«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան (ՊՄՊ մասնաճյուղ)

«ԶՎԱՐԹՆՈՑ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆ

 

Զվարթնոց արգելավայրի ստեղծումը պայմանավորված է 1900-1907 թթ. Էջմիածնի միաբան Խաչիկ վարդապետ Դադյանի նախաձեռնությամբ և 1904 թ. ճարտարապետ Թորոս Թորամանյանի ղեկավարությամբ պեղումներով բացված Զվարթնոց կամ Սբ. Գրիգոր Լուսավորիչ տաճարի (կառուցված 641-652 թթ.) և հարակից շինությունների ավերակների պատմաճարտարապետական բացառիկ նշանակությամբ և պատմահնագիտական գտածոների արժեքով:

ՀԽՍՀ Լուսժողկոմատի 1923 թ. մարտի 20-ի №1138 հրամանով ստեղծվել է Զվարթնոց հնագիտական վայրի և կալվածքի վարչություն, կառավարիչ է նշանակվել անվանի բանահավաք, հնագետ Խաչիկ վարդապետ Դադյանը: ՀԽՍՀ Լուսժողկոմատի 1924 թ. ապրիլի 17-ի №141 հրամանով Զվարթնոց հնագիտական վայրն ընդգրկվել է Հայաստանի հնությունների պահպանման կոմիտեի կազմում:

1924-1944 թթ. արգելավայրը գործել է որպես «Զվարթնոցի» հնագիտական վայր, 1944-1986 թթ.` «Զվարթնոց» հուշարձան թանգարան, 1986-1989 թթ.` «Զվարթնոց» պատմաճարտարապետական թանգարան, 1990-2003 թթ.` «Զվարթնոց» պատմաճարտարապետական արգելոց-թանգարան: Այն 2003 թ. հունիսից գործում է ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կազմում` «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան մասնաճյուղ անվանումով: Գտնվում է Արմավիրի մարզում, Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասում, Երևան-Էջմիածին մայրուղու ձախ կողմում` Երևանից 15 կմ դեպի արևմուտք: Արգելոց-թանգարանի անմիջապես մուտքի առջև, բարձր պատվանդանի վրա տեղադրված է արծվի հուշակոթող: Մուտքը վճարովի է: Արգելոց-թանգարանի երկու` «Պահպանման և շահագործման» ու «Հանրահռչակման, գիտահետազոտական և ֆոնդային աշխատանքների» բաժիններն ունեն 20 աշխատողներ: Թանգարանային շենքում անձնակազմի համար նախատեսված են աշխատասենյակներ: Արգելոց-թանգարանում այցելուների սպասարկման համար անցկացվում են էքսկուրսիաներ հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով:

1957թ. ՀԽՍՀ կառավարության որոշմամբ հուշարձանի տարածքում վերականգնվել է VII դարի բնապատմական միջավայրը, կատարվել է տարածքի կանաչապատում, ստեղծվել բնապատմական միջավայր և այգեպուրակային համալիր: Տաճարային համալիրում ստեղծված են համապատասխան պայմաններ հաշմանդամների և կույրերի սպասարկման համար: VivaCell MTS-ի աջակցությամբ տաճարի տարածքում տեղադրվել են տեղեկատվական վահանակներ (հինգ լեզուներով) և կույրերի համար նախատեսված բրայլյան համակարգով կազմված վահանակ: 2012 թ. գարնանից հուշարձանում գործումէ գիշերային սպասարկում, հուշարձանը այցելուներին ներկայանում է գեղարվեստական լուսավորության և ձայնային էֆեկտների գեղեցիկ համադրությամբ:
Զվարթնոց տաճարի հարավային կողմում 1936-1937 թթ. ճարտարապետ Նիկողայոս Բունիաթյանի նախագծով և հնագետ Կարո Ղաֆադարյանի ղեկավարությամբ կառուցվել է Զվարթնոց թանգարանային շենքը, որի բացումը կատարվել է 1937 թ. նոյեմբերիր 7-ին: Սկզբում այն ունեցել է փոքր ցուցադրություն` ձևավորված մեկ սրահի մեջ` 80 քմ մակերեսով: 1988 թ. ճարտարապետ Լ.Սադոյանի նախագծով սկսվել են թանգարանային շենքի ընդարձակման աշխատանքները և այն գրեթե քառապատկվել է, իսկ 2003 թ. ավարտին է հասցվել թանգարանային շենքի հարդարման աշխատանքները: Այժմ ցուցադրության համար թանգարանն ունի 3 սրահներ`երկուսը մշտական, իսկ մեկը` ժամանակավոր և շրջիկ ցուցադրությունների կազմակերպման համար: Թանգարանի հիմնական և գիտաօժանդակ ֆոնդերում, ինչպես նաև բաց ցուցադրությունում կան 10 հազարից ավելի միավոր նյութեր, որոնցից առավել ամբողջականները տեղ են գտել մշտական ցուցադրության մեջ:
Թանգարանում 1937 թ. կազմակերպված առաջին մշտական ցուցադրության հեղինակը եղել է հնագետ Կարո Ղաֆադարյանը, իսկ 1981թ. մայիսին կազմակերպված երկրորդ մշտական ցուցադրության հեղինակը` Վարդան Հարությունյանը: Այժմ ավարտական փուլում է գտնվում երրորդ մշտական` արդի թանգարանագիտական չափանիշներին համապատասխանող գիտական ցուցադրության ձևավորման աշխատանքները: Ցուցադրությունում տեղ են գտել պեղումների ժամանակ Զվարթնոցի տարածքից հայնաբերված միջնադարյան կավե 2 կարասները (յուրաքանչյուրը 500 լ տարողությամբ), հայատառ գրությամբ արևային բոլորակ ժամացույցը, Ներսես Գ կաթողիկոսի թողած «Ներսեսն է կառուցել, հիշեցե՛ք» հունատառ արձանագրությունը, «Յոհան» մակագրությամբ շինարար վարպետի բարձրաքանդակը, ինչպես նաև տաճարից մնացած այլ զարդաքանդակ բեկորներ: Ցուցադրվելու է ոչ միայն տաճարական համալիրի ճարտարապետությունը, այլև պեղածո նյութեր. բազմերանգ խեցեղենի և զարդերի նմուշներ, մետաղյա գործիքներ, գամեր և խոփեր:
Զվարթնոց տաճարում վերականգնման աշխատանքներ են կատարվել 1945, 1958, 1962, 1966-1967 թթ: 1980-90-ական թթ. ճարտարապետ Լ.Սադոյանի նախագծով վերականգնվել են խորանների սյունաշարերը, արծվախոյակ սյուները, տաճարի առաջին աստիճանի պատերի ստորին մասը: 2000-2003 թթ. ճարտարապետ Մ.Դանիելյանի նախագծով վերականգնվել է հարավային կամարաշարը և արևմտյան շքամուտքը:

Բացօթյա ցուցադրությունում ցուցադրվում են Զվարթնոց տաճարի ավերակների ամրակայած և մասնակի վերականգնած պատերի մնացորդներ, սյուների խարիսխներ, բներ, զամբյուղախոյակ և արծվախոյակ սյունաշարեր, կամարներ, բարավորների քիվեր, թաղակապ ծածկերի կրաշաղախե խոշոր զանգվածքներ, մկրտության ավազան, ջրհոր, տաճարից պահպանված զարդաքանդակներ, տաճարի հարավ-արևմտյան մասում գտնվող կաթողիկոսական պալատը, վանականների խցերը, բաղնիքը, 4-5րդ դարի բազիլիկ եկեղեցու մնացորդները և գինու հնձանը, ինչպես նաև պեղումների ընթացքում համալիրի տարածքից հայտնաբերված մ.թ.ա. 2-1-ին հազարամյակներով թվագրվող կլոր սալաքարը (չորս տարբեր փոսիկներով և առվակով), նախաքրիստոնեական շրջանի պաշտամունքային ֆալլոտիպ կոթողը, ինչպես նաև ուրարտական Ռուսա 2-րդ արքայի (Ք. ա. 685-645թթ.) սեպագիր արձանագրությունը:

Սկսած 1937 թ. արգելոց-թանգարանում կազմակերպված բաց և փակ ցուցադրությունների հիմնական նպատակը ոչ միայն Զվարթնոցի պատմության և ճարտարապետության ներկայացումն է եղել, այլև պատկերացում տալ հայկական ճարտարապետության ակունքների, նրա ավանդույթների և, ընդհանրապես, հայ ճարտարապետության վրա Զվարթնոց տաճարի թողած ազդեցության և հայ մշակույթի պատմության մեջ նրա խաղացած դերի մասին:
2000 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կենտրոնի որոշմամբ, Զվարթնոցն Էջմիածնի Մայր տաճարի և Վաղարշապատի մյուս եկեղեցիների հետ գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։