Encyclopedia

Կրիա

Կրիաներին ոսկրային զրահի շնորհիվ, ոչ մի կենդանու հետ շփոթել չի լինի: Սակայն միանման են ոչ բոլոր կրիաները: Կրիաներ կան, որոնք ցամաքային են և ապրում են բացառապես ցամաքում, ուրիշներ էլ կան, որոնց կյանքը սերտորեն կապված է ջրի հետ: Այդպիսի տեսակների մեջ էլ կան այնպիսինները, որոնք ապրում են անուշահամ ջրերում, կան`   որ ծովերում: Դրանցից շատերը հիանալի լողում են, ջրում արաաշարժ են ու ճարպիկ, չնայած ցամաքում ծանրաշարժ են ու դանդաղկոտ: Կան շատ փոքրիկ կրիաներ, կան և փղի չափ մեծերը, որոնց քաշը երբեմն հասնում է 400 կգ-ի:

Կրիաները սերում են ցամաքային հնագույն, անհետացած սողունների մի ճյուղից`   կոտիլոզավրերից: Դարավոր զարգացման ընթացքում նրանցիից շատերն աստիճանաբար հարմարվել են անուշահամ ջրերում ու ծովերում ապրելու պայմաններին: Կրիաները տարածված են ամենուրեք, բացի Անտարկտիդայից: Այժմ հայտնի կրիաների 210 տեսակ: Նրանցից յոթը հանդիպում է նախկին ՍՍՀՄ-ում, որոնցից երեքը`   միջերկրածովյան, կասպիական և ճահճային կրիաները`   նաև Հայաստանի տարածքում: Ցամաքային և ծովային կրիաներն առավելապես բուսակեր են, բայց ծովային կրիաները երբեմն նաև ձուկ են որսում: Անուշահամ ջրերում ապրող կրիաները սնվում են մանր փափկամորթներով, ձկներով, երկկենցաղներով, հազվադեպ`   բույսերով: Կրիաները կարող են նաև մի քանի ամիս ոչինչ չուտել: Կրիաները ջերմասեր կենդանիներ են: Տարվա ցուրտ եղանակներին նրանք թմրած վիճակի մեջ են ընկնում և կարող են ձմեռային ու գարնանային քուն մտնել: Բոլոր տեսակի, անգամ ջրում ապրող կրիաները ձվադրում են ցամաքում: Դնում են 1-ից 400 ձու: Էգերը ձվերը թաղում են ավազի կամ հողի մեջ և իրենց սերնդի համար այլևս չեն մտահոգվում: Ձվից դուրս եկած փոքրիկ կրիաներն սկսում են անմիջապես ինքնուրույն կյանք վարել: Սկզբնական շրջանում սրանք արագ են աճում, հետագայում աճը դանդաղում է: Հետաքրքիրն այն է, որ կրիաներն աճում են ողջ կյանքի ընթացքում: Կրիաներն ապրում են շատ երկար, սակայն միշտ չէ, որ այդպես է:

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.