Դիլիջանի ժողովրդական արվեստի թանգարան (Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն - մասնաճյուղ)

Դիլիջանի ժողովրդական արվեստի թանգարանը Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնի մասնաճյուղն է:

 Ստեղծվել է 1979 թվականին` բանահավաք և գեղանկարիչ Հովհաննես Շարամբեյանի անմիջական նախաձեռնությամբ ու մասնակցությամբ:

Թանգարանը գտնվում է Դիլիջան քաղաքի կենտրոնում, Աղստև գետի հարևանությամբ: Տան վերջին բնակիչը եղել է Հովհաննես Շարամբեյանը, ում նախաձեռնությամբ էլ շենքը վերածվել է ժողովրդական արվեստի թանգարանի: 1979 թվականին Հովհաննես Շարամբեյանը իր հավաքածուն նվիրել է Դիլիջանի ժողովրդական արվեստի թանգարանին՝ համալրելով թանգարանի ֆոնդը:  Թանգարանում ներկայացված են հայ ժամանակակից ժողովրդական վարպետների և ինքնուս ստեղծագործողների աշխատանքներ, ազգագրական արժեք ներկայացնող ցուցանմուշներ, կենցաղային իրեր` գորգեր, կարպետներ:

Թանգարանն ունի 9 սրահ, պատշգամբ, որը նույնպես ծառայում է ցուցադրության համար։ Թանգարանի ֆոնդը կազմում է 847 ցուցանմուշ, որից ցուցադրության է ներկայացված 547-ը: Թանգարանի ֆոնդը ձևավորվել է նաև նվիրատվություններից ձեռք բերված բազմազան կիրառական արվեստի ցուցանմուշներով[3][4]:

Թանգարանի շենքը

19-րդ դարի վերջում (1896) կառուցված թանգարանի շենքը Դիլիջանի ամենահին շինություններից է: Տունը կառուցել է Սամսոն Բեկ-Հարությունյանը: Այն եղել է իշխանուհի Մարիամ Թումանյանի ամառանոցը, ով բնակվել է Թիֆլիսում, իսկ ամռան ամիսներն անց է կացրել այս շենքում: Մարիամ Թումանյանը 1913-1915 թվականներին Դիլիջանում ստեղծել է մանկական ակումբ, 1919-1920 թվականներին՝ հիմնել է գորգագործարան, որբանոց: Սամսոն Հարությունյանը և Մարիամ Թումանյանը խորհրդային իշխանության տարիներին Դիլիջանում գտնվող ամառանոցը նվերել են Հայաստանին: Երկհարկանի, փայտե նախշազարդ պատշգամբով այս տանն են հյուընկալվել հայ մշակույթի և գրականության բազմաթիվ հայտնի գործիչներ՝ Հովհաննես Թումանյան, դերասանուհի Ազնիվ Հրաչյա, Սիրանույշ, Եղիշե Չարենց, Ֆրիտյոֆ Նանսեն, բանասեր Սերգեյ Վարդանյան:

Թանգարանն ընդգրկված է Դիլիջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում: