Երևան քաղաքի պատմության թանգարան
Մի ցուցանմուշի պատմություն
Երևանյան քարայր

Երևանյան քարայր


 Սիրելի աշակերտներ մենք արդեն գիտենք , որ մեր քաղաքամայր Երևանը աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է. այս տարի մենք կտոնենք նրա 2798 ամյակը:  Սակայն քաղաքի տարածքը բնակեցված է եղել ավելի վաղ՝ քան  հիմնադրվել է Էրեբունին/մ.թ.ա. 782թ./, ինչի մասին են վկայում  տասնյակ քարայր-կացարանները, որոնք հայտնաբերվել են Հրազդան գետի մերձևրևանյան տարածքից: Հայտնի են «Երևան-1», «Երևան-2», «Լուսակերտ», « Ամո» և այլ քարանձավ-բնակատեղիներ, որոնք պատկանել են մարդկային պատմության հնագույն շրջանին՝ հին քարիդարի /պալեոլիթ/ միջին փուլին /Մուստերյան շրջան/: Այստեղ հայտնաբերվել են կենդանիների, թռչունների և ձկների ոսկորների մնացորդներ, ինչը վկայում է,որ մարդիկ իրենց սնունդն հայթհայթել են  որսորդությամբ , ձկնորսությամբ, ինչպես նաև բույսերի և պտուղների հավաքչությամբ: Մեծ ուշադրության են արժանի  քարայրներից հայտնաբերված օբսիդիանից պատրաստված աշխատանքային գործիքները, որոնց մասին դեռ կխոսենք ավելի մանրամասն:

Հայտնաբերված քարանձավները  հնարավորություն են ընձեռում ավելի լայն պատկերացում կազմել հին քարիդարի ապրելակերպի առանձնահատկությունների և սովորույթների մասին: