Applicants’ Corner

«Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարան» հիմնադրամ

Պետական ԲՈՒՀ

Հայաստանում ագրարային կրթություն իրականացնող միակ բարձրագույն ուսումնական հաստատությունը Հայաստանի ազգային ագրարային համալսարանն է (ՀԱԱՀ)՝ նախկին Հայկական գյուղատնտեսական ակադեմիան, որը հիմնադրվել է Հայկական գյուղատնտեսական և Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտների միավորման արդյունքում:
Ագրարային համալսարանը ներկայումս ունի 7 ֆակուլտետ՝ ագրոնոմիական, պարենամթերքի տեխնոլոգիաների, անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության, գյուղատնտեսության մեքենայացման և ավտոմոբիլային տրանսպորտի, հիդրոմելիորացիայի, հողաշինարարության և հողային կադաստրի, տնտեսագիտական, ագրոբիզնեսի և շուկայաբանության:
ՀԱԱՀ-ում դասավանդում են 600-ից ավելի գիտնականներ և դասախոսներ, որոնց 81 տոկոսն ունի գիտական աստիճան ու կոչում: Համալսարանն ունի հարուստ նյութատեխնիկական, ուսումնաարտադրական և գիտահետազոտական բազա. ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած լսարաններն ու եզակի լաբորատորիաները հնարավորություն են տալիս ուսանողներին տեսական գիտելիքներն ամրապնդել գործնական հմտություններով: Ուսումնափորձնական տնտեսություններում ուսանողները, մագիստրանտները, ասպիրանտներն ու գիտաշխատողներն իրականացնում են ուսումնական և հետազոտական ծրագրեր:
ՀԱԱՀ-ի ուսանողները հնարավորություն ունեն ուսումը շարունակել և արտադրական պրակտիկա անցնել ԱՄՆ-ի և Եվրոպայի տարբեր երկրների առաջատար գործընկեր համալսարաններում: Համագործակցելով Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի հետ՝ ՀԱԱՀ-ի «Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագրի ուսանողները, ուսումը շարունակելով Գերմանիայում, ստանում են կրկնակի դիպլոմ և՛ ՀԱԱՀ-ից, և՛ Գերմանիայի Վայհենշտեֆանի համալսարանից:
ՀԱԱՀ-ի կազմում գործում է տարածաշրջանում ուսուցումն անգլերենով իրականացնող միակ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնը, որի կրթական չափորոշիչները համապատասխանում են ԱՄՆ Տեխասի A&M համալսարանի ուսումնական պլաններին: Կենտրոնի շրջանավարտները ստանում են ՀԱԱՀ դիպլոմ և ԱՄՆ Տեխասի A&M համալսարանի հավաստագիր՝ հեշտությամբ անցնելով բարձր վարձատրվող աշխատանքի ագրոպարենային ոլորտի հայաստանյան և միջազգային կազմակերպություններում:
Ագրարային համալսարանը պատրաստում է առաջիկա տարիներին հայաստանյան աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագետներ՝ 31 մասնագիտությունների գծով, որոնցից 22-ի համար ՀՀ Կառավարության որոշմամբ սահմանվել են ընդունելության արտոնյալ պայմաններ. դիմորդները վճարովի համակարգ կարող են ընդունվել առանց միասնական քննություններին մասնակցելու՝ հայտագրելով ատեստատի ավարտական կամ տարեկան գնահատականները, իսկ անվճար համակարգ՝ հանձնելով ընդամենը մեկ կամ երկու միասնական քննություն:


ՌԵԿՏՈՐ՝ Վ. Ուռուտյան
ՀԱՍՑԵ՝ ՀՀ, ք. Երևան, Տերյան 74
ՀԵՌԱԽՈՍ՝ +374(10) 52-45-41, +374(10) 58-19-12
ՖԱՔՍ՝ +374(10) 52-23-61,
ԷԼ. ՓՈՍՏ՝ [email protected]
ԿԱՅՔ՝ www.anau.am

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.