Applicants’ Corner

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Պետական ԲՈՒՀ

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան հիմնադրվել է 1921թ.` նախ որպես երաժշտական կենտրոն, իսկ երկու տարի անց վերափոխվել է բարձրագույն երաժշտական ուսումնական հաստատության:

Ներկայումս ԵՊԿ-ի տարբեր բաժիններում սովորում է ավելի քան 1000 ուսանող, այդ թվում 124 օտարերկրացի:
Կոնսերվատորիայի առաքելություններից է հանրապետությունում բազմաճյուղ երաժշտական և մեթոդական ցանցի համակարգումը: Որպես Հայաստանի երաժշտական կյանքի և երաժշտական մշակույթի Մայր բուհ` կոնսերվատորիան ինքն էլ ամրանում և կատարելագործվում է` գտնելով ուսումնական գործընթացը ղեկավարելու և ստեղծագործաբար հարստացնելու նորանոր ձևեր:
Կոնսերվատորիան ունի հարմարավետ լսարաններ, կաբինետներ, դասարաններ, (այդ թվում նաև երգեհոնային 2 մասնագիտացված դասարան), գրադարան և ընթերցասրահ, ձայնադարան և տեսադարան, իր տեսակի մեջ եզակի՝ Ակուստիկ լաբորատորիա, համալրված նորագույն սարքավորումներով, երաժշտական գործիքների արհեստանոց, բուժկետ, բուֆետ և այլն:

ԵՊԿ-ն ունի ուսանողական սիմֆոնիկ նվագախումբ, կամերային, փողային և ժողովրդական գործիքների նվագախմբեր, երգչախմբեր:

ԵՊԿ-ի մասնաշենքերից մեկում գտնվում է Օպերային ստուդիան, որը կրում է Ղ. Սարյանի անունը: 275 տեղանոց Մեծ դահլիճի բեմահարթակում ուսանողների մասնակցությամբ բեմադրվում են օպերային ներկայացումներ և օպերային տեսարանների համերգային կատարումներ:

Կոնսերվատորիան ունի նաև փոքր համերգային դահլիճներ: Դրանք նախատեսված են ակադեմիական երեկոների, մենահամերգների, դասարանական, ֆակուլտետային և հոբելյանական համերգների, Գիտխորհրդի, Ուսանողական գիտական ընկերության (ՈւԳԸ) տարեկան նիստերի, ներբուհական և միջազգային գիտաժողովների ու հանդիպումների անցկացման համար: Այս դահլիճներում պարբերաբար վարպետաց դասեր են անցկացնում աշխարհի տարբեր երկրներից Հայաստան ժամանած մեծանուն երաժիշտներ:

Ուսանողական խորհուրդը ԵՊԿ-ի ուսանողական ինքնիշխան մարմինն է, որն ընդգրկում է կոնսերվատորիայի ողջ ուսանողության ներկայացուցիչներին: Խորհուրդը պաշտպանում է ուսանողների շահերը, օգնում լուծել սոցիալական և կենցաղային խնդիրները, կազմակերպում նրանց ազատ ժամանցը, միջնորդում է ուսման վարձի մասնակի զեղչման հարցում: Ընտրովի հիմունքներով` ուսանողությունն իր ներկայացուցչությունն է ապահովում Կառավարման խորհրդում, Գիտխորհրդում, փոքր խորհուրդներում և Ռեկտորատում:

ԵՊԿ-ի արտասահմանյան ուսանողների բաժինը գործում է 1950-ականներից: Այստեղ սովորել և սովորում են նախկին Խորհրդային Միության և հարևան երկրների քաղաքացիներ (Ռուսաստան, Ուկրաինա, Վրաստան, Թուրքմենստան, Էստոնիա, Աբխազիա, Իրան), նաև ուսանողներ Չինաստանից, Ճապոնիայից, Վիետնամից, Մոնղոլիայից, Պակիստանից, Աֆղանստանից, Իրաքից, Սիրիայից, Լիբանանից, Հորդանանից, Յեմենից, Ալժիրից, Եթովպիայից, Եգիպտոսից և Օմանից:

ԵՊԿ-ի հեղինակությունը խթանում է նաև եվրոպացի երիտասարդ երաժիշտներին, ովքեր Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Լեհաստանից, Իսպանիայից, Շվեյցարիայից, Գերմանիայից, Հունաստանից, Կիպրոսից գալիս են սովորելու Հայաստան: ԵՊԿ-ում իրենց բարձրագույն երաժշտական կրթությունն են ստանում նաև Ամերիկյան մայրցամաքի տարբեր երկրների երիտասարդներ` ԱՄՆ, Կանադա, Մեքսիկա, Վենեսուելա, Արգենտինա, Կոլումբիա, Ուրուգվայ:

Կոնսերվատորիայի գործունեության մեջ առանձնահատուկ տեղ է հատկացված արտերկրի հայաբնակ կենտրոնների և ընդհանրապես հայկական սփյուռքի հետ կապերին:

ԵՊԿ-ի արտերկրյա շատ շրջանավարտներ մեծ ներդրում ունեն իրենց երկրների ստեղծագործական, կատարողական, գիտական և մանկավարժական ոլորտներում: Մասնավորապես ասիացի և աֆրիկացի երաժիշտներից շատերը դարձան իրենց երկրներում առաջին ազգային օպերաների, սիմֆոնիկ ստեղծագործությունների, երաժշտատեսական դասագրքերի և տարբեր ձեռնարկների հեղինակներ:

Կոնսերվատորիայում սովորող օտարերկրյա ուսանողները երաժշտություն ուսումնասիրելու հետ մեկտեղ ճանաչում են Հայաստանը` աշխարհի հնագույն երկրներից մեկը, հայ ժողովրդի բազմադարյա մշակույթը, ծանոթանում մայրաքաղաք Երևանին, որը հիմնադրվել է Ք.Ա 782 թ., և հավերժական քաղաք Հռոմից 29 տարով մեծ է, ուսումնասիրում նաև հայոց լեզուն, սովորում 1600 տարվա պատմություն ունեցող այբուբենը:


ՌԵԿՏՈՐ` Սոնա Հովհաննիսյան
ՀԱՍՑԵ` Երևան, Սայաթ-Նովա 1ա
ՀԵՌԱԽՈՍ` (+374 10) 58 11 64
ՖԱՔՍ` (+37410) 56 35 40
ԷԼ.ՀԱՍՑԵ` [email protected]
ԿԱՅՔ` www.conservatory.am

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.