Encyclopedia

Ավստրիա

Պետական կարգը՝ հանրապետություն
Մայրաքաղաքը՝ Վիեննա
Տարածքը՝ 83,854 հզ. կմ2
Բնակչությունը՝ 8,1 մլն
Պետական լեզուն՝ գերմաներեն
Դրամական միավորը՝ եվրո (մինչև 2002թ.`   շիլինգ)

Ավստրիան պետություն է Կենտրոնական Եվրոպայում։ Ավստրիան սահման ունի հյուսիսում`   Գերմանիայի և Չեխիայի, արևելքում`   Սլովակիայի և Հունգարիայի, հարավում`   Սլովենիայի և Իտալիայի, արևմուտքում`   Շվեյցարիայի և Լիխտենշտեյնի հետ։ Ավստրիայի մայրաքաղաքը Վիեննան է։

 

Աշխարհագրություն
Այս փոքրատարածք պետությունը գտնվում է Եվրոպայի կենտրոնում: Արևելքից արևմուտք նրա տարածքը հատում են Ալպերի լեռնաշղթաները, որոնց բարձր, ձյունապատ գագաթներից սկիզբ են առնում հարյուրավոր գետեր ու ջրվեժներ: Նրանցից շատերի վրա կառուցված են հիդրոէլեկտրակայաններ: Լեռնալանջերը ծածկված են, հիմնականում, եղևնու անտառներով: Ավելի բարձր հյութալի խոտով լեռնային մարգագետիններն են: Գետահովիտներում կլիման չափավոր տաք է ու մեղմ: Գյուղացիներն այստեղ մշակում են ցորեն, աշորա, եգիպտացորեն, կարտոֆիլ, խաղող, մրգեր: Ավստրիայի սեփական հացահատիկը չի բավարարում, ուստի նա հացահատիկ է գնում ուրիշ երկրներից: Երկրում նավարկելի միակ գետը Դանուբն է: 
 
Կլիմա, բնություն
Կլիման բարեխառն ցամաքային է, գետահովիտներում՝ չափավոր տաք ու մեղմ: Գետերն արագահոս են: Գլխավոր գետը Դանուբն է՝ Ինն, Էնա, Դրավա,
Մուրավա վտակներով: Կան մոտ 580 լճեր ու լճակներ: Առավել նշանավոր է Բոդենի Մեծ լիճը:
Լեռնալանջերը ծածկված են անտառներով, ավելի բարձր՝ հյութալի խոտով լեռնային մարգագետիններով: Անտառային գոտում, գլխավորապես Բարձր Տաուեռն և Գրոսգլոքներ արգելոցներում, պահպանվել են Եվրոպայի համար հազվադեպ ազնիվ եղջերուն, այծյամը, գորշ արջը, լեռնային արծիվը:
 
Պատմություն
Ավստրիան անցյալում եղել է հզոր ու մեծ տերություն. շուրջ 700 տարի`   1278–1912 թթ., երկիրը կառավարել է Հաբսբուրգների արքայատոհմը: 
Ավստրիական Հանրապետությունը կազմավորվել է 1918 թ-ի նոյեմբերին`   Ավստրո-Հունգարական կայսրության փլուզումից հետո:
Ավստրիան եվրոպական այն երկրներից էր, որն առաջիններից մեկը դարձավ գերմանական ագրեսիայի զոհը տակավին Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին: 1945 թ-ի ապրիլին խորհրդային բանակը գերմանացիներին դուրս մղեց Վիեննայից և երկրի զգալի մասից, իսկ արևմուտքից հարձակվող անգլո-ամերիկյան դաշնակից զորքերը՝ մնացած մասից, և մինչև 1955 թ. Ավստրիայի տարածքը գտնվում էր հաղթանակած չորս տերությունների (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, ԽՍՀՄ և Ֆրանսիա) վերահսկողության տակ: 1955 թ-ի մայիսին Ավստրիան այդ երկրների հետ կնքեց պայմանագիր, որով նա հռչակում էր իր մշտնջենական չեզոքությունը:
Ավստրիայի բնակչության մեծամասնությունը (97%) ավստրիացիներ են, բնակվում են նաև սլովեններ, հունգարացիներ, չեխեր, հրեաներ, հայեր և այլք:
Ավստրիացիներն առօրյայում խոսում են գերմանական բարբառներով, իսկ գրական գերմաներենը գրավոր կամ պաշտոնական լեզուն է:
 
Արդյունաբերություն, տնտեսություն
Ավստրիայում լեռնահանքային արդյունաբերությունը հիմնված է բազմազան օգտակար հանածոների ոչ մեծ պաշարների վրա: Արդյունահանում են նավթ, գազ, երկաթ, ցինկ, կապար, պղինձ, մագնեզիտ, գրաֆիտ, կերակրի աղ, գորշ ածուխ և այլն: Գործարաններն ու ֆաբրիկաները թողարկում են բարձրորակ տարբեր սարքեր ու մեքենաներ, գործվածքներ ու տպագրական թուղթ:
Երկիրն ունի բազմաճյուղ գյուղատընտեսություն: Մշակում են ցորեն, աշորա, եգիպտացորեն, կարտոֆիլ, խաղող, մրգեղեն, սակայն սեփական հացահատիկն իրենց չի բավարարում, ուստի այն ներկրում են այլ երկրներից: Գյուղատնտեսության գլխավոր ճյուղը անասնաբուծությունն է: Ավստրիան հռչակված է ցեղական խոշոր եղջերավոր կենդանիների բուծմամբ:
 
Մշակույթ
Ավստրիայում են ապրել ու ստեղծագործել աշխարհահռչակ կոմպոզիտորներ Մոցարտը, Բեթհովենը, Շուբերտը, Շտրաուսը, Հայդնը, Բրամսը: Ավստրիացիների սիրելի ազգային մեղեդիներն են վիեննական վալսերը, իոդլները (երգեր, որ կատարվում են բարձր տոնով ու ձայնի գեղգեղանքով): Տոնախմբությունների ժամանակ կազմակերպում են նվագախմբերի մրցույթներ, հրապարակներում ժողովուրդը մինչև ուշ գիշեր երգում ու պարում է:
Ամեն տարի միլիոնավոր օտարերկրյա զբոսաշրջիկներ են այցելում Ավստրիա, ծանոթանում նրա տեսարժան վայրերին, որոնցով հարուստ է այդ երկիրը: Նրանք դահուկասահքի են ելնում Ալպերում, բուժվում առողջարանների բուժիչ ջրերով, այցելում հին դղյակներն ու թանգարանները: Շատ թանգարաններ, հինավուրց պալատներ ու զբոսայգիներ կան հատկապես երկրի մայրաքաղաքում՝ գեղատեսիլ Վիեննայում:

 

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.