Մեսրոպ Մաշտոց Համալսարանը Արցախի Հանրապետության ոչ պետական առաջին բուհերից է: Այն հիմնադրվել է 1996 թվականի հոկտեմբերի 25-ին, ուսումնական գործընթացն սկսվել է 1997 թ. սեպտեմբերից: Համալսարանն ունի իր դրոշը, հիմնը և զինանշանը: 2007 թ. բուհը հավատարմագրվել է ԼՂՀ կրթության և գիտության նախարարության կողմից, և նրա շրջանավարտները այսուհետ ստանում են պետական նմուշի դիպլոմ:
Բուհի ուսումնական գործընթացի, ուսումնամեթոդական և գիտահետազոտական աշխատանքների կազմակերպմանը ուղղություն է տալիս համալսարանի գիտական խորհուրդը, որի կազմում ընդգրկված են ֆակուլտետների դեկանները, բոլոր ամբիոնների վարիչները, գիտամանկավարժական փորձ ունեցող պրոֆեսորներ և ուսանողության ներկայացուցիչներ: Գիտական խորհրդի նախագահն է համալսարանի ռեկտորը:
Համալսարանում ամենամեծ ստորաբաժանումները ֆակուլտետներն են՝ իրավագիտության, հումանիտար, տնտեսագիտության, ինֆորմացիոն տեխնոլոգիաների և կառավարման:
Ուսումնական գործընթացը կազմակերպվում է 8 մասնագիտական ամբիոնների միջոցով:Մասնագիտությունները բաշխված են երեք ֆակուլտետներում.
Իրավագիտության ֆակուլտետ (ՙԻրավագիտություն՚, ՙԿովկասագիտություն՚, ՙՊատմություն՚)
Հումանիտար ֆակուլտետ (ՙՀայոց լեզու և գրականություն՚, ՙՌուսաց լեզու և գրականություն՚« ՙԱնգլերեն լեզու և գրականություն՚, ՙԹարգմանչական գործ՚, ՙՏարրական կրթություն և մանկավարժություն՚)
Տնտեսագիտության, ինֆորմացիոն տեխնոլոգիաների և կառավարման ֆակուլտետ (ՙՏնտեսագիտություն՚, ՙԿառավարում (գործարար վարչություն) ՚, ՙԻնֆորմատիկա և հաշվողական տեխնիկա՚« ՙՏեղեկատվական համակարգեր՚):
Այսօր համալսարանում ներդրված է կրթության երկաստիճան համակարգ՝ բակալավրիատ և մագիստրատուրա՝ առկա և հեռակա ուսուցման ձևերով:
Իր գործունեության սկզբնական շրջանում ունենալով 76 ուսանողª 7 մասնագիտությունների գծովª այսօր բուհում 12 մասնագիտությունների գծով առկա և հեռակա ուսուցմամբ սովորում են 500-ից ավելի ուսանողներ Արցախից, ՀՀ-ից, Ռուսաստանից, Թուրքմենստանից և այլ երկրներից:
Համալսարանում աշխատում են արհեստավարժ մասնագետներ՝ պրոֆեսորներ, գիտության դոկտորներ, թեկնածուներ, դոցենտներ: Վերջին տարիներին թեկնածուական ատենախոսություն են պաշտպանել 10 դասախոսներ:
Բուհի շրջանավարտներն աշխատում են Արցախի Հանրապետության պետական հիմնարկներում, մասնավոր կազմակերպություններում, աշխատանքային գործունեության այլ բնագավառներում: Պետք է նշել,որ շրջանավարտներից շատերը սերտ կապ են պաշտպանում համալսարանի հետ, մասնակցում տարբեր միջոցառումների: 2017թ. դրությամբ համալսարանը պատրաստել է 2297 մասնագետ:
1999-ից համալսարանն ունի իրª ՙՄեսրոպ Մաշտոց Համալսարան՚ թերթը, 2006 թվականից ի վեր համալսարանը հրատարակում է ՙԳիտական տեղեկագիր՚ հանդեսը, որը 2007թ. վերանվանվել է Մեսրոպ Մաշտոց Համալսարանի ՙԼրատու՚ (գիտական հոդվածների ժողովածու): Այն լույս է տեսնում Մեսրոպ Մաշտոց Համալսարանի և Երևանի պետական համալսարանի գիտական խորհուրդների որոշմամբ, և ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից ընդգրկվել է ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի պարբերական գիտական հրատարակությունների ցանկում:
ՙԼրատուն՚ ունեցել է և ունի շատ բարեկամներ: Պարբերական ժողովածուի խմբագրական խորհրդի կազմում ընդգրկված են ճանաչված և մեծ հեղինակություն վայելող գիտնականներ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Լավրենտի Հովհաննիսյանը, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Պավել Ավետիսյանը, ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, ՀՊՄՀ ռեկտոր, պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Արարատ Աղասյանը, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը, միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր Գեղամ Պետրոսյանը, սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Մկրտչյանը,ՄՄՀ պրոռեկտոր, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Էլեոնորա Հայրապետյանը, ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի դեկան,բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Լուսինե Մարգարյանը, ԵՊՀ հնագիտության և ազգագրության ամբիոնի վարիչ, պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր Հայկ Ավետիսյանը, քաղաքացիական իրավունքի ամբիոնի պատվավոր վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Տարիել Բարսեղյանը, Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ստեփան Ծաղիկյանը, ԱրՊՀ գրականության և լրագրության ամբիոնի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր Սոկրատ Խանյանը, ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ, հայագիտական հետազոտությունների ինստիտուտի հայ-քրդական առնչությունների բաժնի վարիչ, պատմագիտության թեկնածու, դոցենտ Վահրամ Պետրոսյանը, ՀՀ ՊԿ ակադեմիայի ՙՊետական ծառայություն՚ հրատարակչության գլխավոր խմբագիր, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Լավրենտի Միրզոյանը, ԱրՊՀ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դոցենտ, հոգեբանական գիտությունների թեկնածու Լուսինե Ղարախանյանը: Խմբագրական խորհրդի նախագահն է ՄՄՀ ռեկտոր, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Դոնարա Գաբրիելյանը:
2006-2017թթ. ՙԼրատու՚-ի 19 համարներում տպագրվել է շուրջ 660 հոդված և գրախոսություն (հայերեն, ռուսերեն և անգլերեն): Լրատուի հոդվածագիրների աշխարհագրությունը մեծասփյուռ է : Համալսարանի դասախոսներից, ասպիրանտներից և հայցորդներից բացի Արցախի պետական համալսարանի, ՀՀ և արտասահմանյան մի շարք երկրների (Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի Հանրապետության, Լիտվայի Հանրապետության, Վրաստանի Հանրապետության, Իրանի Իսլամական Հանրապետության) ուսումնասիրողների հոդվածներն են ընդգրկվել ժողովածուի ցանկում:
Համալսարանն ունի գրադարան և ընթերցասրահ: Գրադարանային ֆոնդն ունի հայերեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն և այլ լեզուներով գիտական, ուսումնական, գեղարվեստական գրականության հարուստ ցանկ: Գրադարանը կահավորված է համակարգչային տեխնիկայով, ապահովված է ուսանողների ազատ մուտքը համացանց, մատչելի են սեփական էլեկտրոնային գրադարանի կայքէջերը: Գրադարանային ֆոնդը պարբերաբար համալրվում է ինչպես ՄՄՀ դասախոսների մենագրություններով, ուսումնական, ուսումնամեթոդական ձեռնարկներով, այնպես էլ առանձին անհատների նվիրատվություններով:
Համալսարանին կից գործում է ՙԱրտ ստուդիա՚ թատերախումբը, որը ճանաչում ունի Ստեփանակերտում, ներկայացումներով հանդես է եկել Երևանում և Սանկտ Պետերբուրգում:
Համալասարանը սերտ կապ ունի տարբեր զորամասերի ու դպրոցների հետ: Բուհի մանկավարժ շրջանավարտների (ՙՕտար լեզու՚ մասնագիտությամբ) մասնագիտական գործունեությունը մշտապես բուհի ուշադրության կենտրոնում է: 2008-ից այդ ծրագրերի հանձնառուն 45-ամյա մանկավարժական փորձ ունեցող, ծնունդով ամերիկացի Նիկոլաս Վագներն է, ում նախաձեռնությամբ մեթոդխորհուրդը պարբերաբար այցելում է Արցախի տարբեր գյուղեր և համապատասխան մանկավարժական խորհուրդներով, մեթոդական ուղեցույցներով, ծրագրերով օգնում անգլերենի ուսուցիչներին (Նիկոլաս Վագների մասնագիտական առաքելությունը անգլերենի՝ իբրև օտար լեզվի ուսուցումն է):
Համալսարանն ուսումնագիտական կապեր ունի մի շարք համալսարանների հետ: Բուհը համագործակցում է Արցախի պետական համալսարանի, Երևանի պետական համալսարանի, Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարանի, Երևանի ՙԳլաձոր՚ կառավարման համալսարանի, Հայաստանի պետական կառավարման ակադեմիայի հետ: Համալսարանի դասախոսները մասնակցել և մասնակցում են Արցախի պետական համալսարանում, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում, Գյումրիի Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտում, ՀՀ Ազգային ակադեմիայի տարբեր ինստիտուտներում անցկացվող գիտաժողովներին:
Գիտական սերտ կապեր են հաստատել Ռուսաստանի Դաշնության հարավային դաշնային համալսարանի, Մոսկվայի Ս. Յու. Վիտեի անվան համալսարանի Դոնի Ռոստովի մասնաճյուղի, Պյատիգորսկի պետական լեզվաբանական համալսարանի հետ: Համալսարանը որոշակի կապեր ունի Օքսֆորդի և Վաշինգտոնի Ջորջթաուն համալսարանների հետ:
Արտաքին մեծ կապերի, արտերկրյա բուհերի հետ սերտ ու լուրջ համագործակցության մասին են վկայում այն պարգևները, որոնք շնորհվել են Մեսրոպ Մաշտոց համալսարանի ռեկտոր Դ. Ս. Գաբրիելյանին: Բուհի ռեկտորը ՙՈրակի Եվրոպական Գրանդ-պրի՚ կազմկոմիտեի կողմից, որը հիմնադրվել է շվեյցարական կազմակերպության (OPI) և (“EMA Invest”) արդյունաբերության և նոր տեխնոլոգիաների աջակցության հիմնադրամի նախաձեռնությամբ, առաջադրվել է որպես պատվավոր պարգև հայցող թեկնածու: 2007թ-ից համալսարանի ռեկտորը Եվրոպայի ռեկտորների ակումբի անդամ է: Եվրոպական կրթական դաշտի ինտեգրման ուղղությամբ կատարված աշխատանքների համար Դ. Ս. Գաբրիելյանն արժանացել է Սոկրատեսի անվան միջազգային մեդալի, որը վարկանշային բարձր պարգև է: Գիտության, կրթության և բիզնեսի ոլորտում միջազգային համալսարանների ամրապնդման գործում ներդրած ավանդի համար ռեկտորին շնորհվել է նաև Վիեննա քաղաքի ՙՄիջազգային համալսարանի պատվավոր պրոֆեսորի՚ կոչում:
Իր 20-ամյա գործունեության ընթացքում համալսարանի ռազմավարական կարևոր խնդիրը կադրային ներուժի ստեղծումն ու վերազինումն էր և բուհի՝ իբրև գիտահետազոտական կենտրոնի կայացումը: Բուհն այսօր ունի դասախոսական իր հիմնակազմը:
Ելնելով ժամանակի պահանջներից ՄՄՀ 2015 թ-ից բակալավրիատի կրթական ծրագիր է իրականացնում <<Կովկասագիտություն>>մասնագիտությամբ: Ուսանողները հնարավորություն ունեն ուսումնասիրել Կովկասի՝ տարածաշրջանի երկրների պատմությունը, հնագիտությունը,ազգագրությունը, ինչպես նաև յուրացրել դրանց լեզուները:Անհրաժեշտ է վերագնահատել ու նորովի արժևորել Հայաստանի և Արցախի հարակից երկրների հետ ունեցած մեր փոխհարաբերությունների պատմությունը, իրատեսական պատկերացում ունենալ հարևան պետությունների վերաբերյալ:
Առաջարկվող ծրագրի շրջանավարտները կարող են հանդես գալ որպես վերլուծաբաններ ու փորձագետներ, գործունեություն ծավալել ՄՄՀ <<Կովկասագիտություն>> կենտրոնում, ՀՀ Կովկասի ինստիտուտում , ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտում, Արցախի և Հայաստանի ազգային արխիվում, Արցախի և Հայաստանի այլ բուհերում ու հետազոտական ինստիտուտներում, ինչպես նաևՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության, պատմության, հնագիտության և ազգագրության ինստիտուտներում, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում, տուրիստական գործակալություններում, թանգարաններում, ինչպես նաև պետական կառավարման տարբեր օղակներում (ԱՀ և ՀՀ Ազգային ժողով, Կրթության և գիտության, Սփյուռքի, Պաշտպանության նախարարություններ, ԱԱԾ, վերլուծական ու թարգմանչական բաժիններում): Չի բացառվում համագործակցությունը ՌԴ-ի միջազային գիտահետազոտական ու վերլուծական կառույցների հետ:Բուհին կից գործում է Կովկասագիտության կենտրոնը:
Բուհում ակտիվ գործունեություն է ծավալում ուսանողական խորհուրդը, որի գործունեության նպատակն է պաշտպանել ուսանողների շահերն ու իրավունքները, ապահովել ուսանողների մասնակցությունը համալսարանի կառավարմանը, խթանել ուսանողների գիտական, կրթական, հոգևոր, մշակութային և ստեղծագործական զարգացումը: ՈՒսխորհուրդը համագործակցում է գիտական խորհրդի, համալսարանի վարչության, երիտասարդական և հասարակական կազմակերպությունների հետ: 2011թ. ստեղծվել է ՈՒսանողական գիտական ընկերությունը (ՈՒԳԸ), որն ուսանողների գիտակրթական գործունեությունն ուղղորդող մարմին է և իր գործունեության ընթացքում բուհի գիտական կյանքում ակտիվություն ու առաջընթաց հաջողություններ է արձանագրել: ՈՒսանողական գիտական ընկերության գծով ՙՀայոց պատմություն՚, ՙԱնգլերեն լեզու՚ մասնագիտացման ուսանողները զեկուցումներով հանդես են եկել համալսարանական, հանրապետական գիտաժողովներում և արժանացել մրցանակների: Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ՈՒԳԸ կողմից անց են կացվում գիտաժողովներ, կլոր սեղաններ, հուշ-ցերեկույթներª նվիրված անվանի գրողներին, հայ ազգային-ազատագրական պայքարի նշանավոր գործիչներին, հայկական երկու հանրապետությունների անկախության տոներին, Արցախյան ազատամարտի հերոսներին:
ՌԵԿՏՈՐ՝ Դ․ Գաբրիելյան
ՀԱՍՑԵ` ԼՂՀ, ք. Ստեփանակերտ, Գ. Նժդեհի 84ա
ՀԵՌ. (+374 47) 95 10 62
ՖԱՔՍ (+374 47) 95 00 23
էԼ. ՓՈՍՏ [email protected]
ԿԱՅՔ՝ www.mashtots.am