Encyclopedia

Եպիսկոպոս

Եպիսկոպոսը եկեղեցու Նվիրապետության բարձրագույն աստիճանն է, դարձյալ վկայակոչված Սուրբ Գրքով: Առաքելական ժամանակներում եպիսկոպոսները նշանակվում և ձեռնադրվում էին անմիջապես Քրիստոսի առաքյալներից`   որպես իրենց իրավահաջորդներ: Հունարենից թարգմանաբար եպիսկոպոս նշանակում է հսկիչ`   վերևից նայող:

 

Եպիսկոպոսի իրավունքները եկեղեցում գրեթե անսահմանափակ են (սահմանափակվում են միայն եկեղեցական ժողովներով կամ կաթողիկոսի կողմից): Նրանց է վերապահված վարել կարևորագույն պաշտոնները եկեղեցական համակարգում, առաջնորդել հոգևոր թեմերը, եկեղեցիներ օծել և ձեռնադրել ու օծել հոգևորականներ: Եպիսկոպոսի օծությունն անպայման տեղի է ունենում Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից: Ի դեպ Կաթողիկոսի օծումն էլ իր հերթին տեղի է ունենում առնվազն 3 եպիսկոպոսի կողմից: Եպիսկոպոսը եկեղեցու ճշգրիտ վարդապետության հետևողն ու հաստատողն է: Եպիսկոպոսությունը տրվում է միայն կուսակրոն հոգևորականներին, ուստի իր առօրյա հանդերձներով եպիսկոպոսը գրեթե չի տարբերվում վարդապետից. տարբերությունը միայն մանուշակագույն երիզներն են սքեմի ներսում և պանակեն`   աստվածածնի պատկերով օվալաձև զարդը կրծքին:
 
Եպիսկոպոսի առօրյա զգեստը հաճախ լինում է բաց գույնի`   սպիտակ, մոխրագույն, մարմնագույն, կապույտ: Ծիսական հանդերձներով, սակայն եպիսկոպոսը էականորեն է տարբերվում քահանայից. նախ որ ուրարի փոխարեն կիրառում է եմիփորոն`   երկար ու լայն ուրար, որը փաթաթվում է ուսերին, պարանոցին և ծածկում ամբողջ կուրծքը (ցույց է տալիս որ եպիսկոպոսն ամբողջովին հանձնառու է Հիսուս Քրիստոսի լույսին), թագի փոխարեն խույր`   բարձր սրածայր գլխանոց և եպիսկոպոսական գավազան:
 
Վեհափառ Հայրապետի կողմից մեծ նպաստ ունեցած եպիսկոպոսներին հատուկ կոնդակով որպես պատվո նշան շնորհվում է արքեպիսկոպոսի կոչում («արք» նախածանցը նշանակում է որպես մեծ): Գործնականում նա ոչնչով չի տարբերվում եպիսկոպոսից:
 
Եպիսկոպոսին անվանում են Սրբազան Հայր և գրավոր դիմում Գորշնորհ Սրբազան Հայր կամ օր. Գերաշնորհ Տեր ԱՆՈՒՆ եպիսկոպոս (կամ արքեպիսկոպոս) ԱԶԳԱՆՈՒՆ: Առօրյայում դիմում են որպես կուսակրոնի (Աստծո օգնությունը մաղթելու սկզբունքով)`   «Աստված օգնական, Սրբազա’ն Հայր»:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.