Երևան քաղաքի պատմության թանգարան
Երևանյան խճանկար
Կարա Բալայի արձանը

Հին Երևանում կային սովորական, ոչնչով աչքի չընկնող մարդիկ, ովքեր իրենց ներկայությամբ կենդանություն էին տալիս մեր հին  ու բարի քաղաքին՝ դառնալով նրա աղը,  համն ու հոտը: Նրանցից մեկը Կարա-Բալան էր, ում արձանը կանգնեցված է Աբովյան՝ նախկինում  Աստաֆյան, փողոցի վրա:

Արդյոք գիտե՞ք, թե ով էր այդ անշուք շորերով ծերունին: Նա մի ծաղկավաճառ էր, բարձրահասակ, նիհար, տարիների բեռից կռացած: Նրա սևության պատճառով էր, որ Կարա-Բալա (թարգմանաբար նշանակում է սև տղա) էին ասում: Ձախ ձեռքին պահում էր ծաղիկներով  լի զամբյուղը, իսկ աջ ձեռքով` բացի վաճառելուց , հաճախ նաև նվիրում էր:

Երբ քայլում էր Աբովյանով, զամբյուղը լիքն էր ծաղիկներով, մեկ-մեկ  էլ մի քանի կիտրոն մեջը դրած: Ամբողջ օրը ոտքի վրա էր անցկացնում: Երբեմն  էլ գնում էր գինետնից  գինետուն, սեղանից սեղան էր անցնում , իսկ երբ գեղեցիկ կին էր տեսնում,  ինչ-որ խոսքեր էր փնթփնթում քթի տակ և մի ծաղիկ նվիրում: Երբ գինի էին  հյուրասիրում, վերցնում  էր, միանգամից  խմում անխոս, քստքստացնելով մոտենում էր մյուս սեղանին, հանում  իր զամբյուղից կիտրոնը և  սեղանին դնելով՝ասում.<< Անուշ արեք խմիչքից հետո…>>:

Պատմում են, որ  մի օր էլ Չարենցը նրանից գնում է ամբողջ ծաղիկները և խնդրում  երեկոյան տանել  թատրոն, որտեղ դերասանուհի Արուս Ոսկանյանը նշում է իր ծննդյան օրը: Նշված ժամին Կարա-Բալան ծաղիկներով գնում է թատրոն: Աստիճաների մոտ նա հանկարծակի  սայթաքում է և ծաղիկները թափվում  են Արուս Ոսկանյանի ոտքերի տակ, բոլորը ծափահարում են մտածելով, որ մտածված քայլ էր ծաղկավաճառի կողմից:

Տարիների ընթացքում Երևանը ողողվեց ծաղկավաճառներով ու ծաղկի սրահներով, բայց ոչ մեկն այդպես էլ չդարձավ Կարա-Բալա:

Կարա-Բալայի բրոնզե քանդակը, որի հեղինակն է հայտնի քանդակագործ Լևոն Թոքմաջյանը, Երևանում տեղադրվել է 1996թ.-ին:


Ահաʹ այսպես, մարդը, ով եկել էր անհայտությունից, ապրեց ու դարձավ լեգենդ երևանցիների հիշողության մեջ: Այսօր էլ ոչ մեկս անտարբեր չենք անցնում Կարա-Բալայի արձանի մոտով, ոմանք լուսանկարվում են, ոմանք էլ թարմ վարդ են դնում ծաղկավաճառի ձեռքին:



Սիրելիʹ ընթերցողներ, եթե ցանկանում եք  ավելին իմանալ Կարա-Բալայի մասին, և ոչ միայն, ձեզ հորդորում ենք ընթերցել Էդուարդ Ավագյանի «Երևանա Ծռեր» պատմվածքների գիրքը: