Երևան քաղաքի պատմության թանգարան
Մի ցուցանմուշի պատմություն
ԿԱՆԱՆՑ ՀՅՈՒՍԱԾՈ ԳՈՏԻՆԵՐ

Կանանց հյուսած գոտիները հիմնականում հյուսում էին դեղին և կարմիր մետաքսաթելից, իսկ եզրերը նախշազարդելու համար օգտագործում էին նաև սպիտակ, սև ու կանաչ մետաքսաթելեր: Հյուսելու միջոցով գոտու վրա կատարվում էին գեղեցիկ նախշեր, ընդ որում մի երեսի կողմում կարմիր ֆոնի վրա զարդն ունենում էր դեղին , մյուս երեսի դեղին ֆոնի վրա կարմիր գույն:

Բարձր Հայքի կանանց հյուսածո գոտիների վրա, զարդանախշերից բացի, կան մակագրություններ. օրինակ՝ «ի վայելումն Եղիսաբեթի 1874թ.»: Բոլոր գոտիների վրա պահպանվում է մակագրության նույն կառուցվածքը, փոփոխվում է միայն տարեթիվն ու կրողի կամ պատվիրատուի անունը: Մակագրությունն էլ ավելի է արժեվորում առարկան, քանի որ տեղեկություն է հաղորդում պատրաստման տեղի, ժամանակի, վարպետի մասին` հանդիսանալով տվյալ առարկայի անձնագիրը: Հյուսկեն գոտիների մակագրությունը հետաքրքրական է ոչ միայն վերոհիշյալ առումով, այլև ողջ բովանդակությամբ: Առանձնապես ուշագրավ է «ի վայելումն կապողին» մակագրությունը, որը ոչ այլ ինչ է քան բարեմաղթանք.  ինչպես «բարով վայելես», «բարով հագնես», «բարով մաշես» արտահայտությունները:Այս բարեմաղթանքները սովորաբար կապված են նոր հագուստը շնորհավորելու հետ, որը մեր օրերում պահպանված, հնուց եկող սովորույթ է:

«Ի վայելումն » մակագրությունը լինելով պահպանող-բանաձև`  կասեցնում էր «չար» ազդեցությունը: Երբ գոտին հյուսվում էր վաճառելու նպատակով, մակագրվում էր «ի վայելումն կապողին» ձևով: