Ագրոբիզնեսի ուսուցում
Խաղողագերծություն
Խաղողագործության պատմությունը և նշանակությունը

   Խաղողագործությունն ու գինեգործությունը Հայաստանի տնտեսական գործունեության, թերևս, ամենահին ճյուղերից են: Հնագույն ժամանակներից մինչ օրս գյուղատնտեսությունը, և մասնավորապես` խաղողագործությունն ու գինեգործությունը, էական դեր են խաղացել Հայաստանի տնտեսության ձևավորման գործում և հայ ժողովրդի գոյատևման կարևոր միջոց են հանդիսացել:

  Խաղողագործությունը ուսումնասիրում է խաղողի վազի աճի և բերքատվության առանձնահատկությունները, նրա պահանջները միջավայրի և մշակության պայմանների նկատմամբ, ինչպես նաև խաղողի վազի կենսաբանական հատկությունները և հատկանիշները:

       Խաղողագործությունը Հայկական լեռնաշխարհում զարգացել է դեռևս վաղ անցյալում։ Հայաստանում խաղողի որթի բազմաթիվ վայրի տեսակներ փոխանցվել հնուց, որի մասին են վկայում ասորական և ուրարտական աղբյուրները, Կարմիր բլուրի պեղումներից հայտնաբերված մառանները, բազմաթիվ կարասներ, գինեգործական պարագաներ և այլն։ Պեղածո ածխացած սերմերը վկայում են խաղողի այժմյան որոշ տեսակների (Ոսկեհատ, Գառան դմակ, Մսխալի, Արարատի և այլն) տեղական ծագումը։ Հայկական մանրանկարչությունը, հուշարձանների վրա խաղողի քանդակները, միջնադարյան քաղաքներից հայտնաբերված նյութական մշակույթի մնացորդները, գրավոր հիշատակարաններն արժեքավոր տեղեկություններ են պարունակում միջնադարյան Հայաստանի զարգացած խաղողագործության մասին։ 2011 թվականին հնէաբանները հայտարարեցին, որ Հայաստանում հայտնաբերվել է աշխարհի ամենահին գինեգործական հնձանը, որը թվագրված է մ.թ.ա. 4000 թ.: Այն գտնվում է Վայոց Ձորի մարզում, Արենի քարանձավային համալիրում և բաղկացած է խաղողը ճզմելու համար նախատեսված քարե ավազանից և քամված հեղուկի պահեստավորման տարողություններից:

     Խաղողագործությունը տարածված էր Արարատում, Վասպուրականում, Աղձնիքում, Փոքր Հայքում, Արցախում, Սյունիքում և Հայաստանի այլ վայրերում։ 19-20-րդ դարերում որոշ գավառներում (Արցախ, Գողթն և այլն) խաղողի որթերը բարձրացվում էին մարդու հասակից վեր՝ փայտի բարակ հենասյուներով հարմարանքների վրա, որը հատուկ է բազմամյա այգիներին։

    ՀՀ-ում խաղողագործությյամբ զբաղվում են Արարատյան դաշտում, հյուսիս-արևելքում, Վայքի և Զանգեզուրի նախալեռնային գոտիներում։ Արարատյան և Վայքի գոտիներում այգիները թաղովի են, հյուսիս-արևելյան և Զանգեզուրի գոտիներում՝ չթաղվող։ Բացառությամբ հյուսիս-արևելյան գոտու որոշ այգիների՝ ՀՀ-ում խաղողի այգիները ջրովի են։