Encyclopedia

Արցախի Հանրապետություն

Արցախի Հանրապետությունը սահմանադրորեն և փաստացի անկախ և ինքնիշխան, սակայն միջազգայնորեն չճանաչված պետություն է Հարավային Կովկասում:

Արևմուտքից սահմանակցում է Հայաստանի Հանրապետությանը, հարավից՝ Իրանին, իսկ արևելքից և հյուսիսից՝ Ադրբեջանին։ Մայրաքաղաքը Ստեփանակերտն է։ Պատմամշակութային կենտրոնն է Շուշի քաղաքը։

Պատմականորեն կազմում է Մեծ Հայքի Արցախ նահանգը։ Աշխարհագրական և քաղաքական դիրքով Արցախը կարևոր դեր է խաղացել հայոց պատմության մեջ։ Հայ մեծանուն պատմաբան Լեոն Արցախը համեմատել է «հսկայական միջնաբերդի» հետ, առանց որի «անհնար է երևակայել Հայաստանի սրտի, այն է՝ Արարատյան երկրի պաշտպանությունը»։
Այժմ Արցախը կայացել է որպես երկրորդ հայկական պետություն։ Այդպիսով ներկայիս Հայաստանը բաղկացած է Հայաստանի Հանրապետությունից (ՀՀ) և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից (ԼՂՀ)։
 
Ըստ ժողովրդական ստուգաբանության, «Արցախ» անվանումը նշանակում է Առանի ծառաստան։ Ավանդության համաձայն, Առանը հայոց Վաղարշակ արքայի կողմից նշանակված Մեծ Հայքի հյուսիսարևելյան նահանգների նախարարն էր՝ Սիսակյան տոհմից։ Առանը, որը ավանդորեն համարվում է Առանշահիկների, և նրանցից տանընդոստած Արցախի միջնադարյան իշխանների ու մելիքների նախահայրը, պատկանում էր Հայկ նահապետի զարմին, ուստի և միջնադարյան պատմիչները Արցախի իշխաններին կոչում են «Հայկազուններ»։
«Ղարաբաղ» անվանումը ծագում է թուրքերեն «կարա» (սև) և պարսկերեն «բաղ» բառերից, և նշանակում է «Սև այգի»։ Առաջին անգամ այս անվանաձևը հանդիպում է ուշ միջնադարյան վրացական և պարսկական աղբյուրներում։

Ըստ արևմտյան պատմաբանների, Արցախի, ինչպես և Հայկական լեռնաշխարհի այլ հատվածների հայ բնակչությունը, կազմավորվել է նախնադարյան բնիկ ցեղերի և նախահայերի (պրոտո-արմենների) միաձուլման արդյունքում։ Վերջիններս այստեղ են հաստատվել արդեն մ.թ.ա. 7-րդ դարում։ Պատմական աղբյուների հավաստմամբ Արցախը մտել է մ.թ.ա. 189 թ հռչակված Հայոց Թագավորության կազմի մեջ՝ որպես վերջինիս 15 նահանգներից մեկը։ Արցախ նահանգն ուներ 12 գավառ և Հայաստանի կազմի մեջ է մնացել մինչև մ.թ. 4-րդ դարավերջ։

387 թ հայ Արշակունիների անկումից հետո Բյուզանդիան և Պարսկաստանը Հայաստանը բաժանել են երկու մասի և նրանից անջատել ռազմավարական նշանակություն ունեցող ծայրագավառները։ Արցախը, Ուտիք նահանգի հետ միասին, միացվել է Կուր գետի ձախափնյակում գտնվող Աղվանք պետությանը։ Սակայն այն պահպանել է իր հայկական մշակութային և էթնիկ դիմագիծը։ 5-րդ դարասկզբին, հայոց գրերի գյուտից հետո, Մեսրոպ Մաշտոցն առաջին հայկական դպրոցը բացել է Արցախի Ամարաս ավանում։ Արցախը մշակութային զգալի վերելք է ապրել Վաչագան Գ Բարեպաշտի թագավորության շրջանում (487-510), երբ բազմաթիվ եկեղեցիներ և դպրոցներ հիմնվել են Արցախում։

7-րդ դարից մինչև 9-րդ դարասկիզբ Արցախը գտնվել է Արաբական խալիֆայության տիրապետության տակ։ Այնուհետև դարձել է հայ ապստամբների և արաբների միջև բազմաթիվ ճակատամարտերի թատերաբեմ։ Ապստամբներից մեկը՝ Սահլ Սմբատյանը, Առանշահիկ տոհմից, 821 թվականին Խաչեն ամրոցում հիմնադրել է Խաչենի իշխանական տոհմը։ 1000 թվականին այս իշխանատոհմը ստեղծել է Արցախի թագավորությունը, որն հայ Բագրատունիների թագավորության անկումից հետո Արևելյան Հայաստանի վերջին ինքնիշխան պետությունն էր ։ Ինչպես սելջուկների իշխանությունից ազատագրված հայկական մյուս տարածքները, Արցախը մշակութային և տնտեսական ծաղկում է ապրել 13-րդ դարի սկզբին՝ Ջալալ Ա թագավորի օրոք (1214-1266)։ Վերջինս կառուցել է Գանձասարի վանքը, որն հետայնու կարևոր դեր է խաղացել Արցախի պատմության մեջ`   որպես նրա հոգևոր-մշակութային կենտրոն և Արցախի լեռնային իշխողների միասնության խորհրդանիշ։

1387 թ Արցախի բարեբեր նահանգը ենթարկվել է Լենկ-Թեմուրի կործանիչ արշավանքներին։ 15-րդ դարի վերջին այն ընկել է թուրքմենների, իսկ 1555 թվականից Սեֆյան Պարսկաստանի գերիշխանության տակ։ Այսուհանդերձ մինչև նորագույն ժամանակները Արցախը պահպանել է միատար հայ բնակչություն և այն շարունակել են կառավարել Խաչենի տան իշխանները, որոնք 15-րդ դարից կրում էին «մելիք» տիտղոսը։ Պատմական այս շրջանում Արցախը բաժանված էր հինգ մելիքությունների՝ Գյուլիստան, Ջրաբերդ, Խաչեն, Վարանդա և Դիզակ։ Արցախը հայկական միակ երկրամասն էր, որն թուրք-պարսկական դարավոր իշխանությունից հետո, պահպանել էր իր հայկական ինքնիշխանությունը և ուներ միջազգայնորեն ճանաչված սուվերեն կարգավիճակ։

1805 թվականին Արցախը միացվել է Ցարական Ռուսաստանին, ինչն ամրագրվել է 1813 թ Գյուլիստանի պայմանագրով։ Թեև 1799 թ հունիսի 2-ին Պավել Ա ցարի հրովարտակով Ռուսաստանը պաշտոնապես ճանաչել էր Արցախի մելիքների անկախությունը, նվաճելով այն վերջիններիս իսկ աջակցությամբ, ռուսները ճնշել են նրանց իշխանությունը`   վերջ տալով Խաչենի տան հազարամյա տիրապետությանը։

Լեռնային Ղարաբաղի ազգաբնակչության (141 400) մեծ մասը հայեր են։ Կան նաև ռուսներ, ուկրաինացիներ, վրացիներ և հույներ։

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.