Encyclopedia

Վարդապետ

Ոչ ամուսնացյալ քահանան`   Աբեղան, գիտական աշխատանք կատարելուց հետո կարգվում է վարդապետ, ինչը եկեղեցական-գիտական աստիճան է: Վարդապետի տարբերակիչ նշաններից է ականակուռ լանջախաչը և վարդապետական գավազանը (երկգլխանի օձով գավազան, որը խորհրդանշում է իմաստություն և ուսուցանելու ու քարոզելու իրավունք):

 

Ժամանակին միայն վարդապետից սկսած են իրավունք ունեցել քարոզելու և ուսուցանելու: Վարդապետի աստիճան է ունեցել հայ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ և դասատու Կոմիտասը`   ժամանակակից հայկական դասական երաժշտության հիմնադիրը։
 
Վարդապետին (ինչպես և Աբեղային) անվանում են Հայր Սուրբ, քանի որ սուրբ է կյանքի նրա ընտրած ճանապարհը: Առօրյայում ողջունելիս նրանց ասում են «Աստված օգնական, Հա’յր Սուրբ», ինչը նշանակում է, որ ողջունողը աղոթում է, որ Աստված օգնի Հայր Սուրբին իր դժվարին գործում: Վարդապետին գրավոր կերպով դիմելիս անվանում են Հոգեշնորհ Հայր Սուրբ կամ դիմում անվամբ`   օր. Հոգեշնորհ Տեր ԱՆՈՒՆ վարդապետ ԱԶԳԱՆՈՒՆ:
 
Հայ Եկեղեցին ձեռնադրությամբ իր քահանաներին երկու գիտական աստիճան է շնորհում:
Վարդապետություն, որը համապատասխանում է աստվածաբանության մեջ մագիստրոսի աստիճանին
 
Ծայրագույն Վարդապետություն, որը համապատասխանում է աստվածաբանության դոկտորի աստիճանին:
Միայն կուսակրոն քահանան կարող է գիտական աստիճաններ ստանալ ձեռնադրությամբ: Միայն այն եպիսկոպոսները, ովքեր ունեն ծայրագույն վարդապետի աստիճան, իրավասու են ձեռնադրել վարդապետներ կամ ծայրագույն վարդապետներ:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.