Ս. Սարգսյանի անվան համազգային թատրոն

     “Համազգային” թատրոնը հիմնադրվեց 1992-ին, երբ կրկին իր անկախությունը ձեռք բերած Հայաստանը, նոր իրավական ու տնտեսական պայմանների առկայությամբ, հայ թատրոնն ու նրա առանձին մշակները առաջին քայլերն սկսեցին անել թատերական նոր լեզվի ու նոր մտածողության մշակման ճանապարհին: “Համազգային” անվանումը պայմանավորվում է նրանով, որ թատրոնն իր գործունեության առաջին շրջանն անցկացրեց “Համազգային” կրթամշակութային միության ծրագրերի հովանու ներքո: Սակայն լայն հասարակության համար այն հենց սկզբից կրեց “Սոս Սարգսյանի թատրոն” անվանումը: Քանի որ հայ բեմի հենց այդ մեծ վարպետը դարձավ թատրոնի հիմնադիրը, նրա գաղափարական ոգեշնչողն ու կնքահայրը:

      Թատրոնը բացվեց երկու ներկայացումներով՝ Էդուարդո դե Ֆիլիպպոյի “Սանիտայի թաղապետը” Սոս Սարգսյանի բեմադրությամբ և Ա. Հակոբյանի “Լեռնային կակաչներ” պիեսը Հ. Գասպարյանի բեմադրությամբ: “Համազգայինի” ստեղծագործական հավատամքը  առանց բարձրագոչ հայտարարությունների էր, խուսափելով կեղծ նորարարություններից ու կասկածելի փորձարարություններից, թատրոնը հարազատ մնաց բարձրարվեստ դրամատուրգիային , հղկված հոգեբանորեն համոզիչ դերասանական խաղին ու անսամբլայնությանը, չնայած կոլեկտիվը 90-ական թթ. “աստղերի “ պակաս բոլորովին չէր զգում : Սոս Սարգսյանի հետ մեկտեղ նոր թատրոնի ստեղծմանը ձեռնամուխ եղան վառ անհատականությամբ օժտված ռեժիսոր Հրաչյա Գասպարյանը, բեմի այնպիսի վարպետներ, ինչպիսիք են Կարեն Ջանիբեկյանն ու Գալյա Նովենցը, Մայիս Կարագոզյանը, Շահում Ղազարյանը, Աննա Էլնակյանը, Դավիթ Հակոբյանը և ուրիշներ:

     Այսօր թատրոնը նույնպես շարունակում է արդյունավետ աշխատել, ստեղծելով նոր ներկայացումներ, պահպանելով թատրոնի երկարամյա ավանդույթները: