Երևան քաղաքի պատմության թանգարան
Մի ցուցանմուշի պատմություն
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՎԱՐԿԱԾ ՈՒՐԱՐՏԱԿԱՆ ՎԱՀԱՆԻ ՄԱՍԻՆ


Երևան քաղաքի պատմության թանգարանի առաջին սրահում ուրարտական շրջանին վերաբերող բազմաթիվ հետաքրքիր ցուցանմուշների կողքին ներկայացված է վահանը: Ինչպե՞ս և ինչի՞ համար են պատրաստվել այդ վահանները:

Ըստ հնագետների Խալդի աստծուն նվիրված ծիսական վահանները, որոնք զարդարել են տաճարների պատերը:

Առյուծի և ցլի պատկերներով հարուստ վահանների վրա պահպանվել են Խալդի աստծուն նվիրված բազմաթիվ գրություններ: Կենդանիներին պատկերել են վահանների վրա դրոշմապատկերներով: Ուշագրավ  է, որ այդ պատկերներն այնպիսի հորիզոնական դասավորվածություն ունեն, որ ոչ մի կենդանի չի գտնվում հակառակ դիրքով: Բոլոր ֆիգուրները պատկերված են բնականին շատ մոտ:

Ուրարտական վահանների վերաբերյալ կա մի հետաքրքիր վարկած ևս: Ուսումնասիրելով ուրարտական վահանները՝ կենսաէներգետիկ Հակոբ Տոնականյանը ենթադրում է, որ վահաններն ուրարտական օրացույցներ են եղել: Դրանք ունեն որոշակի նմանություն հին եգիպտական և հին բաբելոնական կլոր օրացույցների հետ: Հայտնի օրացույցների մեծ մասը (բաբելոնական, հին եգիպտական, մեքսիկական), ինչպես նաև ուրարտական վահանները, սովորաբար եղել են կլոր. դա հատկանշական է հնագույն օրացույցներին: Վահանների վրա պատկերված առյուծն ու ցուլը  համարվում են համապատասխան համաստեղությունների սիմվոլներ: Ըստ Տոնականյանի այս փաստը վկայում է այն մասին, որ մենք գործ ունենք ուրարտական օրացույցների հետ (Հակոբ Տոնականյան – «Тайны земли Армянской»):