Applicants’ Corner

Գավառի պետական համալսարան

Պետական բուհ

Գավառի պետական համալսարանի ստեղծման նախաձեռնողը և հիմնադիր-ռեկտորը փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանտ Խաչատուրի Հակոբյանն է: 1991-1992 թվականներին Հայաստանի Հանրապետությունում տիրող սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում տարածաշրջանի հանրակրթական դպրոցների բազմաթիվ շրջանավարտներ գործնականում հնարավորություն չունեին ուսումը շարունակելու մայրաքաղաքում: Ուստի, ուսումնասիրելով հայրենի եզերքում հանրակրթական դպրոցների, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտների և գիտական աստիճաններ ունեցող անձանց քանակը, ինչպես նաև մասնագետների պահանջարկը, օգտվելով ՀՀ անկախության ընձեռած հնարավորությունից, Հրանտ Խաչատուրի Հակոբյանը դիմեց ՀՀ Կրթության և գիտության նախարարություն` Գավառում համալսարան բացելու առաջարկությամբ:
ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր Հրանուշ Հրանտի Հակոբյանի նպատակաուղղված ջանքերի շնորհիվ ՀՀ Կառավարության 1993թ. մայիսի 5-ի թիվ 208 որոշմամբ Գավառում (նախկին Կամոյում) ստեղծվեց պետական համալսարան:
1993-1994 ուսումնական տարում 139 դիմորդից համալսարան ընդունվեցին 94-ը: Դասախոսական աշխատանքում ներգրավված էին 28 մասնագետ, որոնցից 8-ը դոկտոր, պրոֆեսորներ էին, 9-ը` գիտությունների թեկնածու, 3-ը` ասպիրանտուրան ավարտածներ, և միայն 8-ն էին առանց գիտական աստիճանի:
Սկզբում համալսարանը մասնագետներ է պատրաստել հետևյալ մասնագիտությունների գծով` «Հայոց լեզու և գրականություն», «ֆինանսներ և վարկ», «Հաշվապահական հաշվառում, վերահսկողություն և տնտեսական գործունեության վերլուծություն», «Մեքենաշինության տեխնոլոգիա», «Էլեկտրամեխանիկա», «Ագրոքիմիա»:
Հետագա ուսումնական տարիներին ընդլայնվեց մասնագիտությունների ցանկը` ներառելով նաև «Հայոց լեզու և գրականություն», «Անգլերեն լեզու և գրականություն», «Ռուսաց լեզու և գրականություն», «Իրավագիտություն», «Պատմություն», «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Բնապահպանություն և բնօգտագործում», «Համակարգչային ճարտարագիտություն», «Սերվիս», «Քարտեզագրություն և կադաստրային գործ», «Դեղագործական քիմիա», «Տնտեսագիտություն», «Ֆինանսներ /ըստ ոլորտի/», «Հաշվապահական հաշվառում և հարկում /ըստ ոլորտի/» մասնագիտությունները: Համալսարանում ուսումնական գործընթացն արդյունավետ կազմակերպելու նպատակով հրավիրվել են հանրապետության 120 լավագույն մասնագետներ, որոնց տեղափոխման, գիշերելու և կենցաղ-սպասարկման հարցերը լուծվում են բուհի կողմից:
ԳՊՀ-ում ուսանում են շուրջ երկու հազար ուսանող Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերից և մայրաքաղաքից: Համալսարանում բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերն իրականացվում են առկա և հեռակա ուսուցման համակարգերում:
Համալսարանն ունի գիտական գրադարան, ընթերցասրահ, ուսումնական լաբորատորիա, կահավորված չորս համակարգչային լսարան` ապահովված համացանցային կապով, ուսումնական լաբարատորիա: Համալսարանում ակտիվորեն գործում են ուսանողական խորհուրդը, ուսանողական գիտական ընկերությունը, իրավաբանական կլինիկան, տնտեսագետների, ստեղծագործողների, բնագետների ակումբները, նկարչական ստուդիան:
Համալսարանի ֆակուլտետները տեղաբաշխված են երեք ուսումնական մասնաշենքում, որտեղ ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները որակյալ կրթական, հետազոտական և դաստիարակչական գործընթաց կազմակերպելու, բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերը երկաստիճան կրթական համակարգում` բակալավրիատում և մագիստրատուրայում անխափան իրականացնելու նպատակով:
Գավառի պետական համալսարանը կյանք է ճանապարհել մասնագետների տասնինը սերունդ: ԳՊՀ-ն ավարտել են ավելի քան վեց հազար շրջանավարտներ, որոնցից շատերն աշխատում են պետական մարմիններում և ոչ պետական հիմնարկներում, բանկերում, բուհերում, դպրոցներում, այլ կրթական հաստատություններում ու կազմակերպություններում:
ՀՀ կրթության և գիտության նախարարի թիվ 61-Ա/2, 03.02/2016թ. հրամանով Գավառի պետական համալսարանին շնորհվել է բարձրագույն կրթության երրորդ աստիճանում՝ ասպիրանտուրայում, կրթություն կազմակերպելու թույլտվություն:



ՌԵԿՏՈՐ` Ռուզաննա Խաչիկի Հակոբյան
ՀԱՍՑԵ` ՀՀ, ք. Գավառ, Հրանտ Հակոբյան 1
ՀԵՌԱԽՈՍ` (+374 264) 2 57 75, +374-60-460302, +374-60-460201
ԷԼ.ՀԱՍՑԵ` [email protected]
ԿԱՅՔ`www.gsu.am

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.