Applicants’ Corner

Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա

Պետական բուհ

Հայաստանի գեղարվեստի ակադեմիան (նախկինում՝ Երևանի գեղարվեստի պետական ինստիտուտ) ստեղծվել է 1945թ.:

Ակադեմիայի հիմնադիրն ու առաջին ռեկտորը եղել է ակադեմիկոս, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Արա Սարգսյանը: Ակադեմիան այժմ ունի երկու ֆակուլտետ` կերպարվեստի և դիզայնի` 10 բաժիններով:
Բուհը համագործակցում է Գերմանիայի, Իտալիայի, Բուլղարիայի, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիաների հետ:
Ակադեմիան տվել է 5400-ից ավելի շրջանավարտ:
2000-ին, Արամ Իսաբեկյանի՝ երկար տարիների հետևողական աշխատանքից և բավական դժվարություններ հաղթահարելուց հետո, վերջապես, ՀՀ կառավարության որոշմամբ Գեղարվեստի ինստիտուտը վերանվանվում է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա (2017-ի փետրվարից՝ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա): Թեև կառուցվածքային և բովանդակային առումով նոր կարգավիճակը էական փոփոխություններ չէր ենթադրում, այդուհանդերձ, այն բուհի կյանքում շրջադարձային նշանակություն ուներ` խորհրդանշական իմաստով և հեղինակության տեսակետից: Ակադեմիան պարտավորեցնող հաստատություն է:
2004-2005 ուսումնական տարվանից Ակադեմիան և նրա մասնաճյուղերն անցել են ուսուցման եռաստիճան համակարգի. բակալավրիատ (4 տարվա ուսուցման ծրագրով), մագիստրատուրա (2 տարվա ուսուցման ծրագրով) և ասպիրանտուրա (3 տարվա ուսուցման ծրագրով)։ Զգալի աշխատանքներ են տարվել կրթական ծրագրերի արդիականացման ուղղությամբ, մշակվել են բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ուսումնական նոր պլաններ, որոնք ուղղված են ուսանողների վերլուծական կարողությունների զարգացմանը և ինքնուրույն աշխատանքի ձգտման խթանմանը։ Ուսումնառության շրջանակները զարգացնելուն ու ընդլայնելուն նպաստեց եվրոպական կրեդիտային համակարգի ներդրումը, որը եվրոպական բուհերում պրոֆեսիոնալ կրթություն ստանալու նոր հեռանկարներ է ստեղծում։ Ըստ այդմ` Ակադեմիայում իրականացվեցին կառուցվածքային փոփոխություններ և ստեղծվեցին մասնագիտական նոր ստորաբաժանումներ:
Բուհերի միջազգայնացման կարևորագույն պայմաններից մեկը ուսանողների շարժունության ապահովումն է, որ 2009-ից սկսած՝ Ակադեմիան իրականացնում է կրթական բարեփոխումների շրջանակներում: Այն ենթադրում է տարբեր երկրների բուհերի միջև ուսանողների փոխանակություն՝ մեկ կամ ավելի կիսամյակ տևողությամբ դասընթացներին հետևելու համար: Այս նպատակով հատկապես կարևոր էր Ակադեմիայում կրեդիտային համակարգի ներդրումը և գնահատման նոր ձևի կիրառումը: Ակադեմիայի ուսանողները համապատասխան կրեդիտների փոխանակման պայմանագրով մեկնում են եվրոպական և ռուսական բուհեր՝ ուսանելու կամ թեկնածուական թեզի համար հետազոտական աշխատանք կատարելու, գիտաժողովներին մասնակցելու կամ գործնական դասընթացների համար (մասնավորապես՝ Ռեյմսի դիզայնի և արվեստի բարձրագույն դպրոց, Մարսելի գեղարվեստի բարձրագույն դպրոց, Լիոնի գեղարվեստի ազգային դպրոց, Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիա, Սանկտ-Պետերբուրգի Շտիգլիցի անվան պետական գեղարվետա-արդյունաբերական ակադեմիա, Մոսկվայի Բուրգանովի Արվեստի ակադեմիա):
2015-ից Գեղարվեստի ակադեմիան ընդգրկվել է Տեմպուս ծրագրին փոխարինած Էրազմուս փլաս (ERASMUS+) ծրագրի դրամաշնորհային նախաձեռնություններում՝ միջբուհական համագործակցության նախագիծ ներկայացնելով Ֆլորենցիայի և Թբիլիսիի գեղարվեստի ադեմիաների հետ, որում ընդգրկված են եվրոպական այլ երկրներ:
Ուսման որակի բարձրացման ուղղությամբ տարվող աշխատանքների, տարբեր երկրների արվեստի բուհերի հետ կնքված պայմանագրերի, ինչպես նաև հասարակայնության հետ կապերի արդի տեղեկատվական միջոցների հնարավորությունները համատեղելով՝ Ակադեմիան, որպես արվեստի ժամանակակից բուհ, այսօր դարձել է անհամեմատ ավելի գրավիչ. վերջին տասնամյակում մագիստրոսական և ասպիրանտական ծրագրով սովորելու են գալիս ոչ միայն հանրապետության այլ բուհերից, այլ նաև արտասահմանյան երկրներից։ Արտասահմանցի ուսանողների թիվը և երկրների աշխարհագրական սահմաններն ընդարձակվել են՝ ընդգրկելով Ռուսաստանը, Ուկրաինան, Բելոռուսը, Իրանի Իսլամական Հանրապետությունը, Ֆրանսիան, Գերմանիան, Ռումինիան, Հունաստանը, ԱՄՆ:

ՌԵԿՏՈՐ` Ա.Իսաբեկյան
ՀԱՍՑԵ` Երևան, Իսահակյան 36
ՀԵՌԱԽՈՍ` +374-10-560726
ՖԱՔՍ` 54-27-06
ԷԼ.ՀԱՍՑԵ` [email protected]
ԿԱՅՔ` www.yafa.am

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.