Encyclopedia

Ամերիկա

Հյուսիսային Ամերիկա և Հարավային Ամերիկա Մայրցամաքները միավորվում են մեկ. Ամերիկա աշխարհամասում, այդ թվում նաև Գրենլանդիան:
Անվանումը ստացել է Ամերիգո Վեսպուչչի անունից:

Այս աշխարհամասը սովարաբար բաժանվում է Հյուսիսային Ամերիկայի ( ԱՄՆ, Կանադա, Մեքսիկա և նրանց շրջապատող կղզիները), Լատինական Ամերիկայի (մայրցամաքային իսպանախոս, պորտուգալախոս կամ ֆրանսիախոս տարածքները), Հարավային Ամերիկայի (նույնանուն մայրցամաքի պետությունները), Կենտրոնական Ամերիկայի (Հյուսիսային Ամերիկայի պետությունները, որոնք գտնվում են ԱՄՆ-ից հարավ և Կարիբյան ծովի կղզիները) և Կարիբյան երկրամասի (Կարիբյան ծովի կղզիներն ու գաղութները, նախկինում կոչվում էր Վեստ-Ինդիա):

 
Հյուսիսային Ամերիկան մեծությամբ երրորդ մայրցամաքն է: Նրա ափերը ողողում են Խաղաղ, Հյուսիսային սառուցյալ և Ատլանտյան օվկիանոսները: Հարավում Պանամայի ջրանցքով (մինչև 1914 թ.՝ պարանոց) միանում է Հարավային Ամերիկային, հյուսիս-արևմուտքում Բերինգի 85 կմ լայնության նեղուցով անջատվում է Եվրասիայից (անցյալում նեղուցի տեղում եղել է պարանոց. դրանով է բացատրվում մայրցամաքների բուսական և կենդանական աշխարհների նմանությունը): Հյուսիսային Ամերիկային են պատկանում Գրենլանդիա, Կանադական, Արկտիկական, Վեստ Ինդիա, Ալեության, Վանկուվեր, Նյուֆաունդլենդ կղզիներն ու կղզեխմբերը:
 
Քրիստափոր Կոլումբոսից դեռևս 500 տարի առաջ Հյուսիսային Ամերիկայում եղել են նորմանները (նորվեգացիների նախնիները՝ վիկինգները): Նրանք հմուտ ծովագնացներ էին և կաղնու փայտից շինված ամուր, թեթև նավերով դեռ այն ժամանակ ակոսում էին Ատլանտյան օվկիանոսը: 
X դարի վերջին Էրիկ Ռաուդին (Շիկահեր մականունով) մի քանի ուղեկիցներով Իսլանդիայից դեպի արևմուտք նավարկելիս հայտնագործեց մի կղզի: Չնայած կղզին սառցապատ էր, բայց հարավային ափերին կային կանաչ մարգագետիններ, որի համար էլ Շիկահերը կղզին անվանեց Գրենլանդիա (Կանաչ երկիր): Նավարկելով դեպի հարավ՝ նրանք հայտնաբերեցին քարքարոտ, ամայի մի ափ, որը ներկայիս Լաբրադոր թերակղզին է: Հայտնագործած այդ շրջաններում վիկինգները բնակություն հաստատեցին: Սակայն հետագայում նրանց հայտնագործությունները մոռացվեցին: 
1492 թ-ին Քրիստափոր Կոլումբոսը կրկին հայտնագործեց Հյուսիսային Ամերիկայի արևելյան ափերը: 
Մայրցամաքի մակերևույթը հիմնականում հարթավայրային է: Ընդարձակ տարածքներ են զբաղեցնում Կանադական, Կենտրոնական, Մեծ, Միսիսիպիի, Առափնյա դաշտավայրերը:
 
Հարավային Ամերիկան մեծությամբ չորրորդ մայրցամաքն է: Նրա ափերը ողողում են Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսները: Հյուսիսում Պանամայի ջրանցքով (մինչև 1914թ.՝ պարանոց) միանում է Հյուսիսային Ամերիկային, հարավում Դրեյկի լայն ու փոթորկոտ նեղուցով բաժանվում  է Անտարկտիդայից: Հարավային Ամերիկային են պատկանում Հողմատակ, Տրինիդադ, Ֆոլկլենդյան կղզիները, Հրո Երկիր և Չիլիական կղզեխմբերը:
1498 թ-ին, իր համոզմամբ, դեպի Հնդկաստան երրորդ նավարկության ժամանակ Քրիստափոր Կոլումբոսը հասել է Հարավային Ամերիկայի հյուսիսային ափը: Հետազոտելով Օրինոկո գետի գետաբերանը՝ նա կարծել է, թե հասել է Ասիայի արևելյան ափերին, քանի որ նման խոշոր գետ կարող էր հոսել լոկ մայրցամաքով: Կոլումբոսի մահից հետո միայն մարդիկ իմացան, որ նրա հայտնաբերած երկիրը ոչ թե Հնդկաստանն էր, այլ մի նոր, մինչ այդ Եվրոպային անծանոթ աշխարհ: Հետագայում դա ապացուցեց իտալացի ճանապարհորդ Ամերիգո Վեսպուչին. այդ պատճառով էլ Կոլումբոսի հայտնաբերած երկիրը կոչվեց Ամերիկա:
Մայրցամաքի մակերևույթը հիմնականում հարթավայրային է: Ընդարձակ տարածքներ են զբաղեցնում Բրազիլական, Գվիանական, Պատագոնիայի սարահարթերը, Ամազոնի (աշխարհում ամենաընդարձակը), Լա Պլատայի, Օրինոկոյի դաշտավայրերը:
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.