացներ զեկուցել են, որ օվկիանոսը հաճախ տեսանելի լուսարձակում է, որը գիշերը մղոններով տարածվում է։ 2005թ գիտնականներն առաջին անգամ հայտարարեցին, որ նրանք ունեն այս լուսարձակման վկայությունը՝ մի լուսանկար։ Այն հավանաբար առաջանում է կենսալուսարձակումից։
 
Գոտիներ և խորություններ
Օվկիանոսագետները բաժանում են օվկիանոստ մի քանի գոտիների կախված ֆիզիկական և կենսաբանական պայմաններից: Պելագիկ գոտին ներառում է բոլոր բաց օվկիանոսային տարածքները, և կարողե բաժանվել իր հերթին ըստ խորության և լույսի թափանցման: Ֆոտիկ գոտին ընկած է օվկիանոսի մակերևույթից մինչև 200 մետր խորությամբ տարածքը: Այս գոտում այն տարածքն է, որտեղ կարող է տեղի ունենալ ֆոտոսինթեզ, և հետևաբար այն ունի ամենամեծ կենսաբազմազանությունը: Քանի որ բույսերին անհրաժեշտ է ֆոտոսինթեզ, այս մակարդակից ներքև գտնվող կյանքի տեսակները ստիպված են սնվել կամ վերևից սուզվող նյութերով (տես ծավային ձյուն), կամ գտնել այլ էներգիայի աղբյուրներ, հիդրոթերմալ գազանցքները այսպիսի էներգիայի հիմնական աղբյուրներն են ափոթիկ գոտում (խորությունը 200 մետրից ներքև): Ֆոտիկ գոտու պելագիկ մասը անվանում են էպիպելագիկ: Ափոքիկ գոտու պելագիկ մասը կարող է բաժանվել շրջանների, որոնք ուղղահայաց իրար վրա են դասավորված ըստ ջերմաստիճանի: Մեզոպելագիկը ամենավերին շրջանն է: Նրա ներքևի սահմանն է հանդիսանում ջերմային թռիչքի շերտը 12°C ջերմաստիճանով, որը արևադարձային գոտիներում սովորաբար ընկած է 700 - 1000 մ խորության վրա: Հաջորդը բաթիպելագիկ շրջանն է`   10 - 4°C միջակայքում, խորությունը սովորաբար լինում է 700 - 1000 մ: Աբիսալ դաշտի վերևում է գտնվում Աբիսալպելագիկ շրջանը, որի ներքևի սահմանը ընկած է 6000 մ խորության վրա: Վերջին շրջանը պարունակում է խորը իջվածքներ, և անվանվում է հադալպելագիկ շրջան: Այն տարածվում է 6000 - 11000 մ միջակայքում և հանդիսանում է օվկիանոսի ամենախոր գոտին:
Պելագիկ ափոթիկ գոտիների հետ միասին կան նաև բենթիկ ափոթիկ գոտիներ: Դրանք համապատախանում են խորքային ծովի երեք ամենախորը գոտիներին: Բենթիալ գոտին ծածկում է մայրցամաքային լանջը մինչև 4000 մ խորությունը: Աբիսալ գոտին ծածկում է աբիսալ դաշտերը 4000 - 6000 մետր միջակայքում: Դրանից ներքև ընկած է հադալ գոտին, որը համապատասխանում է հադալպելագիկ շրջանին և գտնվում է օվկիանոսային իջվածքներում:
Պելագիկ գոտին նաև կարող է բաժանվել ենթաշրջանների, ներիտիկ գոտի և օվկիանիկ գոտի: Ներիտիկ գոտին ներառում է ջրային զանգվածները, որոնք ընկած են մայրցամաքային շելֆերի վրա, իսկ օվկիանիկ գոտին ներառում է ամբողջ մնացած բաց ջրերը: Ի հակադրություն, ծովափնյա գոտին ընդգրկում է մակընթացության ցածր և բարձր սահմանների միջև ընկած շրջանը և իրենից ներկայացնում ծովային և ցամաքային տարածքների միջև անցումային շրջանը: Այն հայտնի է նաև որպես միջմակընթացային գոտի:
 
Հետազոտություններ
Նավերով ճանապարհորդությունները օվկիանոսի վրայով սկսվել են նախապատմական ժամանակներում, իսկ ստորջրյա ճանապարհորդությունները և հետազոտությունները հնարավոր են դարձել միայն համեմատաբար վերջերս:
Օվկիանոսում ամենախորը կետն է Մարիանյան իջվածքը, որը գտնվում է Խաղաղ օվկիանոսում, Հյուսիսային Մարիանյան կղզիների մոտ: Նրա առավելագույն խորությունն է 10 971 մ (± 11 մետր): Բրիտանական ծովային նավ Չելենջեր II հայտնաբերել է այն 1951 թվականին և անվանել է նրա ամենախորը կետը`   "Չելենջերի անդունդ": 1960 թվականին երկու մարդկանց կողմից կառավարվող «Trieste» բատիսկաֆը հասել է իջվածքի հատակին:
Օվկիանոսի խորքային մասերի մեծ մասը դեռևս հետազոտված և նույնիսկ քարտեզագրված չէ: 10 կիլոմետրից մեծ ձևավորումների ընդհանուր պատկերը ստեղծվել է 1995 հիմնվելով մոտ ընկած օվկիանոսի մակերևույթի գրավիտացիոն խանգարումների վրա:

 

Կլիմա
Օվկիանոսային հոսքերը մեծապես ազդում են Երկրի կլիմայի վրա փոխանցելով ջերմությունը արևադարձային գոտուց բևեռային շրջաններ, և տեղափոխում են ջերմ կամ սառը օդը և տեղումները ափամերձ շրջաններ, որտեղ քամիները կարող դրնաք հասցնել ցամաքի ներքին մասերը: Մակերևութային ջերմությունը և քաղցրահամ ջրերի հոսքերը ստեղծում են գլոբալ խտության գրադիենտ, որը և կառավարում է օվկիանոսի լայնածավալ շրջանառության ջերմային մասը: Այն կարևոր դեր ունի բևեռային շրջաններին ջերմության մատակարարման մեջ, և հետևաբար ծովային սառույցի կարգավորման մեջ: Ջերմային շրջանառության փոփոխությունները զգալի ազդեցություն ունեն Երկրի ռադիացիոն հավասարակշռության վրա: Քանի որ, ջերմային շրջանառությունը կարգավորում է այն արագությունը, որով որ խորքային ջրերը հասնում են մակերևույթին, այն կարող է մեծապես ազդել նաև մթնոլորտում ածխաթթվի պարունակության վրա:

 

Ջերմային շրջանառության վրա համընդհանուր տաքացման հնարավոր ազդեցությունների մասին քննարկումը, տես ջերմային շրջանառության կանգնեցում:
Հաճախ նշվում է, որ ջերմային շրջանառության պատճառով է, որ Արևմտյան Եվրոպայի կլիման այդպիսի չափավոր է: Մեկ այլ կարծիք պնդում է, որ դա բոլորովին այդպես չէ, և Եվրոպայի կլիման տաք է, քանի որ այն գտնվում է օվկիանոսային ավազանի քամհար ուղղության վրա, և մթնոլորտային ալիքները բերում են տաք օդ դեպի հյուսիս մերձարևադարձային շրջաններից: Արկտիկական շուրջբևեռային հոսանքը շրջապատում է մայրցամաքը, ազդելով տարածաշրջանի կլիմայի վրա և միացնում է տարբեր օվկիանոսների հոսանքները:
Եղանակի առավել դրամատիկ ձևերից մեկը առաջանում է օվկիանոսների վրա, դա արևադարձային ցիկլոններն են (նույնպես անվանվում են "թայֆուններ" և "փոթորիկներ", կախված նրանից թե որտեղ են նրանք առաջացել):
 
Կենսաբանությունը
Օվկիանոսն էականորեն ազդում է կենսոլորտի վրա: Օվկիանոսային գոլորշիացումը, որպես ջրի շրջանառության փուլ, աղբյուր է հանդիսանում անձրևների մեծամասնության համար: Ինչպես նաև, օվկիանոսների ջերմաստիճանը որոշիչ դեր ունի կլիմայի և քամիների ձևավորման համար, որոնք էլ իրենց հերթին ազդում են կյանքի վրա ցամաքում: Կյանքը օվկիանոսում զարգացել է ցամաքում կյանքի առաջանալուց 3 միլիարդ տարի առաջ: Օվկիանոսի խորությունը և հեռավորությունը ափից խստորեն ազդում է բույսերի և կենդանիների կենսաբազմազանության վրա տվյալ շրջանում:
Օվկիանոսային ծագման կյանքի տեսակներից են՝
  • Ձկները;
  • Շրջանաձևները, ինչպիսին են մեդուզաները (Cnidaria);
  • Կետանմանները, ինչպիսին են կետերը, դելֆինները և ծովային խոզերը;
  • Գլխոտանիները, ինչպիսին են ութոտանիները և կաղամարները;
  • Խեցիավորները, ինչպիսին են օմարները, միդիաները, ծովախեցգետինները և կրիլը;
  • Ծովային որդերը;
  • Պլանկտոնը և
  • Փշամորթները, ինչպիսիք են ծովաստղերը, օֆիուրիդները, հոլոտուրիաները և ծովային ոզնիները:

Տնտեսական արժեքը

Օվկիանոսները կարևոր դեր ունեն տրանսպորտային փոխադրումների համար: Քանի որ աշխարհի ապրանքների մեծ մասը տեղափոխվում է նավերով: Օվկիանոսները նույնպես հանդիսանում են նաև ձկնորսական արդյունաբերության հիմնական մատակարարման աղբյուր: Առավել զարգացած է ծովախեցգետինների, ձկների, կրաբերի և օմարների արդյունահանումը
 
Հետաքրքիր փաստեր
  • Առաջին կին օվկիանոսագետը ազգությամբ հայ, ֆրանսիացի բնախույզ Անիտա Կոնտին (Կարագոշյան) է։
  • «Համաշխարհային օվկիանոս» եզրը 17-րդ դարում առաջարկել է օգտագործել նիդերլանդացի աշխարհագրագետ Բերնհարդուս Վարենիուսը։
  • Կարծիք է հայտնվել, թե Օվկիանոս հատող առաջին հայը եղել է Մարտիրոս Երզնկացին։ Բիսկայան ծովագնացների հետ Ատլանտյան օվկիանոսով նավարկություն է կատարել Քրիստափոր Կոլոմբոսի օրինակով «նոր երկրներ գնալու համար»։
  • Օվկիանոսագրական առաջին արշավախումբը սկսել է աշխատանքը 1872 թվականի դեկտեմբերի 22–ին հատուկ սարքավորված «Չելենջեր» կորվետով։
  • Օվկիանոսի ամենախոր իջվածքը՝ Մարիանյան իջվածքն է՝ 11022 մ։ Այնտեղ սուզվել են 1960 թվականին շվեյցարացի Ժակ Պիկարին և ԱՄՆ ռազմածովային ուժերի կապիտան Դոն Ուոլշին «Trieste» բատիսկաֆով և մնացել 12 րոպե։ 2012 թվականին ստորջրյա հետազոտությունների համար նախատեսված հատուկ սարքով՝ «Deepsea Challenger»–ով սուզվել է հոլիվուդյան հանրահայտ ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը և մոտ երեք ժամ ուսումնասիրել և պատկերել է Մարիանյան անդունդի խորքերը:

 

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.