Encyclopedia

Միջնադարյան Հայաստանի առանձնահատկություններ

Հայաստանի ռազմաստրկատիրական հասարակությունը I-III դդ. սկսեց ճեղքեր տալ և վերափոխվել:

Ձեռնարկված քայլերը, որոնք նպատակ ունեին ամրապնդել ստրկատիրական հարաբերությունները, միայն հող նախապատրաստեցին նոր ավատատիրական տնտեսական հարաբերությունների ձևավորման համար: Մշակ-ստրուկի աշխատանքը դարձել էր անարտադրողական, որն արգելակում էր արտադրողական ուժերի զարգացումը: Այն շահութաբեր դարձնելու նպատակով նրանց սկսեցին ամրացնել հողին, որը նախադրյալներ ստեղծեց ավատատիրական հարաբերությունների ծագման, զարգացման և հաղթանակի համար:

Ավատատիրությունը հաղթանակ տարավ IV դ. սկզբներին, սակայն ոչ թե հեղափոխական տեղաշարժերի հետևանքով, ինչպես Եվրոպայում, այլ խաղաղ զարգացման պայմաններում: Հակառակ Արևմտյան Եվրոպայի, որտեղ ավատատիրության հաստատումն ուղեկցվում էր քաղաքային կյանքի աննախընթաց անկումով, Հայաստանը ավատատիրության կամ միջնադարի դարաշրջան թևակոխեց՝ ունենալով խոշոր և բազմամարդ քաղաքներ, որոնց բնակչությունը հասնում էր տասնյակ հազարների: Դրանք թագավորական ուժեղ իշխանության հենարանն էին, երկրի տարբեր մասերը տնտեսապես շաղկապող նյութը և թագավորության տնտեսական կյանքի հիմքը: Ցավոք, հայկական ավատատիրության բնականոն զարգացումը հաճախ խանգարվում էր հարևան հզոր տերությունների ռազմական միջամտությամբ:

Ավատատիրական հարաբերությունները մեծապես խորացան, երբ պարսկական զորքերը IV դ. 60-ական թթ. բռնագաղթեցրին Հայոց թագավորության քաղաքային բնակչության մեծ մասին: Դրա հետևանքով ուժեղացավ բնատնտեսությունը, թուլացավ թագավորական իշխանությունը:

Աղբյուր`   www.lib.armedu.am

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.