Encyclopedia

Ղազախստան

Պետական կարգը՝ հանրապետություն
Մայրաքաղաքը՝ Աստանա
Տարածքը՝ 2.717 հզ. կմ2
Բնակչությունը՝ 14,8 մլն
Պետական լեզուն՝ ղազախերեն
Դրամական միավորը՝ թենգե

 

Ղազախստանը Եվրասիական պետություն է:
Ղազախստանին բնորոշ է տարածքի յուրացվածության ցածր մակարդակը, նոսր բնակեցվածությունը: Ներկայումս տնտեսական զարգացման գլխավոր ուղղվածությունը հումքային բնույթից հրաժարումն է, մշակող ճյուղերի զարգացման խրախուսումը, տեխնոլոգիական հետամնացության հաղթահարումը և ժամանակակից ենթակառուցվածքների ստեղծումը:
 
Աշխարհագրական դիրք
 
Ղազախստանը Կենտրոնական Ասիայի՝ տարածքով ամենամեծ պետությունն է. արևմուտքից արևելք  ձգվում է 3 հզ. կմ, հյուսիսից հարավ՝ 1,5 հզ. կմ: Երկիրն աչքի է ընկնում բնական պայմանների բազմազանությամբ ու հակադրություններով: Այստեղ կարելի է հանդիպել թե՜ անապատային լանդշաֆտի, լեռնային տունդրայի, ընդարձակ տափաստանների և թե՜ հզոր ձյունածածկ լեռնաշղթաների:
Ղազախստանի տարածքը հիմնականում հարթավայրային է. հարավում Թուրանի դաշտավայրն է, հյուսիսում՝ Արևմտասիբիրական դաշտավայրը, որոնց միջև պահպանվել են բլուրներ: Եվ միայն ծայր հարավում ու հարավ-արևելքում վեր են խոյանում Ալթայի, Տյան Շանի և Ջունգարական Ալաթաուի բարձր լեռնաշղթաները: 
 
Ղազախստանի ընդերքը հարուստ է. կան երկաթի, գունավոր և ազնիվ մետաղների (պղինձ, կապար, ցինկ, արծաթ, ոսկի և այլն), քարածխի, նավթի, ֆոսֆորիտների պաշարներ:
Խոշոր գետերն են Իրտիշը, Ուրալը, Սիրդարյան: Երկրի տարածքում են Կասպից և Արալյան ծովերի ափամերձ շրջանները, ինչպես նաև Բալխաշ ու Զայսան լճերը: Ամուդարյա և Սիրդարյա գետերի ջրերը ոռոգման նպատակով լայնորեն օգտագործելու հետևանքով Արալյան ծովը ծանծաղել ու փոքրացել է: Լճի չորացած հատակում կուտակված աղը քամիները երբեմն հասցնում են մինչև Ղազախստանի կենտրոնական մասեր՝ մեծ վնաս պատճառելով գյուղատնտեսությանը:
Լեռնային և նախալեռնային շրջաններում առատ անձրևների շնորհիվ աճում են անտառներ ու մարգագետիններ:
Հյուսիսում ձգվում են անծայրածիր տափաստաններն ու կիսաանապատները, որտեղ կանաչ են միայն գետահովիտներն ու լճափերը (տուգյաներ կամ օազիսներ), իսկ անապատների ավազուտներում և կավահողերում խոտ ու ծաղիկ աճում են միայն վաղ գարնանը և ապրում ընդամենը 2–3 շաբաթ: Այդ չոր հողատարածքներն օգտագործվում են որպես արոտավայր:
Ղազախստանի տարածքում 1-ին պետական միավորումն առաջացել է մ.թ.ա. III-I դարերում: Մ.թ. VI-VII դարերում եղել է Թյուրքական խաքանության և կառլուկների, ապա օղուզների ու Կարախանյանների պետության կազմում: XV դարում ձևավորվել է Ղազախական խանությունը, որի հյուսիսային հատվածը XIX դարի 60-ական թվականներին ընդունել է ռուսական հպատակություն:
1917 թ-ի հոկտեմբեր – 1918 թ-ին երկրում հաստատվել է խորհրդային իշխանություն, 1925 թ-ին ձևավորվել է Ղազախական Ինքնավար Հանրապետությունը՝ ՌԽՍՖՀ-ի կազմում, 1936 թ-ից՝  Ղազախական ԽՍՀ՝ ԽՍՀՄ-ի կազմում:  Պատմական կարճ ժամանակամիջոցում  յուրացվեցին միլիոնավոր հեկտար հացազգի տարախոտային տափաստաններ և դարձան վարելահողեր. միայն 1950-ական թվականներին հերկվեցին ավելի քան 24 մլն հեկտար խամ ու խոպան հողեր: Դրա շնորհիվ Ղազախստանը դարձավ հացահատիկի իսկական շտեմարան: Կառուցվեցին բազմաթիվ արդյունաբերական քաղաքներ՝ Բալխաշ, Ջեզկազգան, Տեմիրթաու, Ակթաու, Կարագանդա և այլն:
Անկախության հռչակագիրն  ընդունվել է 1990 թ-ի հոկտեմբերին,  անկախությունը հռչակվել 1991 թ-ին`   ԽՍՀՄ-ի փլուզումից հետո:
Ղազախստանի բնակչության 1/3-ը ղազախներ են, գերակշռում են ռուսները, կան ուկրաինացիներ, թաթարներ, գերմանացիներ, ուզբեկներ, հայեր և այլք: 
Երկրի նավթի և գունավոր մետաղների հսկայական պաշարներն այսօր գրավել են օտարերկրյա ընկերությունների ուշադրությունը, որոնք խոշոր ներդրումներ են կատարում երկրի տնտեսության մեջ: Զարգացած են գունավոր մետաղաձուլությունը, մեքենաշինությունը, քիմիական, թեթև և սննդի արդյունաբերությունը: Երկրի ծայր հարավում, նախալեռնային հարթավայրերում, մշակում են բրինձ, շաքարի ճակնդեղ, բամբակենի, ծխախոտ, խաղող, սեխ, ձմերուկ, մրգեր (հատկապես`   խնձոր):
Մինչև 1995 թ. պետության մայրաքաղաքը Ալմա Աթան (այժմ՝ Ալմաթի) էր, որը գտնվում է Տյան Շանի լեռնալանջերին. ժամանակակից գեղեցիկ քաղաք է՝ շրջապատված պտղատու, հատկապես՝ խնձորի այգիներով (ղազախերեն Ալմա Աթա նշանակում է՝ խնձորի հայր): Այն երկրի խոշորագույն արդյունաբերական կենտրոնն է իր բազմաթիվ գործարաններով ու ֆաբրիկաներով, գիտական հիմնարկներով ու մշակութային հաստատություններով: Քաղաքից ոչ հեռու գտնվում է ձմեռային մարզաձևերի՝ աշխարհում ամենախոշոր բարձրլեռնային Մեդեո մարզահամալիրը:
1995 թ-ից հանրապետության նոր մայրաքաղաք է հռչակվել Աստանան (ղազախերենից թարգմանաբար նշանակում է մայրաքաղաք): Ներկայումս այնտեղ ընթանում է պետական և կառավարական շենքերի, դեսպանատների մեծ շինարարություն:

 

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.