Ագրոբիզնեսի ուսուցում
Բուսաբուծություն
Ցորենի նշանակությունը և մշակումը

   Ցորենը կարևորագույն պարենային մշակաբույս է: Ամբողջ մարդկության կեսից ավելին սնվում է ցորենով:Ցորենի հատիկը օգտագործվում է ոչ միայն հացի համար, այլ նաև ձավարի, մակարոնի ու հրուշակեղենի արտադրության մեջ: Ցորենից ստանում են սպիրտ, օսլա, դեքստրին և այլ արտադրանքներ: Ցորնեից պատրաստված հացը արժեքավոր է իր բարձր որակով, համով, սննդարարությամբ և մարսելիությամբ:

  Ցորենի թեփը պարունակում է մեծ քանակությամբ սպիտակուցներ, ճարպեր, վիտամիններ և օգտագործվում է որպես խտացրած կեր, իսկ ծղոտը՝ որպես ցամքար և կեր: Ցորենը հին մշակաբույս է: Ապացուցված է, որ հնագույն երկրագործությունը, ինչպես առաջավոր Ասիայում, այնպես էլ Հայաստանում հիմնված է եղել ցրոենի և գարու ցանքերի վրա:

   Ցորենի տեսակները: Ցորենը հանդես է գալիս մեծ բազմազանությամբ: Ցորենի ցեղի տեսակային կազմի վերաբերյալ գիտնականների մեջ կան տարակարծիքներ: Ցորենի կարևոր տեսակներն են.
1.Փափուկ ցորեն: Փափուկ ցորենը երկրագնդի վրա մշակվող ցորնեի հիմնական տեսակն է: Մշակվում է աշխարհի ամբողջ տարածքում: Ցորենի մնացած տեսակները միասին վերցված անհամեմատ ավելի քիչ տեղ են զբաղեցնում, քան փափուկ ցորենը: Այս տեսակը չափազանք բազմազան է: Փափուկ ցորենը հանդես է գալիս աշնանացան և գաևնանացան ձևերով: Ջերմության նկատմամբ տարբեր սորտեր տարբեր պահանջներ ունեն:

   Փափուկ ցորենը կազմված է բավականին շատ էկոլոգիական խմբերից, խիստ բազմազան ձևեր ունեցող տեսակ է: Հայտնի են նրա քիստավոր, կիսաքիստավոր և անքիստ ձևերը, որոնք իրարից տարբերվում են նաև հասկի խտությամբ, գույնով, թավոտությամբ, հատիկի խոշորությամբ և գույնով, սպիտակուցային նյութերի պարունակությամբ, վեգետացիայի տևողությամբ և այլն:

2.Կարծր ցորեն: Փափուկ ցորենից հետո իր տարածվածության աստիճանով կարծր ցորենը զբաղեցնում է երկրորդ տեղը: Կարծր ցորենը չունի ձմեռադմացկուն և չորադիմացկուն ձևեր: Այն ավելի դիմացկուն է հիվանդությունների նկատմամբ քան փափուկ ցորենը: Կարծր ցորենից ստացված ալյուրը հիմնականում օգտագործվում է մակարոնի արտադրության մեջ:

4.Կովկասյան ցորեն: Այս տեսակը մի շարք հատկանիշներով նման է փափուկ ցորենին: Հասկը կոտրվող չէ, քիստավոր է: Մնացած բոլոր տեսակներից տարբերվում է նրանով, որ քիստեր են տալիս ոչ միայն ծաղկային, այլև հասկիկային թոփուկները: Կովկասյան ցորենը գարնանացան է, չունի աշնանացան ձևեր: Սնկային հիվանդությունների ժամանակ բավականին դիմացկուն է:

5.Հաճար: Հաճարի մշակումը հայտնի է եղել դեռևս մեր թվարկությունից 4000 տարի առաջ: Հաճարի հասկի առանցքը կոտրվող է, սովորական ձևով կալսելիս կամ փշրելիս հատիկներն հասկիկներից չեն անջատվում: Հասկը հիմվականում քիստավոր է: հաճարը հիմնականում գարնանացան է: Չորադիմացկուն է, տոթադիմացկուն, քան փափուկ ցորենը: Ունի սահմանափակ թվով տեսակներ: Հայաստանում տարածված են կարմրահասկ և սպիտակահասկ տարատեսակները, որոնք գարնանացան են: 

Աշնանացան ցորեն

Աշնանացան ցորենի բերքատվությունը գարնանացան ցորենի համեմատությամբ ավելի բարձր է և ավելի կայուն, որը պայմանավորված է նրա կենսաբանական առանձնահատկություններով: Աշնանացան ցորենը մինչև ձմեռ կարողանում է ստեղծել հզոր արմատային համակարգ և թփակալել, որը տալիս է ցորենին զգալի հնարավորություն օգտվելու համար աշնանային նպաստավոր պայմաններից:

Աշնանացան ցորենի կենսաբանական առանձնահատկությունները:

Ապացուցված է, որ ցորենի բնականոն հասունացած և չվնասված հատիկները չոր պահեստներում կարելի է պահել երկար ժամանակ: 

Ցորենի հատիկի ծլունակության պահպանման տևողությունը կախված է օդի խոնավությունից: Որքան օդի խոնավությունը բարձր է, այնքան հատիկը շուտ է կորցնում ծլունակությունը:

Աշնանացան ցորենը նաև շատ արագ է հողից կլանում ջուրը, որը մեծ չափով կախված է հողի խոնավությունից: Որքան հողը խոնավությամբ ապահովված է, այնքան աշնանացան ցորենի հատիկը ջուր կլանում և շուտ է ծլում:

Բոլոր դեպքերում, երբ հողի խոնավությունը քիչ է, աշնանացան ցորենի ծլումը 10-15 օրով ուշանում է, իսկ երբ հատիկի շրջապատում հողը չոր է, ծլումը տեղի է ունենում միայն առատ անձրևից հետո:

Ցրտահարումը: 

Աշնանացան ցորենի փչացման ու կործանման ամենատարածված պատճառներից մեկն է: Երկարատև սառնամանիքների ազդեցության տակ բույսերի բջիջներում և միջբջիջային տարածություններում առաջանում են սառցե բյուրեղներ, որի հետևանքով պրոտոպլազմում ջուրը պակասում է: Պրոտոպլազման որոշ քանակությամբ ջուր կորցնելու արդյունքում անվերադարձ կերպով մակարդվում է: Պրոտոպլազմի մակարդման և նուրբ կառուցվածքի խախտման հետևանքով հյուսվածքները մահանում են:

Աշնանացան ցորենի պարարտացումը:

Աշնանացան ցորենը պահանջկոտ է հողի բերրիության և զգայուն պարարտանյութերի նկատմամբ: Ֆոսֆորական պարարտանյութերը բարձրացնում են աշնանացան ցորենի հատիկի դաշտային ծլունակությունը, ուժեղացնում են բույսերի թփակալումը, ձմեռադիմացկունությունը, դիմացկուն են դարձնում նրանց հիվանդությունների նկատմամբ, լավացնում են հատիկի քիմիական բաղադրությունը:

Ֆոսֆորը նպաստում է ծիլերի հավասարաչափ հողի երես դուս գալուն, արագացնում է ցորենի հասունացումը և կրճատում է վեգետացիայի տևողությունը, որի նշանակությունը լեռնային շրջաններում շատ մեծ է:

Հողի մշակումը;

Աշնանացան ցորենը շատ զգայուն է վարի խորության նկատմամբ: Վարելաշերտի խորացումը պետք է կատարել աշնանացանի համար նախորդ հանդիսացող մշակաբույսի հիմնական վարը կատարելիս, միաժամանակ հող մտցնելով բարձր նորմաներով օրգանական պարարտանյութ: Սակավազոր հողերում վարելաշերտի խորացումը կատարվում է ենթավարելաշերտը հողխորացուցիչներով փխրեցնելու միջոցով: Հողի ճիշտ նախապատրաստւմը մեծ չափով ազդում է աշնանացան ցորենի բերքատվության վրա: Աշնանացան ցորենի հողի նախապատրաստումը կախցած է նախորդ մշակաբույսի առանձնահատկություններից: 

Խոզանի երեսվարը կատարվում է թևավոր կամ սկավառակավոր երեսվարիչների միջոցով՝ 7-8 սմ խորությամբ: Երեսվարի խորությունը և երեսվարի տեսակը կախված է հողի խոնավությունից, ինչպես նաև նրանից, թե այդ դաշտում մոլախոտերի որ խումբն է շատ տարածված: Այսպես, օրինակ, եթե դաշտում տարածված են գերազանցապես կոճղարմատավոր մոլախոտերը, ապա երեսվարը պետք է կատարվի մինչև 8-12սմ խորությամբ՝ սկավառակավոր երեսվարիչների միջոցով: Եթե հողը շատ չոր  է, խոզանի երեսվար կատարել պետք չէ: 

Խոզանի երեսվար կատարած դաշտում անհրաժեսշտ է 2-3 շաբաթ անց, երբ ծլել են մոլախոտերը. գոմաղբով պարարտացնլ, կատարել խոր վար և առանց փոցխելու թողնել մինչև գարուն:

Գարնանը դաշտ դուրս գալուն պես խոնավության անտեղի գոլորշիացումը կանխելու համար անհրաժեշտ է դաշտը փոցխել: Ելնելով դաշտի մոլախոտվածության աստիճանից, մինչև աշնան ցանքը կատարում են ցելադաշտի մի քանի մակերեսային մշակումներ:

Չոր պայմաններում հողում խոնավությունը պահպանելու նպատակով ամառվա ամիսներին ցելի մշակումը չի կարելի կատարել թևեր ունեցող գործիքնեով: Բացի այդ, փխրեցումների խորությունը պետք է հաջորդաբար պակասեցնել:

Ցելադաշտում ամառային վերջին մակերեսային փխրեցումները կարելի է փոխարինել հերբիցիդներով:

Ցելահողամասերի վերջին նախացանքային մշակումը կատարում են ցանքից 4-6 օր առաջ: