Encyclopedia

Արաքս գետ

Երկարություն`   1072 կմ կմ
Ջրի ծախս`   285 մ³/վրկ մ³/վ
Ակունք`   Լեռ. Բյուրակն (Բինգյոլ) Հայկական լեռնաշխարհ
Բարձրություն`   3000 մ
Գետաբերան`   Թափվում է Կուր գետը, Սաբիրաբադի մոտ

Արաքսը (նաև ՝ Արազ, Արաս, Արաքսի և Երասխ), Հայկական լեռնաշխարհի ամենախոշոր գետերից է։ Ունի 933 կմ ( որոշ չափումներով 914 կմ) երկարություն, որից 200 կմ կազմում է Հայաստանի և Թուրքիայի սահմանը։ Հայաստանի գետերի մեծագույն մասը (որոնց ավազանները, միայն վերցված, կազմում են հանրապետության տարածքի 73,5 տոկոսը) պատկանում է Արաքսի ավազանին։ Արաքսը վաղնջական ժամանակներից հանդիսացել է հայոց քաղաքակրթության կարևոր բնօրրաններից մեկը: Արաքսը ջուր է մատակարարել Մեծ Հայքի, Այրարատ, Սյունիք, Արցախ, Փայտակարան, Վասպուրական նահանգներին, որի համար այն հաճախ կոչվել է Մայր Արաքս:

 

Աշխարհագրական ակնարկ
Արաքսը սկիզբ է առնում Բյուրակնյան լեռներից բխող բազմաթիվ սառնորակ աղբյուրներից։ Այստեղ նրա ջրերն ունեն ոչ ավելի 3-3,5 0 ջերմություն։ Այն լեռնաշխարհի միակ գետն է որ հոսում է լեռնաշխարհի ամբողջ տարածքով: և միանալով Կուրին՝ թափվում Կասպից ծովը: Հոսում է Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի տարածքներով: Նրա երկարությունը 1072 կիլոմետր է, որից 200 կիլոմետրը Հայաստանի Հանրապետության տարածքում է: Գետի լայնությունը մերձարաքսյան հարթությունում հասնում է 30-130 մետրի (Մեղրուն մերձ կիրճերում՝ 6-7 մետրի): Խորությունը 3-4,5 մետր է: Արաքսը տարվա գրեթե բոլոր ամիսներին պղտոր է լինում: Արագահոս գետ է (վայրկյանում՝ 1,5 մետր): Հայոց մայր գետը իր փոխադրած տիղմով Նեղոսից հետո աշխարհում գրավում է երկրորդ տեղը: Մասնագետների հաշվումներով՝ Արաքսն ամեն տարի ծովն է տանում ավելի քան մեկ միլիոն վագոն տիղմ:
 
Օտարները հրաշալիք են համարում Արաքսի նշանավոր Քարավազը (սահանքը Մեղրուն մերձ կիրճերում): Ստրաբոնի վկայությամբ, հնում Արաքսը, հատելով Մուղանի դաշտը, թափվել է Կասպից ծովը՝ առանց Կուրին միանալու: Ֆրանսիացի աշխարհագրագետ էլիզե Ռեկլյուն Արաքսն անվանում է «բուն, գերազանց հայկական գետ»։ Արարատյան դաշտում Արաքսը աջից ընդունում է Դեղին գետը, ձախից Ախուրյանը , Սև ջուրը, Հրազդանը, Ազատը, ապա Նախիջևանը:
 
Արաքսի ուղին
Արաքսը իր ծայր վերին հոսանքի շրջանում հոսում է գահավիժումներով և աղմկալից։ Նա շատ ավելի արագահոս է դառնում, երբ կտրում է Հայկական Պար լեռնաշղթան ու մտնում Բասենի դաշտը։ Այստեղ նրան է միանում Մուրց (Հասան-կալա) գետը, որից հետո նա անցնում է Կաղզվանի անձուկ ձորերով և, նոր վտակներ ընդունելով, աստիճանաբար հորդանում է ու դառնում է ջրառատ գետ, որը մեծ աղմուկով մտնում է Արարատյան դաշտ։ Այստեղ Արաքսը հոսում է դանդաղ, սակայն Նախիջևանի մոտ անցնում է զառիվեր, տեղ-տեղ ոլորապտույտ ափերով։ Այստեղ նրա ձախակողմյան ափը սկսում է նկատելիորեն բարձրանալ՝ աստիճանաբար դեպի նրա հունն իջնող լեռնաբլուրների շնորհիվ։ Ջուլֆայի մոտ Արաքսը մտնում է խոր և նեղ կիրճ, այնուհետև կարճ տարածություն վրա կրկին դուրս է գալիս հարթավայր, բայց Օրդուբադից մի փոքր ներքև երկու կողմերից գետին են մոտենում առանձին լեռնաբազուկներ. գետի հունն աստիճանաբար նեղանում է, առաջանում են սահանքներ։ Մեղրիի մոտ գետին են մոտենում Զանգեզուրի և Կարադաղի լեռները, որոնք տեղ-տեղ ուղղակի կախված են գետահունի վրա։ Սեղմված այդ լեռներով, Արաքսը հոսում է Մեղրիի հայտնի երկար ու խոր կիրճերով։ Այստեղ Արաքսի ջրերը խելահեղ արագությամբ զարնվում են ափամերձ ժայռերին, փրփրում և սրընթաց վազում առաջ՝ մինչև Բարգուշատ և Հագարի գետերի խառնուրդը։
 
Արաքսի ստորին հոսանքն անցնում է Մերձկասպյան դաշտավայրով, որտեղ նա միանում է Կուրին և թափվում Կասպից ծով։ Գետը տարեկան դեպի Կասպից ծով է տանում 3 մլրդ խմ ջուր։

 

Արաքսի կամուրջները
Արաքսի վրա շատ կամուրջներ են եղել: Դրսւնցից ամենանշանավորները հինգն էին, որոնք եղել են Բասենում, Երվանդակերտում, Արտաշատում, Նախիջևանում և Ջուղայում: Արտաշատի կամուրջը կոչվել է Տափերական: Այս կամրջից է սկսվել Արտաշատ-Տիգրանակերտ արքայական պողոտան: Նշանավոր է եղել նաև Ջուղայի կամուրջը, որի շինությունը ավանդությունը վերագրում է Ալեքսանդր Մակեդոնացուն: 1605 թվականին շահ Աբբասի հրամանով այս կամուրջը ավերվեց, որպեսզի և հայերը մոռանան տունդարձի ճամփան, և թուրքերը չկարողանան այդ կամրջով ներխուժել Պարսկաստան: Պատմական կամուրջներից այսօր մնացել է միայն մեկը՝ Բասեն գավառի Բ. Հոբբի կամուրջն է: Կամուրջների անհետացումը պայմանավորված է Արաքսի հունի հաճախակի փոփոխություններով`   Մովսես Խորենացու վկայությամբ, գետը ժամանակին հոսել է հայկական հինավուրց մայրաքաղաքների Արմավիրի, Արտաշատի և Վաղարշապատի մոտով, բայց հետագայում հեռացել է այդ քաղաքներից, որի արդյունքում կամուրջները կործանվել են: Պատահական չէ, որ հռոմեացի բանաստեղծ (մ.թ.ա. 1-ին դար) Միտիլիոս (Վիտիլիոս) Արաքսն անվանում է կամուրջընկեց, իսկ հռոմեացի բանաստեղծ Ալբիոս Տիբուլլոսը (մ.թ.ա. 54—19 թթ.) Արաքսը անվանել է «Կամուրջներ չհանդուրժող Երասխ»։
 
Օգտագործումը
Շատ հնուց Արաքսի ջրերը բարեբեր են դարձրել նրա ափերը: Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո Ռուսական կայսրությունը քայլեր է արել Արաքսի ջրերն արդյունավետ օգտագործելու համար: 1848 թվականին առաջին անգամ «Վոլգա» անունով ռուսական ջերմանավը, որն ուներ 40 ձիաուժ, մտավ Արաքսը՝ գետի նավարկելիությունը ստուգելու նպատակով: Այդ առաջին փորձը ձախողվեց և այնուհետև, չկրկնվեց: 1870 թվականին ռուսական կառավարությունը հատուկ պայմանագրով Արաքսի մի հատվածը (Արարատյան դաշտում) 65-ամյա ժամկետով հանձնեց գեներալ-մայոր Կախանովին: 1874 թվականին Կախանովը գործարկեց մի ջրանցք, որը ոռոգելի դարձրեց մի քանի տասնյակ հեկտար տարածություն:
 
Սահմանային գետ դառնալուց հետո Արաքսի ջրերն սկսեցին օգտագործել ԽՍՀՄ ու Թուրքիայի և ԽՍՀՄ ու Իրանի կառավարությունների միջև կնքված պայմանագրերի համաձայն:

 

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.