Contests

"ԻՄ ՍՐՏԻ ՈՒՂԵԿԻՑ" շարադրությունների մրցույթ - 2013
Սահակյան Ալվարդ
Դպրոց՝ (ՏԽՈՒԵ) N14 հատուկ դպրոց

Դասարան՝ IX
Ես քո ժպիտն եմ, Երևան
Չէ, ուրիշ է, շատ անուշ է ջուրդ, Երևան... Սա իմ տունն է, իմ վաղեմի սերը: Վարդագույն տուֆերի մի քարավան է, որը գալիս է վաղնջական անցյալից. ես նրան համեմատում եմ նույնիսկ Արարատի հավերժության հետ, տանում եմ պատմական անցյալի խորքերը, իսկ հետո՝ հասցնում մինչև աստղերը: Զարմանո±ւմ եք. ես ծուռ եմ, մի խենթ հայ, որն իր գեղատեսիլ քաղաքն է գրկում և, անտեսելով ամեն դժվարություն, ուրախ ու զվարթ է գարնան հավքերի նման, իսկ դու՝ իմ հարազատ քաղաք, կարծես մի հոյաշեն ու վիթխարի բեկոր լինես, և ի՜նչ կենսախինդ են քո գրկի պարերը, և որքա՜ն բարեհունչ՝ քո երգերը: Քո գրկում շա՜տ հեշտ է մարդկանց հետ մերձենալը, հրաշք է Արարատի հայացքի ներքո ուս ուսի շուրջպար բռնելը: Ես քոնն եմ, Երևա՛ն, քո գալիքի շողերի լուսապայծառ այն ցոլքերից մեկը, ով իր հայկական պատերը բացում է աշխարհի առաջ, ով իր երակների արյան խաղով ազդարարում է քո աշնան գունավոր կանչը, ով Երգ-երգոցն իր հոգում՝ նորից ճաշակում է քո լույսի ու ժպիտի համը: Առանց քեզ չեմ կարող ճախրել թեթև, առանց հոգսերի, գեղեցիկ թևերով: Այնպե՜ս եմ ուզում բազմել քո աներեր ուսին, մխրճվել երկնքիդ կապույտի մեջ, նստել ամպերի քուլաների վրա, սահել դեպի իմ ու քո Արարատի մշուշոտ գագաթը, դառնալ բնության թագավոր, այնտեղից անդադար հսկել քո անդորրը և ժպիտս սփռել մերթ քեզ, մերթ աշխարհի ու մարդկանց վրա: - Լսո՞ւմ ես, ես քո հյուլեն եմ, քո ժպիտը, ես քեզ ոչ ոքի չեմ տա, ոչ ոքի, քանզի իմ ձեռքերում լուսե երազներ կան, և դու փայփայում ես նրանց , որ մի օր փոխվեն բուռն երջանկության, սիրո և հավիտենության: Երևա՛ն քաղաք, դու իմ մայր ոստան, Թանկ ես ինձ համար դու մորս նման, Մի փոքրիկ հող ես, մի չքնաղ պարտեզ, Նաիրյան դալար չինարի եմ ես: Քո փոքրիկ հողում, բայց մեծ սրտիդ մեջ Գանձեր ու հոհար, հանճարներ ունես, Իսկ ես ժպիտն եմ հավերժող փառքիդ, Որ լույս է սփռում գալիքիդ կյանքին