Applicants’ Corner

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ

Պետական ԲՈՒՀ

1944թ. Երևանում հիմնադրվեց թատերական ինստիտուտ` դերասանական և ռեժիսորական ֆակուլտետներով: Տնօրեն նշանակվեց արվեստի վաստակավոր գործիչ, հետագայում Հայկական ՍՍՀ ժողովրդական արտիստ Վավիկ Վարդանյանը: Ստեղծվեցին դերասանի վարպետության և ռեժիսուրայի, մարքսիզմ-լենինիզմի, թատրոնի ու արվեստի պատմության և ռազմական պատրաստության, իսկ հաջորդ տարում` բեմական շարժման և լեզվի ու գրականության ամբիոններ:

Սկսած 1950 թվականից ինստիտուտում դադարեցվեց ընդունելությունը թատերագիտություն մասնագիտության գծով, կրճատվեց ուսանողների թիվը: Նույնը տեղի ունեցավ Գեղարվեստի ինստիտուտում: 1952թ. երկու ինստիտուտների միավորմամբ ստեղծվեց Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: Ռեկտոր նշանակվեց Վավիկ Վարդանյանը:

1952թ. ինստիտուտն ուներ երկու ֆակուլտետ` թատերական և կերպարվեստի: Թատերական ֆակուլտետում բացվել էին ռեժիսորական, դերասանական և թատերագիտական (1944-1962թթ.), կերպարվեստի` գեղանկարչության, քանդակագործության, թատերանկարչության (1949-1958թթ.) և գրաֆիկական (1949-1959թթ.) բաժիններ:

1976թ. ինստիտուտի երկու ֆակուլտետներում կային հետևյալ բաժինները. թատերականը ներառում էր դերասանականը, ռեժիսորականը և երաժշտական կոմեդիայի (1971թ.-ից), կերպարվեստինը` գունանկարչության, քանդակագործության, կիրառական արվեստի (1960թ.-ից` խեցեգործություն, գորգի ձևավորում, մանվածք), արդյունաբերական արվեստի (1963-ից) բաժինները:

1994թ. Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտը բաժանվեց Երևանի գեղարվեստի պետական ինստիտուտի և Երևանի թատերական արվեստի պետական ինստիտուտի:

1999թ. Երևանի թատերական արվեստի պետական ինստիտուտը դարձավ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ:

2011/2012 ուսումնական տարում բուհում ստեղծվել են երեք ֆակուլտետ` Թատրոնի, Կինոյի, հեռուստատեսության և անիմացիայի, Արվեստի պատմության, տեսության, կառավարման: ԵԹԿՊԻ-ում գործում է հեռակա ուսուցման բաժինը, նախապատրաստական բաժինը: Բուհն ունի մասնաճյուղեր Գյումրիում, Վանաձորում, Գորիսում: Սկսած 1961 թ.-ից մեր բուհում սովորում են օտարերկրացի ուսանողներ` այդ թվում սփյուռքահայեր:
ԵԹԿՊԻ-ն սերտորեն համագործակցում է մերձավոր և հեռավոր արտասահմանի մի շարք համալսարանների, ակադեմիաների հետ: ԵԹԿՊԻ-ի ուսանողները մասնակցում են հանրապետական և միջազգային ստեղծագործական մրցույթների, փառատոների և դառնում հաղթողներ, դափնեկիրներ, գլխավոր մրցանակակիրներ:
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում ուսումնական գործընթացները կազմակերպվում են մասնագիտացված և հոսքային լսարաններում, արվեստանոցներում, դահլիճներում, կինո և տեսա-սրահներում, տաղավարներում: Ինստիտուտն ունի մասնագիտական հարուստ գրադարան՝ շուրջ 44.000 կտոր գրականությամբ, ֆիլմա և տեսադարաններ: Ինստիտուտը հրատարակում է «Կինո/թատրոն» հանդեսը և «Հանդես» գիտամեթոդական ամենամյա ժողովածուն:

ՌԵԿՏՈՐ` Լիլիթ Սևակի Արզումանյան
ՀԱՍՑԵ` ՀՀ, Երևան, Ամիրյան 26
ՀԵՌԱԽՈՍ` +374-60-276221
ՖԱՔՍ` +374-10-536233
ԷԼ.ՀԱՍՑԵ` [email protected]
ԿԱՅՔ` www.ysitc.am

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.