Երևան քաղաքի պատմության թանգարան
Մի ցուցանմուշի պատմություն
Երևանի ծննդյան վկայականը


Հարգելի աշակերտներ, ձեզ եմ տրամադրում մի փոքրիկ, բայց շաաատ հետաքրքրաշարժ ինֆորմացիա Երևան քաղաքի ծննդյան վկայականի մասին: 1950 թ.-ին Արին Բերդ հուշարձանի հետախուզական աշխատանքների ընթացքում հայտնաբերվեց Արգիշտի I մի արձանագրություն, որն ինչպես պարզվեց վերծանումից, Էրեբունի բերդ-քաղաքի կառուցման վավերագիրն էր՝ ծննդյան վկայականը:

«Խալդի աստծո մեծությամբ, Արգիշտին՝ Մենուայի որդին, ասում է. այս հզոր ամրոցը կառուցեցի, սահմանեցի Էրեբունի անունը, Բիաինիլի երկրի հզորության համար, ի սարսափ թշնամական երկրների: Արգիշտին ասում է. հողն ամայի էր, հզոր գործեր ես այնտեղ կատարեցի Խալդի աստծու մեծությամբ, Արգիշտի՝ Մենուայի որդի, թագավոր հզոր, թագավոր Բիաինիլի երկրի, տերը Տուշպա քաղաքի»: Ինչպես պարզվում է արձանագրությունից, Երևանն անցյալում կոչվել է Էրեբունի, որը ձևափոխվելով դարձել է Իրպունի, Էրիվունի, Էրիվան, Երևան:

Մեր թանգարանում է գտնվում Խալդի աստծո տաճարի որմնանկարից մի հատված, որտեղ պատկերված է Խալդի աստվածը առյուծի վրա: Առյուծը, լինելով Խալդի աստծո խորհրդանիշը, առհասարակ կարևոր տեղ է ունեցել Վանի թագավորության արվեստում: Ուրարտացիներն ունեցել են գրեթե 100 աստված: Առաջին տեղը պատկանում էր Խալդի աստծուն, որը համարվում էր թագավորի հովանավորը: Թագավորը Խալդիի ներկայացուցիչն էր և իր բոլոր գործերը կատարում էր նրա անունից: