Երևան քաղաքի պատմության թանգարան
Մի ցուցանմուշի պատմություն
ԳՈՏԻ-ԳՈԳՆՈՑ


Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում հերթական հետաքրքիր ինֆորմացիան և հուսով եմ այն ձեզ շատ կհետաքրքրի: Խոսքը մեր ազգային տարազի բաղկացուցիչ մասերից մեկի՝ գոտի-գոգնոցի մասին է : Գոտին , օղակելով մեջքը, մարմինը բաժանում է երկու՝ վերին և ստորին մասերի, որոնք  շատ ժողովուրդների տիեզերաստեղծման առասպելներում համապատասխանում են երկնքին ու երկրին: Գոտին կապելով՝ ծիսականորեն ամբողջացվում է մարդու մարմինն իբրև մանրատիեզերք, միավորվում են երկնքի ու երկրի ուժերը, որի շնորհիվ մարմինը դառնում է անխոցելի, իսկ գոտին վերածվում է յուրօրինակ հմայակի, իբրև մի մոգական շրջանակ, որ պահպանում է կրողին ամեն տեսակի չարից ու փորձությունից: Գոտին բնորոշ է  կանանց տարազին, որն առավել ընդլայնում է վերջինիս կիրառման ոլորտը: Հայոց մեջ օգտագործվել են գոտու տարբեր տեսակներ՝ սկսած շալե գործվածքներից մինչև կաշվեղենն ու մետաղականը: Շալե գոտիները գծանախշ կամ խոշոր վանդականախշ, երբեմն  և ծաղկանախշ, լայն ու երկար գործվածքներ էին , որոնք մի քանի անգամ փաթաթում էին մեջքին: Տղամարդու գոտին ի սկզբանե հանդես է եկել որպես իշխանության խորհրդանիշ: Խորհրդանշային այլ բովանդակություն ունի կնոջ գոտու ծիսական կիրառությունը: Կնոջ գոտին ինչպես գոգնոցը անմիջականորեն կապված է հարսնանալու հետ: Գոգնոցը խորհրդանշել է ամուսնացած կնոջը. «կարմիր գոգնոց» նշանակել է կին: Ջահել աղջիկը նման գոգնոց չի կրել: Խորհրդանշական է «Գոգնոցը խելքի կբերի» ժողովրդական առածը: Կարմիր գոգնոցը զուգորդվել է կանացիության, բեղմնավորության հետ, զույգ նշաձև պատկերները  գոգնոցի ներքևի մասում կրում էին զույգի գաղափարը: Բարձր Հայքում գոգնոցը քառանկյունաձև կարմիր մահուդե, մետաքսե կամ բրդե կտոր էր: