Encyclopedia

Շվեյցարիա

Շվեյցարիա (գերմաներեն՝ Schweiz, ֆրանսերեն՝ Suisse, իտալերեն՝ Svizzera, ռոմանշերեն՝ Svizra), պաշտոնական անվանում՝ Շվեյցարական Համադաշնություն (գերմաներեն՝ Schweizerische Eidgenossenschaft, ֆրանսերեն՝ Confédération suisse, իտալերեն՝ Confederazione Svizzera, ռոմանշերեն՝ Confederaziun svizra), պետություն Կենտրոնական Եվրոպայում։

 

Հյուսիսից սահմանակից է Գերմանիայի, հարավում՝ Իտալիայի, արևմուտքում՝ Ֆրանսիայի, արևելքում՝ Ավստրիայի և Լիխտենշտայնի հետ: Անվանումը ծագում է Շվից կանտոնի անունից, որն իր հերթին կազմվել է հին գերմաներեն «վառել» բառից։
 
Շվեյցարիան գտնվում է Արևմտյան Եվրոպայի գրեթե կենտրոնում։ Երկրի երեք հինգերորդ մասն զբաղեցնում են ուղաձիգ ժայռերով, անհատակ վիհերով և շառաչող ջրվեժներով լեռները, որոնց գագաթները ծածկված են հավերժական սառույցով։ Շվեյցարիայում մինչև այժմ պահպանվել է մի գեղեցիկ լեգենդ դիպուկ նետաձիգ Վիլհելմ Տելլի մասին։ Շատ դարեր առաջ Շվեյցարիայում իշխում էին ավստրիացիները, որոնք դաժանորեն ճնշում էին շվեյցարացիներին։ Ավստրիական կուսակալը գլխարկը կախել էր իր տան առջև ցցված ձողից և հրամայել, որ շվեյցարացիներն անցնելիս խոնարհվեն նրա առջև։ Ազատասեր Վիլհելմ Տելլը հրաժարվում է կատարել կուսակալի վիրավորական քմահաճույքը։ Կատաղած բռնակալը հրամայում է բռնել նրան. իբրև պատիժ Տելլը պետք է նետահարեր իր որդու գլխին դրված խնձորը։ Նրա արձակած նետը ծակում անցնում է խնձորը`   առանց վնասելու տղային։ Երկրորդ նետը ծակում է բռնակալի կուրծքը։ Դա դառնում է ապստամբության ազդանշան, և շվեյցարացիները զավթիչներին վտարում են երկրից։ Իրականում շվեյցարական ժողովրդի պայքարը երկարատև էր ու դաժան։ Շվեյցարիան մշտական բանակ չունի։ Ավելի քան 160 տարի է, որ նա չի մասնակցում ոչ մի պատերազմի։ 1815 թ. Շվեյցարիայում օրենք է ընդունվել նրա «մշտական չեզոքության», այսինքն՝ միջազգային որևէ ընդհարման չմիջամտելու մասին։ Տևական խաղաղությունը նպաստել է նրա տնտեսության զարգացմանը։ Շվեյցարիայի ընդերքը աղքատ է օգտակար հանածոներով։ Արդյունաբերության համար անհրաժեշտ գրեթե ամբողջ հումքը ներմուծվում է ուրիշ երկրներից։ Դա է այն գլխավոր պատճառներից մեկը, որ Շվեյցարիայում զարգացած են ժամագործությունը, ոսկերչությունը և ուրիշ այնպիսի ճյուղեր, որոնք քիչ հումք են պահանջում։ Շվեյցարիան հռչակված է հատկապես իր ժամացույցներով։ Այստեղից ամեն տարի զանազան երկրներ է առաքվում շուրջ 80 մլն ժամացույց։ Երկիրը հարուստ է լեռնային հրաշալի արոտավայրերով, այդ պատճառով էլ զարգացած անասնապահություն ունի։ Չեզոք Շվեյցարիայում ապաստան են գտել Եվրոպայի բոլոր երկրների հեղափոխականները։ Մոտ յոթ տարի այստեղ է ապրել Լենինը։ Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնի մոտ գտնվող Ցիմերվալդ գյուղում 1915 թ. գումարվել է շատ կարևոր մի կոնֆերանս, որը բանվորական շարժման պատմության մեջ հայտնի է Ցիմերվալդի կոնֆերանս անունով։
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.