Applicants’ Corner

Արցախի Պետական Համալսարան

Պետական ԲՈՒՀ

Արցախի պետական համալսարանն (ԱրՊՀ) իր ստեղծման օրից առայսօր առանձնահատուկ տեղ է գրավել Լեռնային Ղարաբաղի ոչ միայն բարձրագույն կրթության և գիտության համակարգում, այլև մշակութային, հասարակական-քաղաքական կյանքում` մշտապես կրելով «Մայր բուհ» պատվանունը: Ներկայումս ԱրՊՀ-ն մեր նորանկախ հանրապետության խոշորագույն գիտակրթական և մշակութային կենտրոնն է:
Համալսարանը ստեղծվել է 20-րդ դարի երկրորդ կեսին, ճշգրիտ` 1969թ.-ին, Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի կենտրոն Ստեփանակերտ քաղաքում: Համալսարանի ստեղծումը հզոր ազդակ հանդիսացավ հայկական երկրամասում ազգային գործոնի պահպանման ու զարգացման համար, որի պատճառով բուհի պրոֆեսորադասախոսական և ուսանողական անձնակազմը հայտնվեց հայատյաց Ադրբեջանի կուսակցական ու պետական մարմինների համատարած հսկողության տակ: Հետագայում բուհը հաջողությամբ հաղթահարել է բոլոր այն խոչընդոտները, որոնք ստեղծվել են խորհրդային բռնատիրական համակարգի, առանձնապես` Ադրբեջանի ազգայնական իշխանությունների կողմից:
Ստեղծման պահին համալսարանը կոչվում էր «Բաքվի Վ.Լենինի անվան մանկավարժական ինստիտուտի Ստեփանակերտի մասնաճյուղ» և ուներ ընդամենը երկու ամբիոն` լեզվի և գրականության ու մաթեմատիկայի, որոնց ումուսուցումը տարվում էր հայերեն, ադրբեջաներեն, հետագայում նաև` ռուսերեն:
1973թ.-ին բուհն ստացավ ինքնուրույն կարգավիճակ և վերանվանվեց Ստեփանակերտի պետական մանկավարժական ինստիտուտ:
80-ական թվականների երկրորդ կեսին, արցախահայության ազատագրական պայքարի նոր փուլի սկզբնավորման օրերին, համալսարանը դարձավ համաժողովրդական պայքարի գիտական հիմնավորման օջախ: Արցախյան ազատամարտի առաջին օրերից ուսանողներն ու դասախոսները կամավոր զինվորագրվեցին ղարաբաղյան հողում հայության հարատևման պայքարին: 1988թ. փետրվարին բուհում սկզբնավորված ուսանողական շարժումները նպաստեցին, որպեսզի մայր Հայաստանի հետ արցախահայության վերամիավորման արդարացի պահանջը վերաճի համազգային գաղափարի: Արդյունքը եղավ այն, որ ժամանակավորապես դադարեցվեցին ուսումնական պարապմունքները Ստեփանակերտի պետական մանկավարժական ինստիտուտում, և բուհի հայկական ու ռուսական բաժինները նույն թվականի նոյեմբեր ամսում տեղափոխվեցին ՀՀ ք. Վանաձոր` տեղի մանկավարժական ինստիտուտում ուսումը շարունակելու համար:
1988թ. դեկտեմբերի 7-ին հայ ժողովրդին պատուհասեց նոր փորձություն` ահեղ երկրաշարժը, և բուհի դասախոսներն ու ուսանողները ստիպված եղան վերադառնալ Ստեփանակերտ` այս անգամ որպես Վանաձորի մանկավարժական ինստիտուտի Ստեփանակերտի բաժանմունք: Բաժանմունքն ուներ փաստացի ինքնուրույնություն. գործում էին չորս ֆակուլտետները` իրենց ամբիոններով և ուսումնական գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ այլ ստորաբաժանումները:
Արցախյան պատերազմի թեժ տարիներին` 1992թ. հոկտեմբերին, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում ընդունեց միավորել Վանաձորի մանկավարժական ինստիտուտի Ստեփանակերտի բաժանմունքը Երևանի ճարտարագիտական համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի հետ` միավորված նորաստեղծ բուհն անվանելով Արցախի պետական համալսարան` ԱրՊՀ:
ԼՂՀ անկախության տարիներին համալսարանն աննախադեպ զարգացում է արձանագրել: 2008-2009թ.թ. ուսումնական տարում իրականացվել է անցումը կրեդիտային համակարգի` ուսումնառությունը կազմակերպելով Բոլոնիայի հռչակագրի համաձայն, եռաստիճան համակարգով` բակալավրիատ, մագիստրատուրա, ասպիրանտուրա: Ուսումնական գործընթացը կազմակերպվում է առկա և հեռակա բաժիններում:
Ներկայումս համալսարանն ունի երեք մասնաշենք և վարչական շենք, գործում է 9 ֆակուլտետ, 25 ամբիոն, որոնցում աշխատում է մոտ 350 դասախոս, այդ թվում գիտության 9 դոկտոր, գիտության 69 թեկնածու, 24 պրոֆեսոր, 76 դոցենտ: Պայմանագրային հիմունքներով համալսարանում դասախոսում են ինչպես Արցախի, այնպես էլ ՀՀ-ից և ՌԴ-ից հրավիրված բարձրակարգ մասնագետներ: Համալսարանի առկա և հեռակա բաժինների բակալավրիատում և մագիստրատուրայում սովորում են շուրջ 3300 ուսանողներ: Ասպիրանտուրայում սովորում են շուրջ հինգ տասնյակ ասպիրանտներ, ովքեր, որպես կանոն, հաջողությամբ պաշտպանում են թեկնածուական թեզեր և ստանում իտական աստիճան:
Գործում են գիտաուսումնական կենտրոններ, այդ թվում` հայագիտական կենտրոնը, ազգագրական սրահը, ռուսական մշակույթի բարեկամների կենտրոնը, ուսանողների գիտելիքների ստուգման համակարգչային կենտրոնը, ժամանակակից պահանջների համաձայն կահավորված 3 համակարգչային ուսումնական կաբինետ, լաբորատորիաներ, ռազմական գիտության ժամանակակից պահանջների համաձայն կահավորված մարտավարական պատրաստության կաբինետ, հրաձգարան, երկումարզադահլիճ, երկունիստերի դահլիճ:
Ուսանողների և դասախոսների տրամադրության տակ է նաև հանրակացարանը` ավելի քան 250 բնակիչ-տեղ հնարավորությամբ: Արցախյան պատերազմում նահատակված թվով 72 ուսանողների հիշատակին կառուցված հուշակոթողին իրենց հարգանքի տուրքն են մատուցում համալսարան ժամանած հյուրերն ու պաշտոնական պատվիրակությունները:
ԱրՊՀ-ն համագործակցության պայմանագրեր ունի Երևանի պետական համալսարանի, Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի, Երևանի պետական ճարտարապետության և շինարարության համալսարանի, Վանաձորի Հ. Թումանյանի անվան մանկավարժական ինստիտուտի, Գյումրու Մ.Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի հետ: ԱրՊՀ-ն նաև կայուն կապեր է ստեղծել Ռուսաստանի Դաշնության Կրթության ակադեմիայի, Վլադիմիրի պետական համալսարանի, Սարատովի համալսարանի, իսկառավել սերտ կապեր` հետխորհրդային նորանկախ հանրապետությունների` Մերձդնեստրի, Աբխազիայի և Հարավային Օսեթիայի համալսարանների հետ, որոնցհետունի Ասոցացման համաձայնագիր և դրան նվիրված հատուկ գիտական կաբինետ: Համալսարանն ակտիվ համագործակցության ծրագրեր է իրականացնում Երևանի Ամերիկյան համալսարանի, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի, Հայաստանում ֆրանսիական համալսարանի, Սլովակիայի Ակալիցա քաղաքի Միջին Եվրոպայի համալսարանի, ԱՄՆ Կալիֆոռնիայի համալսարանի և այլ միջազգային բարձր վարկանիշ ունեցող բուհերիհետ: Միջազգային համագործակցության լավագույն դրսևորում է ԱրՊՀ եռակողմ համաձայնագիրը և կրթական ծրագրի իրականացումը համաշխարհային համբավ վայելող «Սինոփսիս-Արմենիա» և «Ղարաբաղ-տելեկոմ» ընկերությունների հետ:
ԱրՊՀ ավարտական դիպլոմները, վկայականներն ու սերտիֆիկատները բարձր վարկանիշ ունեն Արցախում, Հայաստանի Հանրապետությունում և նրա սահմաններից դուրս: ԱրՊՀ շրջանավարտներ են մեր երկրի օրենսդիր, գործադիր, դատական իշխանությունների բարձրագույն ղեկավարների մեծ մասը, ինչպես նաև հայտնի զինվորականներ, գործարարներ, քաղաքագետներ, իրավաբաններ, մանկավարժներ, շինարարներ, մարզիկներ:
Համալսարանի Խորհրդի նախագահն է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ, տեխնիկական գիտությունների թեկնածու Արա Վլադիմիրի Հարությունյանը, ռեկտորն է տնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ Մանուշ Մառլեստի Մինասյանը (2013թ օգոստոսից առ այսօր):

ՌԵԿՏՈՐ` Ա․ Սարգսյան
ՀԱՍՑԵ`ԼՂՀ, ք. Ստեփանակերտ, Մ.Գոշի 5
ՀԵՌԱԽՈՍ` (+37447) 94 04 91, (+37447) 97 12 14
ԷԼ.ՀԱՍՑԵ` [email protected]
ԿԱՅՔ` www.asu.am

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.