Encyclopedia

Եվրոպա

Տարածքը՝ (ներառյալ կղզիները)՝ 10.507 հզ. կմ2
Կղզիների տարածքը՝ 730 հզ. կմ2
Ափագիծը՝ 38 հզ. կմ
Միջին բարձրությունը՝ 340 մ
Պետությունների թիվը՝ 36
Ամենամեծ պետությունը՝
Բնակչության ընդհանուր թիվը՝ 727 մլն

Եվրոպան աշխարհամաս է, ամենամեծ մայրցամաքի՝ Եվրասիայի արևմտյան մասը: Ասիայի և Եվրոպայի միջև ցամաքային սահմանն անցնում է Ուրալյան լեռներով, Էմբա գետով մինչև Կասպից ծովը, Կումա և Մանիչ գետերով մինչև Դոնի գետաբերանը, այնուհետև Սև ու Միջերկրական ծովերով: Եվրոպային են պատկանում Նոր Երկիր, Ֆրանց-Իոսիֆի Երկիր, Շպիցբերգեն, Իսլանդիա, Բրիտանական, Զելանդիա, Բալեարյան, Կորսիկա, Սարդինիա, Սիցիլիա, Կրետե կղզիներն ու կղզեխմբերը: Հսկա թերակղզու նման Եվրոպան 3 կողմից շրջապատված է Հյուսիսային սառուցյալ ու Ատլանտյան օվկիանոսներով և Կարայի, Բալթիկ, Հյուսիսային, Նորվեգական, Բարենցի, Միջերկրական, Ադրիատիկ ու Սև ծովերով: 

Եվրոպայի բնությունը բազմազան է: Եվրոպայում կան և՜ ձյունապատ գագաթներով լեռներ՝ Ալպերը (ամենաբարձր գագաթը Մոնբլանն է՝ 4807 մ), և՜ միջին բարձրության լեռներ (օրինակ՝ Կարպատները), և՜ ընդարձակ հարթավայրեր, և՜ դաշտավայրեր, և՜ տափաստաններ:
Եվրոպայում շատ են հարթավայրային լայն ու ջրառատ գետերը (Վոլգա, Դանուբ, Դոն, Դնեպր), կարճ ու սրընթաց լեռնային գետերը, անուշահամ ու աղի լճերը (Լադոգա, Օնեգա, Էլտոն, Բասկունչակ, Բալատոն, Վենեռն, Վեթեռն):
Եվրոպայի ափերը ողողող մեծաթիվ ծովերի ու ծոցերի ափերին կան նավերի կառանման համար հարմար շատ ծովախորշեր, որտեղ կառուցված են նավահանգիստներ: Աշխարհի խոշորագույն նավահանգիստներից են Ռոտերդամը, Մարսելը, Լոնդոնը (մակընթացության շնորհիվ), Սանկտ Պետերբուրգը, Մուրմանսկը:
 
Եվրոպայի կլիման հիմնականում բարեխառն է, արևմուտքում՝ օվկիանոսային, արևելքում՝ ցամաքային, հյուսիսում՝ մերձարկտիկական և արկտիկական, որտեղ տարվա մեծ մասը ցուրտ է, տիրում է երկարատև, խստաշունչ բևեռային գիշերը, որին փոխարինում է կարճատև, ոչ այնքան տաք բևեռային ցերեկը: Մայրցամաքի հարավում՝ Միջերկրական ու Սև ծովերի ափերին, տաք է և բարենպաստ երկրագործության համար:
 
Իր տնտեսական գործունեության ընթացքում մարդը խիստ փոփոխության է ենթարկել Եվրոպայի կուսական բուսածածկույթը: Մշակովի դաշտերում աճում են ցորեն, աշորա, վարսակ, գարի, հնդկացորեն, այգիներում՝ խնձորենի, տանձենի, սալորենի, խաղող, ձիթենի, նարնջենի: Բազմաթիվ վայրի կենդանիներ ոչնչացվել են: Այդ պատճառով Եվրոպայում, ինչպես և ամենուր, անձեռնմխելի մնացած տարածքներում կենդանական և բուսական աշխարհները պահպանելու համար ստեղծված են բազմաթիվ (օրինակ՝ Տատրայի, Լապլանդիայի, Դանուբի դելտայի, Աբրուցցոյի) արգելոցներ: Տունդրայում, անտառներում, տափաստաններում ապրում են տարբեր կենդանիներ՝ փափկամազ բևեռային աղվես, սկյուռ, եղջերու, որմզդեղն, շերտավոր սկյուռ, գայլ, աղվես, արջ, նապաստակ, վարազ, զանազան թռչուններ՝ կկու, փայտփորիկ, երաշտահավ, ճնճղուկ, ծիծեռնակ, մայրեհավ, աքար, կաքավ, սոխակ, շիկահավ:
Եվրոպայի բնակչության ճնշող մեծամասնությունը պատկանում է եվրոպեոիդ ռասային և խոսում է հնդեվրոպական ընտանիքի լեզուներով: Արևելքում և հարավ-արևելքում բնակվում են հիմնականում սլավոնական (ռուսներ, ուկրաինացիներ, լեհեր, չեխեր, սլովակներ, բուլղարներ, սերբեր և այլք), կենտրոնում և հյուսիսում՝ գերմանական լեզվախմբի (գերմանացիներ, ավստրիացիներ, նորվեգացիներ, դանիացիներ և այլք), հարավ-արևմուտքում՝ ռոմանական լեզվախըմբի (իտալացիներ, պորտուգալացիներ, կատալոնացիներ և այլք) ժողովուրդները: Շատ են հրեաները:
Մեծ է Եվրոպայի դերը քաղաքակրթության զարգացման և մարդկության առաջընթացի գործում: Եվրոպան քաղաքական, տնտեսական, ժողովրդագրական, ռազմական, ֆինանսական, մշակութային գիտությունների, աշխարհագրական մեծ հայտնագործությունների, Վերածննդի, արդյունաբերական հեղաշրջումների հայրենիքն է, միաժամանակ՝ 2 համաշխարհային պատերազմների թատերաբեմը:
 
Այստեղ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կողք կողքի տասնամյակներ շարունակ գոյակցել են 2 ռազմական կազմակերպություններ`   Հյուսիսատլանտյան դաշինքը (ՆԱՏՕ) և Վարշավայի պայմանագրի երկրների կազմակերպությունը, որոնցում ընդգրկված պետություններին բնորոշ է եղել գաղափարական ու քաղաքական սուր դիմակայությունը, որն ստացել էր «սառը պատերազմ» անունը:
 
Մինչև 1990 թ. Եվրոպային հատուկ էին նաև երկրների տնտեսական զարգացման ակնհայտ տարբերությունները: Կապիտալիստական երկրները միավորված էին Եվրոպական տնտեսական համագործակցության մեջ (այժմ վերանվանվել է Եվրոպական միություն), իսկ սոցիալիստական երկրները՝ Տնտեսական փոխօգնության խորհրդի մեջ:
1980-ական թվականների վերջերին սոցիալիստական երկրների ճամբարի փլուզման հետևանքով լուծարվեց Վարշավայի պայմանագրի երկըրների կազմակերպությունը: Փոխվեց Եվրոպայի քաղաքական քարտեզը. վերամիավորվեց Գերմանիան, առանձին հանրապետությունների տարաբաժանվեցին դաշնային պետություններ Չեխոսլովակիան ու Հարավսլավիան, սկսվեց ՆԱՏՕ-ի ընդարձակումը դեպի արևելք: 1999 թ-ին վերջինիս անդամագրվեցին նախկին սոցիալիստական 3 երկրներ՝ Չեխիան, Հունգարիան, Լեհաստանը, ավելի ուշ՝ նաև Լատվիան, Լիտվան և Էստոնիան, որոնք անցյալում ԽՍՀՄ միութենական հանրապետություններ էին:
Եվրոպայում շարունակ խորանում են ինտեգրման (տնտեսական միավորման) գործընթացները: Այժմ Եվրոպական միության անդամների թիվը հասել է 25-ի, իսկ անդամակցելու նպատակով դիմել են նոր երկրներ:
Ատլանտյան օվկիանոսի ափին գտնվելն Արևմտյան Եվրոպայի երկըրներին աշխարհի այլ տարածաշրջանների ու երկրների հետ գործուն տնտեսական կապեր հաստատելու  լայն հնարավորություն է ընձեռել: Իսկ ծովափից զուրկ հարևան պետությունների հետ բազմակողմանի տնտեսական կապերն իրագործվում են ցամաքային ուղիներով: Եվրոպան հայտնի է որպես միջազգային առևտրի կարևորագույն շրջան: Այստեղ են գտնվում մի շարք ապրանքատեսակների միջազգային սակարաններ (բորսաներ), ցուցահանդես-տոնավաճառներ:
 
Եվրոպայում են տեղակայված միջազգային բազմաթիվ կազմակերպությունների գրասենյակներ. Շվեյցարիայի Ժնև քաղաքում են ՄԱԿ-ի Առողջապահության միջազգային կազմակերպությունը և Աշխատանքի միջազգային կազմակերպությունը, Փարիզում՝ ՄԱԿ-ի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունը (ՅՈՒՆԵՍԿՕ), Հռոմում՝ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը, Վատիկանում՝ Կաթոլիկ եկեղեցու վարչական կենտրոնը, Հռոմի պապի նստավայրը, Ստրասբուրգում՝ Եվրամիության խորհուրդը, Բրյուսելում՝ Եվրախորհրդարանն ու ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանը և այլն:
Եվրոպան միջազգային զբոսաշրջության կարևորագույն տարածաշրջան է, որտեղ աշխարհի տարբեր ծայրերից  տարեկան տասնյակ միլիոնավոր զբոսաշրջիկներ են այցելում:  
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.