Encyclopedia

Իսլանդիա

Պետական կարգը՝ հանրապետություն
Մայրաքաղաքը՝ Ռեյկյավիկ
Տարածքը՝ 103 հզ. կմ2
Բնակչությունը՝ 300 հզ.
Պետական լեզուն՝ իսլանդերեն
Դրամական միավորը՝ կրոն

 

Իսլանդիան պետություն է Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի և Ատլանտյան օվկիանոսների սահմանագծին գտնվող համանուն կղզում: «Իսլանդիա» անգլերենից բառացի թարգմանությամբ նշանակում է սառցե երկիր: Հրաբխային ծագման կղզի է`   մայրցամաքից ավելի քան 1000 կմ հեռավորության վրա: Մակերևույթը լեռնային է, դաշտավայրերը գտնվում են ափամերձ նեղ գոտում: Կան 26 գործող և 100-ից ավելի հանգած հրաբուխներ: Դրանցից շատերը ծածկված են սառցադաշտերով: 
 
Բնություն
Սառցադաշտերի և գործող հրաբուխների հարևանությունը կղզու բնության առանձնահատկությունն է: Գործող հրաբուխներից առավել ակտիվը Հեկլան է, որի հսկայական խառնարանը վաղ միջնադարում համարվում էր դժոխքի մուտքը: Սակայն առավել կործանարար է եղել Լակի հրաբխի 1783 թ-ի ժայթքումը, որի հետևանքով երկրակեղևում առաջացել է 30կմ երկարությամբ հսկայական ճեղք, և զոհվել է 9 հզ. մարդ (Իսլանդիայի բնակչության 1/5-ը): Հրաբխային մոխիրը հաստ շերտով ծածկել է մի ընդարձակ տարածք՝ ոչնչացնելով բուսական և կենդանական աշխարհները:
Իսլանդիայի հանգած հրաբուխներից նշանավոր է Սնայֆեդլսնեսը, որի խառնարանն է նկատի ունեցել ֆրանսիացի նշանավոր գրող Ժյուլ Վեռնը իր «Ուղևորություն դեպի երկրի կենտրոն» վեպը գրելիս:
Գործող հրաբուխների շրջանում շատ են գեյզերներն ու տաք աղբյուրները, որոնց ջրերն օգտագործվում են բնակարանների, ջերմոցների ջեռուցման համար:
 
Կլիմա
Իսլանդիան աչքի է ընկնում դաժան կլիմայական պայմաններով. ձմեռը երկարատև է, սառնամանիքային, ամառը՝ կարճ ու զով: Կղզու հարավային և հարավարևելյան շրջանների կլիմայի վրա մեղմացնող ազդեցություն է գործում Հյուսիսատլանտյան տաք հոսանքը: Կղզու մեծ մասը զբաղեցնում է տունդրան, շատ են ճահիճները և ձկնառատ լճակները (ամենամեծը Լոխ Նեյն է): Կենդանական աշխարհն աղքատ է:
 
Բնակչություն
Իսլանդիա կղզու բնակեցումն սկսվել է 870թ-ին: 1380 թ-ից պատկանել է Դանիային: Անկախություն է ձեռք բերել 1918թ-ին, հանրապետություն հռչակվել 1944թ-ին: Ներկայումս բնակչության 99%-ն իսլանդացիներ են:
 
Տնտեսություն
Երկրի տնտեսության հիմքը ձկնորսությունն ու ձկնավերամշակումն են: Գյուղատնտեսության ճյուղերից զարգացած են մսաբրդատու ոչխարաբուծությունը և կաթնատու տավարաբուծությունը: Մշակում են կերային մշակաբույսեր, կարտոֆիլ: 

 

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.