Applicants’ Corner

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ

Պետական ԲՈՒՀ

1945 թվականի հուլիսի 21-ին Հայաստանի Հանրապետության Ժողովրդական կոմիսարների խորհուրդը որոշում ընդունեց Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ստեղծման մասին:

Ծանր ու դժվարին ժամանակներ էին: Ընթանում էր հետապատերազմյան երրորդ ամիսը: Անհրաժեշտ էր վերականգնել պատերազմի հասցրած վնասները, բարելավել ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակը, զբաղվել կադրերի պատրաստման հարցերով:

Նման բարդ իրադրության մեջ Հայաստանի կառավարությունը վարելով միանգամայն հեռատես, իմաստուն քաղաքականություն և պատշաճս գնահատելով ազգաբնակչության առողջության ամրապնդման և ֆիզիկապես կոփման, մատաղ սերնդի ֆիզիկական դաստիարակության բարելավման խնդիրների հույժ կարևորությունը հիմնեց Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը, դրանով իսկ արձանագրելով ինստիտուտի առաջնային կարևորությունը երկրի տնտեսության զարգացման, տարածքային ամբողջականության և անվտանգության պահպանման ու ամրապնդման, սոցիալ-մշակութային ոլորտի բարելավման և Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ողջ համակարգը որակական նոր, առավել բարձր մակարդակի հասցնելու համար:

Առաջին ուսումնական տարում ինստիտուտում գործել են 13 ամբիոններ 26 դասախոսներով, իսկ ուսանողների թիվը եղել է 114 մարդ: Ինստիտուտի առաջին տնօրեն է նշանակվել Հայկ Փարսադանյանը, այնուհետեև ինստիտուտը ղեկավարել են Աղասի Չարչօղլյանը, Լորիս Քալաշյանը, Հրաչ Թոփալյանը, Ռոբերտ Գալստյանը: 1998 թվականից ինստիտուտը ղեկավարում է ՀՀ Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Առաքելյանը:

Ինստիտուտի պրոռեկտորներ են եղել Ազատ Գալստյանը, Համբարձում Ստեփանյանը, Ռոբերտ Ջուգանյանը, Ֆրունզ Ղազարյանը, Միքայել Իսպիրյանը, Սպարտակ Հարությունյանը, Թագվոր Մանուկյանը, Հրանտ Ավանեսյանը:

Անցած տարիների ընթացքում ինստիտուտը պատրաստել է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի, մարզական լրագրության, կինեզիոլոգիայի, ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի 12 հազար մասնագետների:

1990-1994թթ. ինստիտուտի բազմաթիվ ուսանողներ և շրջանավարտներ, կատարելով իրենց քաղաքացիական պարտքը, մարտնչեցին կամավորական ջոկատներում Արցախի անկախության և ազատության համար: Նրանցից 23-ը զոհվեցին հերոսի մահով:

Ինստիտուտի աշխատանքի հիմնական ուղղություններից է բարձրակարգ մարզիկների պատրաստումը: Միայն օլիմպիական խաղերում ինստիտուտի ուսանողները և շրջանավարտները նվաճել են 12 ոսկե, 10 արծաթե և 14 բրոնզե մեդալ: Օլիմպիական չեմպիոն են դարձել մարմնամարզիկներ` Հ.Շահինյանը, Ա.Ազարյանը, Է.Ազարյանը, հնգամարտիկ Ի.Նովիկովը, ծանրամարտիկներ Յու.Վարդանյանը, Յու.Սարգսյանը, Օ.Միրզոյանը, ըմբիշ Ա.Նազարյանը, հրաձիգ Հ.Պետիկյանը և ուրիշներ: Շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոններ են դարձել Լ.Արոնյանը, Ս.Լպուտյանը, Գ.Սարգսյանը, Վ.Հակոբյանը , Տ.Պետրոսյանը, Կ.Ասրյանը , Ա.Մինասյանը:

Ինստիտուտի բոլոր ամբիոնները և գիտահետազոտական կենտրոնը զբաղվում են նախապես հաստատված գիտահետազոտական թեմաներով, որոնց արդյունքները հրատարակվում են մենագրություններում, դասագրքերում, ուսումնական ձեռնարկներում, գիտական հոդվածներում: Յուրաքանչյուր տարի ինստիտուտի դասախոսները հրատարակում են 100-ից ավելի գիտական հոդվածներ և աշխատանքներ: Համամիութենական և միջազգային գիտաժողովներում սպորտային գիտությունը բազմիցս ներկայացրել են պրոֆեսորներ Ա.Կոստանյանը, Ֆ.Ղազարյանը, Կ.Աթոյանը, Գ.Բուտաևը, Վ.Առաքելյանը, Մ. Իսպիրյանը, Է.Սահակյանը, Ռ.Մելիքսեթյանը, Հ.Բաբայանը, Ա.Հարությունյանը, Մ.Աղաջանյանը, Ս.Գրիգորյանը և ուրիշներ:

ՌԵԿՏՈՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ` Դ․ Խիթարյան
ՀԱՍՑԵ` Երևան, Ալեք Մանուկյան 11
ՀԵՌԱԽՈՍ` +374-10-556281, +374-10-550453
ՖԱՔՍ` +(37410) 55-41-04
ԷԼ.ՀԱՍՑԵ` [email protected]
ԿԱՅՔ` http://www.asipc.am

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.