Երևան քաղաքի պատմության թանգարան
Մի ցուցանմուշի պատմություն
ԵՐԵՎԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆԵՐԸ

Մեր թանգարանում են պահվում Երևան քաղաքի խորհրդանիշները՝ դրոշը, զինանշանը, օրհներգը: Երևանի խորհրդանիշներն առաջին անգամ ներկայացվեցին «Էրեբունի-Երևան» տոնակատարության հանդիսավոր նիստում 2004թ. հոկտեմբերի 13-ին, Օպերայի և բալետի թատրոնի դահլիճում: Նիստը սկսվեց օրհներգով, առաջին անգամ  պարզվեց դրոշը, ներկայացվեց զինանշանը:

                                                     ԶԻՆԱՆՇԱՆԸ

Երևանի զինանշանը, որի հեղինակն է Ա. Սոխիկյանը, ընդունվել էր դեռ 1994 թ.: «Երևան» մակագրությամբ պատվանդանին կանգնած, գլուխը ետ շրջած, իշխանության խորհրդանիշ գավազանը բռնած առյուծն է: Նրա գլխավերևում թագն է՝  մեջտեղից բարձրացող կենաց ծառի խորհրդանիշ վարսանդով: Առյուծի կրծքին հավերժության նշանն է, վերևում՝ Արարատ լեռը: Ողջ պատկերը երիզված է ուղղանկյունաձև վահանակով: Գործածված է ծիրանագույնը և բրոնզագույնը:

                                                        ԴՐՈՇԸ

Երևանի դրոշն ընդունվել է 2004 թ.՝ Կ. Աբրահամյանի և Կ. Փաշյանի համահեղինակությամբ: Դրոշի ուղղանկյան խաղապատկեր է ընտրված սպիտակը՝ որպես մաքրության, պարզության, անաղարտության միացյալ խորհրդանիշ: Կենտրոնում զինանշանն է ՝ շրջապատված 12 կարմիր եռանկյուններով, որոնք խորհրդանշում են Հայաստանի 12 մայրաքաղաքները: Զինանշանի երանգը ծիրանագույն և բրոնզագույն է՝ կապույտով երիզված: Ազգային դրոշի գույները համահեղինակները կիրառել են՝ ընդգծելով դրոշի մայրաքաղաքային նշանակությունը:

                                                       ՕՐՀՆԵՐԳԸ

2004 թ. Երևանի օրհներգը պաշտոնապես դարձավ «Էրեբունի-Երևան» երգը՝ գրված Պարույր Սևակի խոսքերով և Էդգար Հովհաննիսյանի երաժշտությամբ:

                         

                        ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՎԶՆՈՑ-ԽՈՐՀՐԴԱՆԻՇԸ

Վզնոցը պատրաստվել է 2007 թ., նկարիչ՝ Ն. Գևորգյան, պատրաստող՝ Ա. Եղիազարյան: Հայաստանի 12 մայրաքաղաքների անվանատառերով վզնոց-խորհրդանիշը Երևանի նորընտիր քաղաքապետը կրում է  երդման արարողության ժամանակ: