Արդեն ավելի քան 80 տարի Հայաստանի մայրաքաղաքում գործում է «Ժողովուրդների բարեկամության» շքանշանակիր Կ.Ս. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնը:
Այն հիմնադրվել է 1937թ.-ին` Հայաստանի ՍՍՀ կառավարության հատուկ որոշումով: Դա մեծ իրադարձություն էր հանրապետության մշակութային կյանքում: Նույն թվականի նոյեմբերին թատրոնը բացվեց Բ. Տուրի և Լ. Շեյնինի «Առերես» ներկայացումով, որը բեմադրել էր Վավիկ Վարդանյանը: Թատրոնի առաջին գեղարվեստական ղեկավարը դարձավ Լևոն Քալանթարը: Նորաստեղծ թատրոն հրավիրվել էին ռուսալեզու դերասաններ ՍՍՀՄ տարբեր քաղաքներից, որոնց համար Հայաստանը դարձավ երկրորդ հայրենիքը: 1938 թվականին թատրոնին շնորհվեց մեծն Ստանիսլավսկու անունը: Բազմաթիվ երևանցիների համար թատրոնը դարձավ իրենց հոգևոր կյանքի մասնիկը, իրենց կենսագրության մասնիկը: Մեզ, թատրոնի այսօրվա աշխատողներիս համար, ուրախալի է գիտակցել, որ ռուսական թատրոնի պատմությունը սերտորեն կապված է Հայաստանի սոցիալական, քաղաքական և մշակութային կյանքի հետ: Մեզ համար թանկ է հիշողությունը, որ թատրոնի կայացմանն իրենց մեծ ներդրումը ունեն հայ թատրոնի անվանի գործիչները, ժողովրդական արտիստներ` Լ.Քալանթարը, Վ. Աճեմյանը, Ա.Գուլակյանը, Ա. Բուրջալյանը: Նորաստեղծ թատրոնի համար մեծ նշանակություն ուներ հայ բեմի վարպետների` Վ.Փափազյանի,Վ.Աճեմյանի, Հ. Ներսեսյանի, Վ.Վաղարշյանի,Ա. Ոսկանյանի, Հասմիկի, Դ. Մալյանի, Գ. Ջանիբեկյանի, Ա. Ասրյանի բարեկամությունն ու աջակցությունը, որոնք քաջ գիտակցում էին` որքան կարևոր է Հայաստանի համար ռուսական թատրոնի գործունեությունը: Ռուս /սովետական/ ռեժիսորական արվեստի ներկայացուցիչները, ժողովրդական արտիստներ` Ա. Ռիդալը, Բ.Ֆիլիպովը, Պ.Լուկերը, Յա. Կրասնոպոլսկին և ոչ միայն բարձրացնում էին կոլեկտիվի գեղագիտական ճաշակն ու թատերական մշակույթի մակարդակը: Հայ նկարիչների` Ա. Չիլինգարյանի, Ս. Արուտչյանի, Կ. Մինասյանի պրոֆեսիոնալիզմը բարձրացնում էին ներկայացումների բեմանկարչական մակարդակը: Բազմաթիվ տաղանդավոր կոմպոզիտորներ աշխատում էին մեր ներկայացումների երաժշտական ձևավորման վրա, սակայն պետք է նշել կոմպոզիտոր Մ. Վարդազարյանի անգնահատելի ներդրումը:
Թատրոնի վարկանիշը բարձր են պահել տնօրեններ` Ղ. Ղազարյանը, Մ. Դավթյանը, Գ. Հայրապետյանը, Ի. Կոզլիները, Ռ. Սահակյանը: Անգնահատելի ներդրում հարազատ թատրոնի ստեղծագործական զարգացման համար ունեցել են հրաշալի դերակատարներ, ՀՀ ժողովրդական արտիստներ` Վ. Դոբրովոլսկին, Գ. Շահնազարովը /Գեն/, Ի. Գրիկուրովը, Պ. Ֆելերը, Ն.Սմիրանինան, Յու. Վանովսկին, Օ. Լոբունսկայան, Յու. Կոլիսնիչենկոն, Ն. Եգորովան, Զ. Գուլևիչը և այլք, որոնց անունները և գործերը սիրով պահպանվում են թատրոնի թանգարանում: Մեծ և բեղմնավոր աշխատանք են կատարել թատրոնում տարբեր տարիներին աշխատող ռեժիսորները` Օ. Ավետիսյանը, Ռ. Խարազյանը, Հ. Գասպարյանը…
Մեր թատրոնում մեծ հաջողությամբ խաղացել են ռուսական բեմի անվանի վարպետները` ՍՍՀՄ ժողովրդական արտիստներ` Ի. Իլյինսկին, Ն. Գրիբովը, Յու. Բորիսովան, Վ. Սամոյլովը, Ս. Նեմոլյաևան, Օ. Յակովլևան: Հենց մեր թատրոնում սկսվեց Ա. Ջիգարխանյանի «աստղային ժամը», իսկ հայ հանդիսատեսի սիրված դերասաններ` Գ.Կորոտկովը և Վ. Բաբիչևան հաջողությամբ աշխատել են մոսկովյան լավագույն թատրոններում:
Թատրոնի խաղացանկը բազմազան էր` ռուսական, հայկական, արտասահմանյան դասական ստեղծագործություններով, ժամանակակից դրամատուրգների պիեսներով: Թատրոնը մշտապես կանգնած էր ստեղծագործական որոնումների ուղղու վրա: Գիտակցելով, որ անհրաժեշտ է շարժվել ժամանակին զուգահեռ, թատրոնը փնտրում էր իր խաղացանկը, իր ստեղծագործական ոճը:
Կատարելով իր գլխավոր առաքինությունը` ռուսական բեմական ավանդույթների, ռուսաց լեզվի և ռուսական արվեստի ու մշակույթի պրոպագանդումը, թատրոնը հատուկ ուշադրություն էր դարձնում ռուսական դասական և ժամանակակից դրամատուրգիային: Ստեղծման օրից մինչ օրս թատրոնի խաղացանկում իր պատվավոր տեղն են գրավում Մ.Լերմոնտովի, Ա. Օստրովսկու, Ն.Գոգոլի, Ա.Գրիբոյեդովի, Ա.Չեխովի, Մ.Գորկու, Ա. Սուխովո-Կոբիլինի պիեսները: Հաճախ թատրոնը ռիսկի էր դիմում, ցուցաբերելով քաղաքացիական խիզախություն, և լճացման տարիներին բեմադրել է Ա. Գելմանի բոլոր պիեսները, Վ. Ռոզովի «Խլահավի բույնը», Ա. Վամպիլովի «Բադի որսը», Ա.Գալինի «Արևելյան տրիբունան», ինչը չէր խրախուսվում այն ժամանակվա կառավարության ու կուսակցության կողմից:
Մեր բեմում իրենց արժանի տեղը գտան համաշխարհային դասականների` Լոպե դե Վեգայի և Շիլերի, Շեքսպիրի և Գոլդոնիի, Մոլյերի և Իբսենի ստեղծագործությունները:
1972-1981թթ. թատրոնի ամենաբարձր ծաղկման շրջանն էր: Թատրոնի հեղինակությունը ամբողջ երկրում չափազանց բարձր էր: Յուրահատուկ ռեժիսուրան, փայլուն, պրոֆեսիոնալ դերասանների խումբը` Գ.Կորոտկով, Վ.Ռուդովիչ, Յու.Ռիչկով, Մ.Վարշավեր, Ի.Նագավկին, Ն.Եգորովա, Լ.Խաչատրյան և ուրիշներ հնարավորություն էին տալիս մեկնել հյուրախաղերի Սովետական Միության տարբեր քաղաքներ` Մոսկվա, Լենինգրադ, Ռիգա, Թալին, Օդեսա, Բաքու, Խարկով, Լվով, Խաբարովսկ, Մագադան…
50-ամյակի առթիվ թատրոնը պարգևատրվեց «Ժողովուրդների Բարեկամության» շքանշանով:
1965-2017թթ. թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսորն էր Ալեքսանդր Սամսոնի Գրիգորյանը: Նրա անվան հետ են կապված Երևանի ռուսական թատրոնի լավագույն ներկայացումները, որոնցից շատերը արժանացել են պարգևների ու դիպլոմների, դրանցից են` Վ. Շեքսպիրի «Մաքբեթը», «Տասներկուերորդ գիշերը», «Անտոնիոսը և Կլեոպատրան», Ն.Գոգոլի «Ռևիզորը», Ա.Սուխովո-Կոբիլինի «Տարելկինի մահը», Պ. Զեյթունցյանի «Աստվածների կանչը»: Նրանք համարվեցին լավագույն նախկին ՍՍՀՄ տարածքում և արժանացան ՍՍՀՄ Մշակույթի նախարարության առաջին մրցանակների, իսկ Ն.Անկիլովի «Զինվորի այրին» ներկայացումը 1975թ. ստացավ Հայաստանի ՍՍՀ պետական մրցանակը:
Անցյալ դարի 90-ականները չափազանց ծանր էին թատրոնի համար: Ոչ ստաբիլ քաղաքական ու տնտեսական իրավիճակն իր ազդեցությունն ունեցավ Հայաստանի մշակութային կյանքի վրա: Ու, երբ, գրեթե բոլոր թատրոնները անգործության էին մատնված, Կ.Ս. Ստանիսլավսկու անվան թատրոնը շարունակում էր աշխատել: Խաղում էին ցրտի, մթության մեջ` լուսավորելով բեմը մոմերով, գրպանի լապտերիկներով ու նավթի լամպերով: Ա.Գրիգորյանը կարողացավ պահպանել թատրոնը, դարձնել այն ավելի դինամիկ և աշխատունակ: Հենց այդ ժամանակ Ա. Գրիգորյանն իրագործեց մի շարք հիանալի ներկայացումներ` Գր.Գորինի «Հիշատակման աղոթք», Ջ. Պատրիկի «Ինչպես սպանել ծեր կնոջը», Բ. Սլեյդի «Մյուս տարի, նույն ժամանակ», Ն. Պտուշկինայի «Ուրիշի մոմերի ներքո», Ա. Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս», Ա.Ցագարելիի «Խանումա», Ա. Օստրովսկու «Իմաստունն էլ միամիտ է լինում» (ներկայցումը 1988թ. -ին ստացավ ոսկե մեդալ` Յոշկար-Օլայի «Օստրովսկու թատրոն» փառատոնին): Իսկ 17-րդ դարի դրամատուրգ Ի.Գրեգորիի «Արտաքսերքսի գործողություն» ներկայացումը, որը բեմադրվեց 2000թ. հրավիրվեց Մոսկվա` Քրիստոնեության 2000- ամյակին նվիրված տոնակատարությունների փակմանը:
Կ.Ս. Ստանիսլավսկու անվան թատրոնը Հայաստանի առաջատար թատրոններից է: Այդ են վկայում տարբեր միջազգային փառատոներին մասնակցելու բազմաթիվ հրավերները` Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Բրեստ, Տվեր, Սարանսկ և ...
Տարբեր տարիներին «Հանդիպումներ Ռուսաստանում» փառատոնին (Սանկտ Պետերբուրգ) մեր թատրոնը ներկայացրել է Լ. Շանթի «Ինկած բերդի իշխանուհին» և «Կայսրը», Ա. Օստրովսկու «Իմաստունն էլ միամիտ է լինում», Ա. Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս», Ա.Չեխովի «Երեք քույրերը», Մ.Իշխանի «Կիլիկիո արքան», որոնք արժանացել են թատերասեր հասարակության և քննադատների բարձր գնահատականին: Իսկ Ն.Գոգոլի «Ռևիզոր» ներկայացումը 2009թ.-ին վերոնշյալ փառատոնին արժանացավ Կիրիլ Լավրովի բարձրագույն մրցանակին: 2018թ.-ին թատրոնը Ա.Ցագարելիի «Խանումա» ներկայացումով հրավիրվեց հյուրախաղերի Սիբիրի տարբեր քաղաքներ: Հյուրախաղերը անցան մեծ հաջողությամբ, ինչի մասին վկայում են ռուս թատերագետների և լրագրողների բազմաթիվ բարձր գնահատականները:
Շնորհիվ Ռուսաստանի պետական ծրագրի, որը իրագործում է ՌԴ ԹԳՄ -ը` ՌԴ արտաքին գործերի նախարարության աջակցությամբ և ՌԴ նախագահ Վ. Պուտինի բարձր հովանու ներքո , Կ. Ս. Ստանիսլավսկու անվան թատրոնը մեկնեց հյուրախաղերի Ռուսաստան` Մոսկվա, Տուլա, Կալուգա, Վլադիմիր, որտեղ ներկայացվեց Գ.Գորինի «Հիշատակման աղոթքը» և Մ. Մարինոսյանի ու Ա.Գրիգորյանի «Փշրված շղթան» բեմադրությունները: Հյուրախաղերը մեկ անգամ ևս ցույց տվեցին, որ թատրոնը շարունակում է ռուսական հոգեբանական թատրոնի ավանդույթները: Ռուսական թատրոնի ներկայացումները միշտ հետաքրքրել են հայ հանդիսատեսին, հատկապես վերջին տարիների աշխատանքները` Ա. Օստրովսկու «Ուրիշի խնջույքում գինարբուք» և «Ամեն ինչ վաճառքի», Վ. Ռոզովի «Խլահավի բույնը», Ա. Վամպիլովի «Բադի որսը», Ա.Շիրվանզադեի «Մորգանի խնամին», Ռ. Կալինոսկու «Լուսնի հրեշը», Յու.Պոլյակովի «Ինչպես աստվածները…», «Համադասարանցիները», Գ. Սլուցկայայի «Մոլագարը», Մ. Տիբոյի «Իդեալական տղամարդը», Ա.Կուլիչկովի ու Ս. Շևչենկոյի «Իննը ամիս» և ալն: 2018թ.-ին թատրոնի խաղացանկում է Սումգայիթի ողբերգական իրադարձություններին նվիրված «Խաղաղության փողոցում» բեմադրությունը: Այն հիմնված է իրական փաստերի վրա:
Չի մոռանում թատրոնն և իր փոքրիկ հանդիսատեսին: Մեր թատրոնի բեմում կարելի է տեսնել գեղեցիկ, գունեղ, ուրախ մանկական ներկայացումներ`«Գայլը և յոթ այծիկները», «Արքայադուստրը սիսեռահատիկի վրա», «Արքայադուստրը և տրուբադուրը», «Երեք խոզուկները», «Կարմիր գլխարկը», «Մոխրոտիկը», «Հեքիաթ Շչելկունչիկի մասին», «Ալադինի կախարդական լամպը», «Ձյունե թագուհին» և այլն:
Այսօր թատրոնի գեղարվեստական ղեկավար է նշանակվել ՌԴ քաղաքացի, Երևանի թատերական ինստիտուտի շրջանավարտ Կարեն Ներսիսյանը: Նա բեմադրել է ավելի քան 60 ներկայացում, ինչպես Ռուսաստանում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս: Մենք համոզված ենք, որ Կ.Ներսիսյանի թատրոն մուտք գործելուն պես այն կապրի նոր, ավելի հետաքրքիր ստեղծագործական կյանքով: