Encyclopedia

Վրաստան

Պետական կարգը՝ հանրապետություն
Մայրաքաղաքը՝ Թբիլիսի
Տարածքը՝ 69,7 հզ. կմ2
Բնակչությունը՝ 4,4 մլն
Պետական լեզուն՝ վրացերեն
Դրամական միավորը՝ լարի

 

Վրաստանը (վրացերեն՝ საქართველო, [sɑkʰɑrtʰvɛlɔ] Սաքա՛րթվելո) երկիր է Անդրկովկասում, Սև ծովի արևելյան ափին։ Վրաստանը և աշխարհի բոլոր պետությունները բացի Ռուսաստանից և մի քանի այլ պետություններից, մի շարք տարածքներ համարում են օկուպացված և Վրաստանի կազմի մեջ մտնող։ Դրանք են՝ Աբխազիան և Հարավային Օսիան, որոնք Ռուսաստանի և մի շարք այլ պետությունների կողմից ճանաչված են որպես անկախ պետություններ (տես Աբխազիայի և Հարավային Օսիայի միջազգային ճանաչում)։ Վրացական իշխանությունների կողմից վերահսկվող տարածքը արևմուտքում սահմանակից է Աբխազիային, իսկ հյուսիսում՝ Հարավային Օսիային։ Ինչպես նաև հյուսիսում սահմանակցում է Ռուսաստանին, հարավում՝ Թուրքիային և Հայաստանին, հարավ-արևելքում՝ Ադրբեջանին։ Վրաստանը միջերկրամասային երկիր է, հիմնականում գտնվում է Ասիայում, մասամբ Եվրոպայում։ 1999 թ. ապրիլի 27-ից Եվրախորհրդի անդամ է։
Խոշոր քաղաքներն են Քութայիսը, Ռուսթավին, Բաթումը, Սուխումը: Մայրաքաղաքն է Թբիլիսին։
 
Դրոշը
Ներկայիս դրոշը ընդունվել է 2004 թվականին, համաձայն «Դրոշի մասին օրենքով»։ Բացի այդ էլ «Դրոշի մասին օրենքի» երկրորդ էջում գրվում է, թե ինչ սխեմայով է կազմվել դրոշը: Երկարությունը հարաբերվում է լայնության, այնպես ինչպես 3:2։
 
Օրհներգը
Վրաստանի Հանրապետության պետական օրհներգի բառերը վերցված են Զաքարիա Պալիաշվիլու (1871—1933) երկու օպերաներից՝ «Դաիսի» և «Աբեսալոմ և Էթերի»։ Խոսքերի հեղինակը ժամանակակից վրաց բանաստեղծ Դավիթ Մեգրլաձեն է, ով օգտագործել է մեջբերումներ վրաց դասական բանաստեղծներ Ակակի Ծերեթելու, Վաժա Փշավելու, Գրիգոլա Օրբելիանիի և Գալակտիոն Տաբիձեի բանաստեղծություններից։
 
Բնակչությունը
Երկրի բնակչությունը բազմազգ է: Բնակչության մեծամասնությունը`   69%-ը, վրացիներ են։ Հայերը կազմում են Վրաստանի բնակչության 9%-ը`   հիմնականում բնակվելով Թբիլիսիում (այն եղել է արևելահայության մշակույթի կենտրոնը), Ջավախքում և Աբխազիայում։ Շատերը ասիմացվել են Կախեթում։ Վրաստանում բնակվում են նաև ռուսներ, ադրբեջանցիներ, աբխազներ, աջարներ, հույներ, օսեր, քրդեր և այլ ազգեր։
 
Տնտեսությունը
Վրաստանը ինդուստրալ-ագրարային երկիր է։ Այն ունի զարգացման միջին մակարդակ։ Տնտեսությունը բազմաճյուղ է: Արդյունաբերական արտադրանքի արժեքն զգալիորեն գերազանցում է գյուղատնտեսականին։ Զարգացած են նաև առևտուրն ու սպասարկման ոլորտը։
Արդյունաբերությունը բազմաճյուղ է։ Վերջինիս մեջ առաջնային տեղը պատկանում է գյուղատնտեսական հումքի մշակման ճյուղերին: Սննդի ու թեթև արդյունաբերությանը բաժին է ընկնում արդյունաբերական արտադրանքի 2/3-ը։
Սննդի արդյունաբերության կարևոր արտադրատեսակներից են թեյը, գինին և պտղաբանջարեղային պահածոները, հանքային ջրերը, որոնց զգալի մասը արտահանվում է։ Թեյի արտադրության հիմնական շրջանը Արևմտյան Վրաստանն է: Գինեգործությունը զարգացած է Կախեթում և Ռիոնի գետի հովտում: Պահածոների արդյունաբերությունը տեղաբաշխված է ամենուր։
 
Թեթև արդյունաբերության խոշորագույն ձեռնարկությունները`   բամբակյա, բրդյա, մետաքսյա գործվածքների, կոշիկի, տեղաբաշխված են Թբիլիսի, Գորի, Քութայիս քաղաքներում։ Մեքենաշինության ճյուղերից հատկապես զարգացած է տրանսպորտի մեքենաշինությունը: Թբիլիսիում թողարկվում են էլեկտրաքարշեր, ուղղաթիռներ, Քութայիսում`   բեռնատար ավտոմեքենաներ, Փոթիում ու Բաթումում`   նավեր: Առաջատար ճյուղեր են նաև հաստոցաշինությունն ու գյուղատնտեսական մեքենաշինությունը։
Մեքենաշինությանը մետաղով ապահովելու նպատակով Ռուսթավիում գործում է սև մետաղաձուլական կոմբինատ, որն աշխատում է սեփական ածխի ու մանգանի, ինչպես նաև Ադրբեջանի Դաշքեսանի հանքավայրից ներկրվող երկաթի հանքաքարի հիմքի վրա։ Վառելիքաէներգետիկական արդյունաբերությունը հենվում է սեփական ածխի, նավթի ու գետերի ջրաէներգետիկական պաշարների վրա: Խոշոր ՋրԷԿ-ն է Ինգուրիինն է։
Գյուղատնտեսական արտադրանքի գերակշիռ մասն ապահովում է հողագործությունը, որի զարգացման կարևոր նախադրյալներն են մերձարևադարձային կլիման ու բերրի հողերը:
Թեյը Վրաստանի արևմտյան մասում մշակում են XIX դարի վերջից: Այն դարձել է երկրի կարևորագույն մշակաբույսը։ Թեյի մշակման արագ աճը պայմանավորված է նախկին ԽՍՀՄ-ի ներքին շուկայի մեծ պահանջարկով։ Արևմտյան Վրաստանում մշակում են ցիտրուսային պտուղներ (առավելապես`   մանդարին)։ Պտղատու այգեգործությունը տարածված է հանրապետության մեծ մասում։ Խաղողագործությունը զարգացած է ծովի մակարդակից 300-600 մ բարձրությունների վրա։ Արևելյան մասում մշակում են խնձոր ու տանձ։ Շատ են դափնու և տունգի տնկարկները։
Հացահատիկային բույսերից Վրաստանի արևմտյան`   խոնավ մասում գերակշռում է եգիպտացորենը, իսկ արևելյան`   չորային մասում`   ցորենն ու գարին։
Պալարապտղային բույսերից մշակում են կարտոֆիլ, սակայն դրա համախառն բերքը լրիվ չի բավարարում երկրի բնակչության պահանջարկը։ Կարտոֆիլի մշակության գլխավոր շրջանը Ջավախքն է։
Անասնապահությունը համեմատապար թույլ է զարգացած։ Խոշոր եղջերավոր անասնապահությամբ զբաղվում են ամենուր։ Արևմտյան մասում գերակշում են խոզաբուծությունն ու թռչնաբուծությունը, արևելյանում`   ոչխարաբուծությունը։

 

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.