Երևան քաղաքի պատմության թանգարան
Խաղ-էքսկուրսիա
Երևանյան պատմություններ՝ վերածված արձանիկների

Հարգելի՛ dasaran.am-ցիներ ցանկանում ենք տեղեկացնել, որ ԵՔՊԹ-ում գործում է կրթական նոր ծրագիր՝ «Երևանյան պատմություններ՝ վերածված արձանիկների»: Այն իրականացվում է թանգարանի 3-րդ ցուցասրահում: Այնտեղ տեղադրված են Խաչատուր Իսկանդարյանի «Հին երևանյան հուշեր» շարքից մանրաքանդակներ և կա էկրան: Այցելուները նստում են աթոռներին՝ էկրանի դիմաց, որտեղ ցուցադրվում են հին երևանյան տեսարաններ և արձանիկները մոտիկից պատկերող լուսանկարներ, որոնց միջոցով ներկայացվում են Աստաֆյան, Ցարսկայա և այլ փողոցների պատշգամբներով տները, «Ինտուրիստ» հյուրանոցը, Ղանթարն ու Կոլխոզշուկան և այլն: Դրան զուգահեռ էքսկուրսավարը ներկայացնում է արձանիկները` «կենդանացնելով նրանց հետեքրքիր, երևանյան կոլորիտով լի պատմությունների միջոցով»: Այդ պատմությունները քանդակագործ Խաչատուր Իսկանդարյանի մանկության հուշերն են, որոնք վերածվելով արձանիկների փոխանցվել են մեզ: Մասնակցելով այս հետաքրքրաշարժ կրթական ծրագրին՝ այցելուներին հնարավորություն է տրվում պատկերացում կազմել հին ու բարի Երևանի նիստուկացի վերաբերյալ: Անշուշտ հետաքրքիր է ծանոթանալ Ղանթար շուկայի տնօրեն «Լոպազի» հետ, իմանալ թե ովքեր են եղել «չիստիլշիկները», «խզրարչիները», ինչպես են հին Երևանում սրվել դանակներն ու մկրատները, ինչպես են հնաբնակ երևանցիները լուսանկարվել և երթևեկել: Այս ամենից բացի ձեզ կներկայացվի 7 հրաշալիքների ծառ համարվող թթենին: Երբևէ մտածե՞լ էիք, որ Երևանում աճում է 7 հրաշալիքներ ունեցող ծառ:

Լսելով արձանիկների տեսքով ներկայացված երևանյան պատմությունները՝ աշակերտներից յուրաքանչյուրը նկարում է իրեն հոգեհարազատ մի արձանիկ՝ վերարտադրելով հին Երևանի առօրյան:

Հետաքրքրե՞ց: Եթե այո, ապա կարող եք զանգահարել և գրանցվել այցելության համար:

Հեռ. 010-56-81-09