Encyclopedia

Կղզիներ

Կղզին բոլոր կողմերից ջրով շրջապատված ցամաքն է: Կղզիները գոյանում են ինչպես ծովերում և օվկիանոսներում, այնպես էլ գետերում ու լճերում:

 

Կարող են լինել ինչպես առանձին-առանձին, այնպես էլ խմբերով՝ առաջացնելով կղզեխումբ (Մալայան, Կանադական և այլն):
Երկրագնդի ամենախոշոր կղզին Գրենլանդիան է, բայց այն 3,5 անգամ փոքր է ամենափոքր մայրցամաքից: 
Երկրագնդի խոշոր կղզիներից են՝
 
Ավստրալիայից հյուսիս-արևելք`   Խաղաղ օվկիանոսի կենտրոնական մասում, ցրված են բազմաթիվ մանր կղզիներ և կղզեխմբեր, որոնք ստացել են Խաղաղօվկիանոսյան կղզիներ կամ Օվկիանիա անունը:
 
Կղզիների առաջացումը
Հարյուրավոր տարիներ ծովի ալիքները ողողում են ափը՝ աստիճանաբար նրանից անջատելով ցամաքի մի հատված: Քանի դեռ այդ հատվածը ցամաքի մի շերտով՝ պարանոցով, միացած է մայրցամաքին, այն թերակղզի է (Արաբական, Ալյասկա, Լաբրադոր, Սկանդինավյան): Բայց երբ ջրի տակ է անցնում պարանոցը, թերակղզին վերածվում է կղզու, որտեղ կարելի է հասնել միայն լողալով կամ նավակով:
Պատահում է նաև, որ ցամաքն աստիճանաբար իջնում է, նրա վրա գրոհում է ծովը կամ օվկիանոսը: Ջրի մակերևույթից վեր մնում են միայն լեռների գագաթները, որոնք էլ հենց դառնում են կղզիներ: Այդպես են առաջացել, օրինակ, Խաղաղ օվկիանոսում գտնվող Ալեության և Կոմանդորյան կղզիները: 
Հաճախ օվկիանոսներում կղզիներ գոյանում են այնտեղ, որտեղ թափվում են հզոր գետերը՝ իրենց հետ բերելով կավ, տիղմ կամ ավազ: Տարիների, հարյուրամյակների ընթացքում այդ ջրաբերուկները նստում են հատակին՝ առաջացնելով սկզբում ծանծաղուտ, հետո՝ նաև կղզի:
 
Կղզիներ առաջանում են նաև ստորջրյա հրաբուխներից: Աստիճանաբար, երբեմն մի քանի օրվա կամ տասնյակ տարիների ընթացքում ստորջրյա հրաբխի լավան ժայթքելով բարձրանում է ջրի մակերևույթից և վերածվում կղզու: Երկրի վրա հրաբխային կղզիներ շատ կան: Օրինակ՝ Հավայան, Կուրիլյան և այլն:
Իսկ արևադարձային գոտում կան բուստային կղզիներ: Այդ կղզիներից շատերն օղակաձև են և կոչվում են ատոլներ: Այնտեղ աճող արմավենիների շնորհիվ  հաճախ ատոլները նմանվում են օվկիանոս նետված վիթխարի ծաղկեպսակների: Օղակի ներսի մասը՝ ծովալճակը, համեմատաբար ծանծաղ է, իսկ արտաքին զառիկող ափերը երբեմն ջրի մեջ ընկղմված են լինում մի քանի հարյուր մետր խորությամբ՝ գրեթե ուղղաձիգ պատերով վիթխարի կլոր աշտարակի նման: 
Այդ կղզիների առաջացումը բացատրել է Չառլզ Դարվինը, ըստ որի՝ երբ օվկիանոսի արևադարձային ջրերում առաջանում է հրաբխային  կղզյակ, ապա նրա շուրջը եղած ծանծաղուտում բնակություն են հաստատում կրային կմախք ունեցող բուստային պոլիպներ, որոնք, աճելով ու տարածվելով, գոյացնում են հրաբուխը շրջափակող արգելախութ: Ժամանակի ընթացքում այդ խութն աճելով հասնում է ջրի մակերևույթին և վերածվում ատոլի: 
 
Որոշ կղզիներ աչքի են ընկնում բուսական և կենդանական աշխարհների  ինքնատիպությամբ: Դա բացատրվում է նրանով, որ դրանք վաղուց են անջատվել մայրցամաքից, և նրանց օրգանական աշխարհը զարգացել է մեկուսի: Օրինակ՝ Մադագասկար կղզում շատ են բնաշխարհիկները: Աֆրիկա մայրցամաքին բնորոշ շատ կենդանիներ Մադագասկարում չեն հանդիպում: Դրա փոխարեն կղզում բնակվում են այնպիսի կենդանիներ (լեմուրներ, միջատակեր տենրեկներ և այլն), որոնք  մայրցամաքում չեն պահպանվել:

 

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.