Encyclopedia

Ուկրաինա

Պետական կարգը՝ հանրապետություն
Մայրաքաղաքը՝ Կիև
Տարածքը՝ 603,7 հզ. կմ քռ
Բնակչությունը՝ 46 մլն
Պետական լեզուն՝ ուկրաիներեն
Դրամական միավորը՝ գրիվնա

 

Ուկրաինան պետություն է Արևելյան Եվրոպայում: Հարավում երկրի ափերը ողողվում են Սև ծովի և Ազովի ծովի ջրերով:
Ուկրաինայի տարածքն աչքի է ընկնում բնական պայմանների բազմազանությամբ: Երկրի մակերևույթն առավելապես (95 %) հարթավայրային է: Հյուսիսում տարածվում է ճահճապատ և անտառապատ Պոլեսիեն, միջին մասում՝ Մերձդնեպրյան, հարավում`   Մերձսևծովյան դաշտավայրերը: Կարպատյան լեռները (ամենաբարձրը`   Գովեռլա լեռ, 2061 մ) ձգվում են արևմուտքում, իսկ ծայր հարավում Ղրիմի ոչ բարձր ու գեղատեսիլ լեռներն են: 
 
Երկրի ընդերքը շատ հարուստ է օգտակար հանածոներով: Նշանավոր են Կրիվոյ Ռոգի երկաթահանքային, Նիկոպոլի մանգանահանքային, Դոնի ածխային ավազանները: Կան սնդիկի, տիտանի, բոքսիտների, նեֆելինի, գրանիտի, կրաքարի, մարմարի, գրաֆիտի հանքավայրեր: Շատ են հանքային բուժիչ ջրերը: Հանրահայտ է Տրուսկովեցի առողջարանը:
Ուկրաինայի հյուսիսում՝ խառնանտառների գոտում, գերակշռում են սոճու, կաղնու-սոճու անտառները, որոնք զուգորդվում են կեչու, բոխու-կաղնու-սոճու անտառներով: Նշանակալի տարածություն են զբաղեցնում մարգագետիններն ու ճահիճները: Կարպատներում ենթալպյան և ալպյան մարգագետիններ են: Ղրիմի հարավային ափին բնորոշ է մշտադալար բուսածածկույթը:
 
Կենդանիներից տարածված են որմզդեղն, այծյամ, վայրի խոզ, գայլ, աղվես, կզաքիս, գորշուկ, նապաստակ, սկյուռ, գորշ արջ, լուսան, անտառային կատու, թռչուններ, ձկներ:
Ստեղծվել են Կարպատյան ազգային պարկը, բազմաթիվ արգելոցներ, որոնցից հանրահայտ է Ասկանիա Նովան:
Ուկրաինայի գետային ցանցի ընդհանուր երկարությունը 170 հզ. կմ է: Գետերի հիմնական մասը պատկանում է Սև և Ազովի ծովերի, փոքր մասը՝ Բալթիկ ծովի ավազաններին: Խոշոր գետերն են Դնեպրը՝ Դեսնա, Պրիպյատ և այլ վտակներով, Տիսան, Պրուտը: 
 
Պատմություն
Մ.թ.ա. I հազարամյակում Ուկրաինայի տարածքում գոյություն են ունեցել Բոսփորի և Սկյութական թագավորությունները, Հյուսիսային Մերձսևծովյան անտիկ քաղաք-պետություններ:
Մ.թ. IX-XII դարերում երկրի տարածքի մեծ մասը մտել է Հին Ռուսական պետության կազմի մեջ`   հիմք հանդիսանալով երեք արևելասլավոնական ժողովուրդների (ռուսների, ուկրաինացիների և բելառուսների) ձևավորման համար: 988-989 թթ-ին քրիստոնեությունը (ուղղափառ ուղղություն) ընդունվել է որպես պետական կրոն:
XII դարում Հարավարևմտյան Ռուսիայի տարածքում առանձնացել են Կիևյան, Չեռնիգովյան, Գալիցիայի, Վլադիմիր-Վոլինյան և այլ ինքնուրույն իշխանություններ:
XIII դարում դրանք ենթարկվել են մոնղոլական արշավանքներին, XIV դարում ընկել Լիտվական մեծ իշխանության, Լեհաստանի և այլոց տիրապետության տակ:
XV դարում առաջացել է Ղրիմի խանությունը, XVI դարում ուկրաինական կազակները Դնեպրի ստորին հոսանքում հիմնել են Զապորոժյան սեչը: Բոգդան Խմելնիցկու գլխավորած ազատագրական պատերազմի (1648-1654) արդյունքում Ուկրաինան միավորվել է Ռուսաստանին:
XVIII դարի 2-րդ կեսին հարավուկրաինական հողերն ազատագրվել են թուրքական լծից:
1917 թ-ի դեկտեմբերին կազմվել է Ուկրաինական ԽՍՀ-ն: Խորհրդա-լեհական պատերազմի հետևանքով 1920 թ-ին Արևմտյան Ուկրաինան անցել է Լեհաստանին, իսկ 1922 թ-ի դեկտեմբերի 30-ին Ուկրաինական ԽՍՀ-ն (ՈւԽՍՀ) մտել է ԽՍՀՄ կազմի մեջ`   որպես միութենական հանրապետություն:
1939 թ-ի նոյեմբերին ԽՍՀՄ-ի և Գերմանիայի միջև ազդեցության ոլորտների բաժանման արդյունքում Արևմտյան Ուկրաինայի տարածքն անցել է ՈւԽՍՀ-ին:
Հայրենական պատերազմի (1941–45) ավարտին՝ 1945 թ-ի հունիսին Անդրկարպատյան Ուկրաինան նույնպես միացվել է ՈւԽՍՀ-ին: 1954 թ-ին ՌԽՖՍՀ-ի կազմից ՈւԽՍՀ-ին է հանձնվել Ղրիմի մարզը: 1990 թ-ի հունիսին ՈւԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունել է Հռչակագիր Ուկրաինայի Հանրապետության անկախ պետականության մասին: 1991թ-ին ԽՍՀՄ-ի փլուզումից հետո հռչակել է հանրապետության անկախությունը:
Ուկրաինայի հիմնական բնակիչներն ուկրաինացիներն (75 %) ու ռուսներն (21 %) են, բնակվում են նաև հրեաներ, բելառուսներ, մոլդովացիներ, լեհեր, բուլղարներ, հունգարներ, ռումիններ, հույներ, հայեր և այլք: 
Խոշոր քաղաքներն  են Կիևը, Խարկովը, Դնեպրոպետրովսկը, Դոնեցկը, Զապորոժիեն, Լվովը, Կրիվոյ Ռոգը, ծովային նավահանգիստներ են Օդեսան, Խերսոնը, Կերչը, Սևաստոպոլը, Իլիչյովսկը, Իզմաիլը, Մարիուպոլը և այլն:
Դնեպրի ափին է գտնվում մայրաքաղաք Կիևը, որը հիմնադրվել է VI–VII դարերում: Անվանումը կապվում է քաղաքի առասպելական հիմնադիր Կիյի հետ: 
 
Ուկրաինան արդյունաբերական և գյուղատնտեսական մեծ ներուժ ունեցող երկիր է: 
Ուկրաինայի արդյունաբերությունը հզոր ինդուստրիալ համալիր է, որը հիմնականում ապահովված է սեփական հումքային պաշարներով: Առաջատար են սև և գունավոր մետաղաձուլությունը, մեքենաշինությունը, ածխի, քիմիական և սննդի արդյունաբերությունը: Նշանակալի է նաև թեթև, փայտամշակման, շինանյութերի արդյունաբերության դերը: 
Երկրի բնական ամենաթանկարժեք պաշարը հողն է (հիմնականում՝ տափաստանային բերրի սևահողերը): Անտառատափաստանային և տափաստանային գոտին գրեթե ամբողջությամբ հերկվել է, չորացվել են ճահճապատ զգալի տարածքներ: Հյուսիսում պահպանվել են անտառներ, որոնք Չեռնոբիլի ատոմակայանի վթարի հետևանքով ենթարկվել են ճառագայթաակտիվ վարակման և դեռ երկար ժամանակ չեն օգտագործվի:
Գյուղատնտեսությունը մասնագիտացած է ցորենի, տեխնիկական մշակաբույսերի և անասնապահական մթերքների արտադրության մեջ: Հացահատիկային մշակաբույսերն զբաղեցնում են ցանքատարածությունների շուրջ 50 %-ը: Տափաստանային գոտում կարևոր նշանակություն ունի եգիպտացորենի մշակումը: Աճեցնում են նաև հնդկացորեն, կորեկ, բրինձ, շաքարի ճակնդեղ, արևածաղիկ, վուշ, խաղող, մրգեր, ծխախոտ, եթերայուղատու բույսեր, դեղաբույսեր, բանջարեղեն և այլն: Զարգացած է մսատու անասնապահությունը:
 
Արվեստ
Իր բազմադարյան պատմության ընթացքում ուկրաինական ժողովուրդն ստեղծել է ինքնատիպ ազգային արվեստ: Ինքնատիպ և եզակի են Կիևի Սբ Սոֆիայի և Չեռնիգովի Սպատո-Պրեոբրաժենսկի տաճարների խճանկարները և որմնանկարները, Կիևի Կրեշչատիկ փողոցի ճարտարապետական համալիրը և այլն:
Ժողովրդական դեկորատիվ արվեստի բնագավառում զարգացած է փայտի քանդակազարդումը, խեցեգործությունը, վերածնվում են գեղարվեստական ապակու արտադրության ավանդույթները:
Հայտնի են ուկրաինացի փիլիսոփա Գրիգորի Սկովորոդան, գրողներ Տարաս Շևչենկոն, Լեսյա Ուկրաինկան, Պավլո Տիչինան, Ալեքսանդր Կոռնեյչուկը, Միկոլա Բաժանը, Օլես Գոնչարը, կոմպոզիտորներ Նիկոլայ Լիսենկոն, Կոնստանտին Դանկևիչը, դերասան Նիկոլայ  Գրինկոն, կինոռեժիսորներ Ալեքսանդր Դովժենկոն, Մարկ Դոնսկոյը, քաղաքական գործիչ Նիկիտա Խրուշչովը, գյուղատնտես-գենետիկ Տրոֆիմ Լիսենկոն, մեխանիկոսներ Եվգենի ու Բորիս Պատոնները և ուրիշներ:
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.