Applicants’ Corner

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան

Լիցենզավորված ԲՈՒՀ

Գևորգյան հոգևոր ճեմարանը Հայաստանում մինչ այժմ գործող ամենահին բարձրագույն ուսումնական հաստատությունն է և միակ աստվածաբանական համալսարանը: Վերջինիս նպատակն է Հայոց Եկեղեցուն և ազգին պարգևել հոգևոր, մասնագիտական բարձր կրթություն և գաղափարական դաստիարակություն ստացած նոր սերունդ և բազմակողմանի զարգացած հոգևորականություն: Այս առաքելության իրականացման տեսիլքով է այն հիմնադրվել շուրջ մեկուկես դար առաջ Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի կաթողիկոսի կողմից:
1874թ.-ի սեպտեմբերի 28-ին՝ սուրբ Գևորգ Զորավարի տոնին, տեղի ունեցավ Ճեմարանի բացման հանդիսավոր արարողությունը, և հենց սուրբ Գևորգի անունով էլ այն անվանվեց «Ժառանգավորաց հոգևոր ճեմարան Սուրբ Գևորգյան»:
1875 թ. հունիսի 10-ի կոնդակով Վեհափառ Հայրապետը ճեմարանի առաջին տեսուչ է նշանակում նշանավոր հայագետ Գաբրիել եպիսկոպոս Այվազովսկուն (1875-1878, հռչակավոր ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու եղբայրը):
Այստեղ են դասավանդել ժամանակի լավագույն մանկավարժներն ու մասնագետները, ինչպես օրինակ՝ Մանուկ Աբեղյանը, Հրաչյա Աճառյանը, Լեոն, Ստեփան Լիսիցյանը, Քրիստափոր Կարա-Մուրզան, Հովհաննես Հովհաննիսյանը, Հակոբ Մանանդյանը, Մաղաքիա արք. Օրմանյանը, Կարապետ ծ. վրդ. Տեր-Մկրտչյանը, Գարեգին եպս. Հովսեփյանը, Երվանդ Տեր-Մինասյանը և այլք:
Նշանավոր ճեմարանականներից շատերի անուններն այսօր ասոցացվում են հայության հետ, հաճախ դառնալով խորհրդանիշներ, ինչպես օրինակ՝ Կոմիտաս Վարդապետը, Դերենիկ Դեմիրճյանը, Նիկողայոս Ադոնցը, Ակսել Բակունցը, Ավետիք Իսահակյանը և շատ ուրիշներ:
1917 թ. դեկտեմբերի 21-ին երջանկահիշատակ Գևորգ Ե Սուրենյանց կաթողիկոսի կոնդակով դադարեցվեց ճեմարանի ուսումնական գործունեությունը և շենքը տրամադրվեց Եղեռնից Հայաստան եկած մազապուրծ գաղթականներին և զինվորական հրամանատարությանը:
Հայության հոգևոր կյանքին վերազարթոնք տալու տեսլիքով շուրջ երեսուն տարի փակված ճեմարանը 1945թ. նորից բացեց իր դռները Մայր Աթոռ եկած երիտասարդ ճեմարանականների առջև:
Այսօր Ճեմարանի պաշտոոնական անվանումն է «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան (աստվածաբանական համալսարան)»։
Մերօրյա Ճեմարանը նոր փուլ թևակոխեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենան Հայոց Կաթողիկոսի օրոք (1999թ.-), ում ջանքերով նաև բացվեցին Գևորգյան հոգևոր ճեմարանին առընթեր գործող Սևանի Վազգենյան դպրանցը, ինչպես նաև Հառիճավանքի Թրբանճյան ընծայարանը (ավագ դպրոց):
2002թ. Հայաստանի կառավարության որոշմամբ Գևորգյան հոգևոր ճեմարանը ճանաչվեց որպես բարձրագույն ուսումնական հաստատություն, իսկ 2005 թ. ՀՀ Կրթության և Գիտության նախարարությունը՝ նկատի առնելով ուսումնական ծրագրերի հարստացումն ու թարմացումը, ճեմարանին տվեց բարձրագույն ուսումնական հաստատության արտոնագիր:
2006թ.-ին, ՀՀ Կրթության և Գիտության նախարարությունը Գևորգյան հոգևոր Ճեմարանին շնորհեց բակալավրիատի, իսկ 2007թ.-ին՝ մագիստրատուրայի պետական կրթական չափորոշիչներին համապատասխան կրթություն իրականացնելու հավատարմագրեր:
Մագիստրոսական կրթությունը իրականացվում է 4 մասնագիտական ուղղություններով՝ աստվածաշնչագիտություն, դավանաբանություն, պատմանական աստվածաբանություն և գործնական աստվածաբանություն:
2016թ. հոկտեմբերինին Ճեմարանը ՀՀ Կրթության և Գիտության նախարարության կողմից իրավունք ստացավ նաև ասպիրանտական կրթություն իրականացնելու համար:
Գևորգյան հոգևոր ճեմարանում կրթությունն անվճար է և գիշերօթիկ (բակալավրիատ, մագիստրատուրա):
Ուսանելու տարիներին սաներն ապրում են Մայր Աթոռի տարածքում իրենց համար նախատեսված կացարանում, մասնակից դառնում հոգևոր կյանքին և ապահովվում են սննդով, բժշկական օգնությամբ, համազգեստով, գրենական պիտույքներով, հիգիենայի և այլ անհրաժեշտ պարագաներով:
Ուսման տևողությունը 6 տարի է (4-ը՝ բակալավրիատ, 2-ը՝ մագիստրատուրա): Այստեղ են դասավանդում ՀՀ լավագույն մասնագետները: Բարձր մակարդակով կրթություն ապահովելու համար մասնագետներ են հրավիրվում նաև արտասահմանից:
Մշակված նոր ծրագրերն ու փոփոխված կանոնադրությունը այսօր հնարավորություն են տալիս աշխարհի տարբեր երկրներից ժամանած ուսանողներին աստվածաբանական և հայագիտական կրթություն ստանալու Գևորգյան հոգևոր ճեմարանում: Օտարախոս ուսանողների համար ստեղծվում են հատուկ պայմաներ: Հիշյալ բարեփոխումների շնորհիվ սաները հնարավորություն ունեն ուսումը շարունակել նաև արտասահմանյան հեղինակավոր բուհերում` շարունակելով դեռևս 20-րդ դարասկզբին դրված ավանդույթը: Առաջադեմ ուսանողներն Ամենայն հայոց հայրապետի տնօրինությամբ ուղարկվում են մասնագիտական առավել խորը կրթություն ստանալու աշխարհի լավագույն համալսարաններում:


ԳՀՃ Տեսուչ՝ Տ. Գարեգին վրդ. Համբարձումյան
Հասցե՝ Մայր Աթոռ Սուրբ էջմիածին (ՀՀ, ք. Վաղարշապատ)
Ինդեքս՝ 1101
Հեռախոսահամար՝ +374 10 517 180
Էլ. հասցե՝ [email protected]
Կայք՝ http://gevorgianseminary.am
https://web.facebook.com/gevorgianseminary

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.