Երևան քաղաքի պատմության թանգարան
Մի ցուցանմուշի պատմություն
Երևանի բերդի հյուսիսային դարպասի բանալիների պատմությունը

Երկու ընկերուհի անցնում էին Երևան քաղաքի պատմության թանգարանի կողքով, երբ մեկը, պատահաբար նկատելով մյուսի թևնոցից կախված 3 փոքիրկ բանալիները, հարցրեց.

-Իսկ դու գիտե՞ս, որ բանալիները կարող են նաև խորհրդանշական իմաստ ունենալ, օրինակ այս թանգարանում պահվող բանալիներն Արևելյան Հայաստանի պատմության մեջ նոր էջ են խորհրդանշում:

-Ինչպե՞ս,-զարմացավ ընկերուհին:

-Արիʹ մտնենք թանգարան, որպեսզի պարզ դառնա: 

Ցուցափեղկերից մեկում նրանք տեսան երկաթյա մեծ բանալիներ, որոնք երկար ժամանակ արևելքում անառիկ համարվող Երևանի բերդի հյուսիսային դարպասների բանալիներն էին: Երբ 1827թ.-ին ռուսական զորքերը հայ կամավորական ջոկատների հետ միասին պարսիկներից հետ գրավեցին Երևանի բերդը, այս բանալիները հանձնվեցին գեներալ Պասկևիչին: Հետագայում նվաճված բերդի բանալիները Պետերբուրգում հաղթանակին նվիրված տոնակատարությունների ժամանակ, որոնց ի դեպ ներկա էր Ռուսաստանի կայսր Նիկոլայ I-ն իր գերդաստանով, հանդիսավոր թափորով պտտեցրել են քաղաքի փողոցներում՝ ի ուրախություն ժողովրդի:

1826-1828 թթ-ին՝ երկրորդ ռուս-պարսկական պատերազմից հետո, Արևելյան Հայաստանն ազատագրվեց պարսկական դարավոր լծից և միացավ Ռուսաստանին:

Ավելացնենք նաև, որ, երբ ընկերուհիներն իմացան, 2006թ.-ին մեր թանգարանում անկացված «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի մասին, ափսոսեցին, որ մասնակցելու հնարավորություն չեն ունեցել: Այդ խաղի ընթացքում սև արկղի մեջ պահված են եղել պատմական կարևոր նշանակություն ունեցող այդ բանալիները, և աշակերտներին հաջողվել է ճիշտ կռահել արկղի պարունակությունը: Աղջիկներն համոզված էին, որ իրենք էլ հեշտությամբ գլխի կընկնեին, թե ինչ էր պահված արկղում:

-Իսկ Երևանի բերդն այսօր պահպանվե՞լ է, -հարցրեց աղջիկներից մեկը:

-Ոʹչ, չի պահպանվել, նրա տեղում գտնվում է Երևանի Նոյ կոնյակի, գինու, օղու կոմբինատի շենքը: Երևանի բերդից պահպանվել է պարսպի մի հատված և գազտնուղի, -պատասխանեց մյուս ընկերուհին: