Երևան քաղաքի պատմության թանգարան
Խաղ-էքսկուրսիա
Ավանդական էքսկուրսիայի այլընտրանք

Մեր թանգարանում անցկացվում են նաև կրթական  անիմացիոն ծրագրեր: Ծնողների և աշակերտների շրջանակում հատկապես մեծ արձագանք ստացավ «Դպրոցականների արտասովոր արկածները  ԵՔՊՔ-ում» ներկայացումը: Այս թատերականացված միջոցառման սցենարը Չեխովի անվան N55 դպրոցի և ԵՔՊԹ-ի համատեղ աշխատանքի արդյունքն էր: Դպրոցականների մասնակցությամբ թանգարանի որոշ ցուցանմուշներ հետաքրքրաշարժ բեմադրությունների միջոցով պարզապես «կենդանություն» էին ստանում: Ծրագրի գլխավոր նպատակն էր սովորողներին, մասնակից դարձնելով Երևանի կարևոր իրադարձություններին, ծանոթացնել քաղաքի պատմության հետ:

Ներկայացման սկիզբն ազդարարեց Արգիշտի արքան.

-Խալդի աստծո մեծությամբ, Արգիշտին՝ Մենուայի որդին, ասում է. այս հզոր ամրոցը կառուցեցի, սահմանեցի, Էրեբունի անունը...

Պատկառելի արտաքինով ճարտարապետ Ալ. Թամանյանը, Ռուսաստանի կայսր Նիկոլայ I-ը, գրող Ալ. Գրիբոյեդովը և այլ կերպարներ պատմում էին Երևանի պատմության հիշարժան դրվագները, որին հաջորդում էր հայտնի նկարիչ Ս. Առաքելյանի «Հին Երևանի շուկան» կտավի աստիճանաբար կենդանանալը, երբ սրահի տարբեր կողմերից լսվում էին «վաճառականների» ձայները.

-Յաբլոկի, դուլի յաբլոկի, ձմերուկ, ջուր, սառը ջուր:

Այցելուներից ոմանք, եթե ցանկանում էին շրջել Աստաֆյան փողոցով, ապա կառապանի դերը կատարող մի դպրոցական 1ռուբլի 50 կոպեկով նրանց էր վաճառում ձիաքարշի տոմսերը:

Մեր թանգարանը համագործակցում է ոչ միայն մանկապարտեզների և դպրոցների, այլև բուհերի հետ: Պրակտիկայի կամ  դասընթացի վերջում ուսանողները բեմադրում են իրենց կողմից մշակված կրթական անիմացիոն ծրագրերը տարբեր հետաքրքրքշարժ վերնագրերով՝ «Երևանյան պատմություներ վերածված արձանիկների»,  «Հարսնակռիվ», «Փեսացուն կրկեսից, թե հարսնացուն հյուսիսից» և այլն:

Ձեզ հետաքրքրե՞ց մեր թանգարանում անցկացվող կրթական անիմացիոն ծրագրերը, եթե այո, ապա ինքներդ կարող եք հանդես գալ  նման որևէ ծրագիր իրագործելու նախաձեռնությամբ: Մենք սիրով կօգնենք ձեզ: