Encyclopedia

Բրոնզի դարը Հայկական լեռնաշխարհում

Պղնձաքարի դարաշրջանին հաջորդում է բրոնզի դարը։ Այն Հայաստանում տևել է Ք. ա. IV հազարամյակի կեսից մինչև II հազարամյակի կեսը։

Մաքուր պղինձն իր փափկության պատճառով գործածության ավելի փոքր շրջանակներ ուներ։ Մարդը պղնձի և անագի կամ կապարի խառնուրդից ստանում է մի այլ մետաղ՝ բրոնզ, որը շատ ավելի ամուր էր քան պղինձը և հեշտ մշակելի։ Սկսեցին գործիքները պատրաստել բրոնզից, ինչը զարկ տվեց արհեստների զարգացմանը և մասնագիտացմանը։ Մեծ հաջողությունների հասավ մետաղների մշակումը։

Հայկական լեռնաշխարհում լայնորեն շահագործում են պղնձի, անագի, կապարի, ոսկու ու արծաթի հանքերը։ Շատ հարուստ ու լավ պահպանված իրեր են գտնվել Մեծամորի, Լճաշենի, Շիրակի, Լոռու շրջանների բրոնզեդարյան դամբարանների պեղումներից։ Դրանք կացիններ, մանգաղներ, դանակներ, զենքեր և տնտեսության մեջ օգտագործվող տարբեր բնույթի առարկաներ են։ Դրանց թվում շատ կան ոսկուց, արծաթից և բրոնզից պատրաստված զարդարանքի առարկաներ, գեղարվեստական իրեր և արձանիկներ։ Բրոնզի հայտնագործումով մեծ զարգացում ապրեց հատկապես զենքերի պատրաստումը։
 
Հայկական լեռնաշխարհը դարձավ մետաղամշակության կարևոր կենտրոն։ Բրոնզե գործիքների հանդես գալը նպաստում է բերքատվության բարձրացմանը, տնտեսության բոլոր ճյուղերի արագ զարգացմանը։ Զգալի զարգացում է ապրում հողագործությունը։ Ընդարձակվում են մշակովի հողերը, հատկապես հացահատիկային ցանքստարածքները, բարելավվում են աշխատանքային գործիքները։ Մշակում են գարի, ցորեն, կորեկ, հաճար։ Հիմնում են պտղատու այգիներ,  մասնավորապես՝ խաղողանոցներ։ Մեր երկիրը իրավամբ համարվում է խաղողի մշակության հնագույն վայրերից մեկը։
 
Հողագործության արդյունավետ զարգացման համար կարևոր նշանակություն ունեցավ հողը վարելու արորի հայտնագործումը, որի համար օգնագործում էին լծկան կենդանիների ուժը։ Դրանով ընդարձակվում են հերկովի տարածքները։ Նախկին բրիչային հողագործությունը փոխարինվում է արորայինով։ Ընդարձակվում է ոռոգման ցանցը։ Ամենուրեք անցկացվում են առուներ դաշտերի ոռոգման համար։ Չորացվում են ճահիճները։ Սկսում են պարարտացնել հողը՝ առատ բերք ստանալու նպատակով։ Կարևոր դեր ունեցավ վայրի ձիու ընտելացումը։ Ձին սկսեցին օգտագործել թե՛ տնտեսության մեջ և թե՛ պատերազմական գործում։
 
Անասնապահության և հողագործության զարգացման ու ընդարձակման շնորհիվ Հայաստանի լեռնային շրջաններում ապրող տոհմերն ու ցեղերն առավելապես սկսում են զբաղվել անասնապահությամբ, իսկ դաշտավայրերում ու բերրի տարածքներում բնակվողները՝ երկրագործությամբ՝ մասնագիտանալով յուրաքանչյուրը իր բնագավառում։
Զգալի զարգացում են ապրում կավագործությունը, կտավագործությունը, կաշեգործությունը, փայտամշակությունը, քարագործությունը։ Ավելանում է այդ արհեստների արտադրանքը։ Բրոնզի դարում աշխուժանում է ապրանքափոխանակությունը ինչպես հարևան տոհմերի ու ցեղերի, այնպես և հեռու երկրների միջև։ Յուրաքանչյուրը առաջարկում էր այն, ինչից հարուստ էր, և ձեռք էր բերում՝ ինչի կարիքը զգում էր։ Դա իր հերթին նպաստեց փոխադրամիջոցների ու ճանապարհների զարգացմանը։
 
Աղբյուր`   www.lib.armedu.am
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.