Encyclopedia

Վատիկան

Պետական կարգը՝ միապետություն
Տարածքը՝ 0,44 կմ2
Բնակչությունը՝ 821
Պետական լեզուները՝ լատիներեն, իտալերեն
Դրամական միավորը՝ եվրո՝ սեփական դիզայնով (մինչև 2002 թ.՝ վատիկանյան լիրա)

 

Վատիկանը պետություն է Եվրոպայում: Բայց  Եվրոպայի քաղաքական քարտեզի վրա հնարավոր չէ այն գտնել, որովհետև նույնիսկ քաղաք-պետություն էլ չէ:
 
Ընդհանուր տեղեկություններ
Վատիկան, պապական քաղաք-պետություն Իտալիայի մայրաքաղաք Հռոմի արևմտյան մասում՝ Մոնտե Վատիկանո բլրի վրա։ Մշտական բնակչությունը կազմում է շուրջ 800 մարդ, ներառյալ վատիկանական հպատակության 400 անդամներին։ Վատիկանը հանդիսանում է կաթոլիկական եկեղեցու գլուխ կանգնած Հռոմի պապի նստավայրը, ինչպես նաև կաթոլիկական միջազգաջին կենտրոնը։ Պետության տնտեսական հիմքը հանդիսանում են կապիտալ ներդրումներից ստացվող եկամուտներն ու հավատացյալների նվիրատվությունները։
 
Պատմությունը
Անվանումը (իտալերեն՝ Vaticano) առաջացել է Տիբեր գետի ափին գտնվող համանուն բլրից (լատիներեն՝ Mons Vaticanus, իտալերեն՝ Monte Vaticano)։ Այդ բլրի վրա վաղ միջնադարում կառուցվել է մի պալատ, որը XIV դ. վերջից դարձել է կաթոլիկական եկեղեցու գլուխ կանգնած Հռոմի պապի մշտական նստավայրը։ Իտալիայի վերամիավորումից և Հռոմը նրան միանալուց (1870) հետո վերջ դրվեց Հռոմի պապի աշխարհիկ իշխանությանը։ Պապը չճանաչեց միավորված իտալական պետությունը, որի հետևանքով «Սուրբ աթոռի» և Իտալիայի կառավարության միջև վիճաբանություններ ծագեցին։ Ծագած տարաձայնությունները վերացվեցին 1929-ին՝ Լաթերանյան պայմանագրերով, որի համաձայն կազմվեց Վատիկան պետությունն իր այժմյան սահմաններում։ Վատիկանը իտալերեն պաշտոնապես կոչվում է Stato della Città del Vaticano, որը բառացի նշանակում է «Վատիկան քաղաքի պետություն»։
 
Վատիկանն ինքնուրույն, կրոնապետական բացարձակ միապետություն է, որի գլուխը Հռոմի պապն է՝ կաթոլիկ եկեղեցու ղեկավարը: 
Վատիկանն ունի 1000-ամյա պատմություն: 756 թ-ին Հռոմի մարզը տրվեց Պապին, այդ տարածքի վրա ստեղծվեց պետություն՝ Պապի մարզը, որը գոյատևեց մինչև 1870 թ., ապա այն դարձավ Իտալիայի մի մասը, սակայն Պապերը շարունակում էին գտնվել Վատիկանում: Վերջապես, 1929 թ-ի փետրվարի 21-ին Լատերանի (պալատ Հռոմում) պայմանագրով, Իտալիայի կառավարության և Պապի միջև կնքվեց համաձայնություն, ըստ որի`   հաստատվեցին Վատիկանի անկախությունը և ժամանակակից սահմանները: 
Պապին ցմահ ընտրում է կոնկլավը (կարդինալների հավաքը)՝ փակ գաղտնի քվեարկությամբ: Պապին են ենթարկվում Վատիկանի բոլոր հաստատությունները, որոնց ղեկավարները նրա կողմից նշանակված կարդինալներն են: Պետության ղեկավարը հրապարակում է օրենքներ, նաև բարձրագույն դատավորն է: Վատիկանի կառավարությունը գլխավորում է Պապի նշանակած պետական քարտուղարը: Վատիկանն ունի իր «զինված ուժերը»՝ շվեյցարացիների (110 հոգի) պահակախումբ (կազմավորվել է 1527 թ-ին), որի զինվորները և սպաները ծառայում են 2–20 տարի: Դարերի ընթացքում նրանց համազգեստը փոփոխություն չի կրել, և դա է պատճառը, որ միջնադարյան համազգեստներով պապական զինվորները մշտապես գրավում են Վատիկան այցելող հյուրերի և զբոսաշրջիկների ուշադրությունը: 

Վատիկանը հայտնի է նաև որպես  խոշորագույն թանգարանային համալիր: Այստեղ է գտնվում աշխարհի ամենամեծ կաթոլիկ եկեղեցին՝ Սուրբ Պետրոսի տաճարը՝ կառուցված Սուրբ Պետրոս առաքյալի դամբարանի վրա (Պետրոս առաքյալը համարվում է կաթոլիկ եկեղեցու առաջին Պապը): Տաճարը կառուցվել է IV դարում, մի քանի անգամ վերակառուցվել է և իր ներկա տեսքն ստացել է XV–XVII դարերում, երբ տաճարը վերակառուցեցին հռչակավոր ճարտարապետներ, նկարիչներ, քանդակագործներ, ինչպես, օրինակ, Բրամանտեն, Միքելանջելոն և ուրիշներ: Տաճարում կան արվեստի գլուխգործոց սրբապատկերներ և քանդակներ, որոնցից առավել հայտնի է Միքելանջելոյի «Ողբ առ Քրիստոս» («Պիետա») մարմարակերտ քանդակը: Վատիկանի երկրորդ մեծ տաճարը Սիքստինյան մատուռն է, որի`   աստվածաշնչյան թեմաներով (Արարչագործության տեսիլքը, Ադամի և Եվայի պատմությունը, Ջրհեղեղը, Վերջին դատաստանը)  հրաշալի որմնանկարների հեղինակը նույնպես Միքելանջելոն է: Նույն մատուռի 4 դահլիճների նկարազարդումները կատարել է մեծ նկարիչ Ռաֆայելը: 

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.