Երևան քաղաքի պատմության թանգարան
Նորություններ
«Երևան 2800» գորգ

Երևան քաղաքի պատմության թանգարանում «Թանգարանային գիշեր» ծրագրի շրջանակում ներկայացվեց «Մեգերյան կարպետ» ընկերության կողմից պատրաստված «Երևան 2800» գորգը։
Բնական հումքով, բրդյա թելերով գործված գորգի լայնությունը 4մ է, երկարությունը՝ 7մ: Հոբելյանական գորգի կենտրոնական դաշտում պատկերված է Երևանի ծննդյան վկայականը՝ ուրարտական շրջանի սեպագիր արձանագրությունը: Գորգի հիմնական խորհրդանշական տարրերն են կենտրոնական դաշտի աջ և ձախ կողմերում գտնվող կերպարները՝ Էրեբունի բերդաքաղաքի հիմնադիր Արգիշտի արքան և նոր Երևանի գլխավոր ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը: Կենտրոնական դաշտն ամփոփում է նաև Կենաց ծառ խորհրդանշական պատկերը, որը ճյուղավորվում և շարունակվում է՝ վերևում դառնալով սոսու տերև: Դրանք երկուսն էլ խորհրդանշում են կյանքի շարունակականության գաղափարը: Կենտրոնական դաշտում պատկերված են նաև տասներկու մայրաքաղաքները ներկայացնող զարդանախշ տարրեր, որոնք թվագրվում են ըստ իրենց ժամանակաշրջանների: Բացի այդ, գորգի վրա պատկերված են նաև ներկայիս Երևանի կարևորագույն՝ պետական, մշակութային, հոգևոր խորհրդանիշ շենքերը: